“Zhamanak” Armenian-American Political Daily

Ասք աշխարհիկ հոգեւորականի եւ ՀՀ «հոգեւոր» վարչապետի մասին

14:34 Yerevan | 10:34 GMT | Wednesday 26 March 2008

Հ.Մելիքսեթյան

Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու խնդրին:

Եթե որեէ այցով մեկնում է Հայաստանի համայնքներից մեկը, պարտադիր ցուցադրաբար այցելում է տեղի եկեղեցին, մոմ վառում, խաչակնքվում... Երեւույթն ինքնին որեւէ արտառոց բան չի պարունակում, այդպիսի պահվածք պետք է ունենա յուրաքանչյուր հավատավոր մարդ: Սակայն Սերժ Սարգսյանի մոտ, չգիտես ինչու, դա օգտագործվում է շահադիտական նպատակներով` ծառայեցվելով վերջինիս PR-ին: Շաբաթ օրն էլ Սերժ Սարգսյանը իր ազգանվանակցի` Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ այցելեց Սբ.Սարգիս եկեղեցի` մասնակցելու Զատկին նախորդող ճրագալույցի պատարագին, որը մատուցում էր առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջինս, ի դեպ, «քիփ» հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, ավելին` անթաքույց ակնածանք է տածում նրա նկատմամբ այն աստիճան, որ ժամանակ առաջ տեղի ունեցած մասսայական միջոցառումներից մեկի ժամանակ եւ առանց իր կրած վեղարի պատկառանքի աստիճանը հարգելու Սերժ Սարգսյանի գլխին էր պահել անձրեւանոցը` ընկերոջը թրջվելուց պաշտպանելու համար: Նույն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին էր վերապահված իր զգայացունց «մուտքի խոսքով» ՀՀԿ «դարակազմիկ» համագումարը բացելու պատիվը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու: «Անցյալը անցած է եւ վերադարձ չունի, անցյալով ապագա չի կարելի կառուցել. ով այդպես է մտածում, ընկել է երեւակայության գիրկը: Անցյալը պետք է հարգել, դասեր քաղել, բայց ապագան կառուցվում է ներկայով»` ահա այսպիսի քաղաքական ելույթ ունեցավ առաջնորդական փոխանորդն ու այդ պահին հարթակում նստած Սերժ Սարգսյանի ուսին թփթփացնելով` իջավ: Ի դեպ, Հարության տոնի ժամանակ էլ, երբ Կճոյանը մարգարեի կեցվածք ընդունած մոտեցավ ողջագուրվելու Սերժ Սարգսյանի հետ, վերջինս մի պահ մոռացավ հոգեւորականի հետ շփվելու ընդունված կարգն ու ակամա թփթփացրեց Կճոյանի թիկունքին: Տիգրան Սարգսյանը, սակայն, Կճոյանի հետ ողջագուրվելիս իրեն ավելի խոնարհ պահեց, հավանաբար այն պատճառով, որ դեռ չի հասցրել առանձնակի «քիփանալ» վերջինիս հետ: Ի դեպ, մի անգամ խմբագրություն էր զանգահարել մեր ընթերցողներից մեկն ու իր վրդովմունքն էր հայտնում, մոտավորապես այսպես` խնդրում եմ ձեր թերթի միջոցով փոխանցեք Հրանտ Թոխատյանին, որ անհարմար է, թող հեգեւորականի շորերը հանի ու քիչ պտտվի Սերժ Սարգսյանի շուրջը: Պարզվում է` մեր ընթերցողը Տ.Նավասարդ Կճոյանին նմանեցրել էր Հրանտ Թոխատյանին: Մանավանդ` ՀՀԿ համագումարի արտիստիկ ելույթից հետո: Մենք ցրեցինք նրա շփոթմունքը: Հ.Գ.Դեռ մինչ նախագահական ընտրությունները իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակելու ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ով այդ պաշտոնն ստանձնելու է ընդամենը երկու ամսով, որից հետո էստաֆետը, ըստ նախանշված սցենարի, փոխանցելու է Ռոբերտ Քոչարյանին: Ու քանի որ Քոչարյանի` վարչապետ նշանակվելու հավանականությունը Սերժ Սարգսյանն այս էլ երկու անգամ բացառում է (առաջին անգամ նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ` կառավարության հարցուպատասխանին հաջորդած բրիֆինգի ժամանակ, ասելով` «Ես այդպիսի ցանկություն նախագահի մոտ չեմ տեսնում», իսկ վերջին անգամ ինտերնետով ու հեռախոսով քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին պատասխանելիս` նկատելով, թե եթե այդպիսի մտադրություններ լինեին, ապա ինքն ու Քոչարյանը «ազնվորեն» կհայտարարեին այդ մասին, ինչպես ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու նորընտիր նախագահ Դ.Մեդվեդեւը), սցենարի երկրորդ արարը կարծեք ժամանակավրեպ է դառնում: Եվ հետո, եթե «միակ տղամարդը» «ազնվորեն» չի արտահայտվել իր` վարչապետ դառնալու նկրտումների մասին, եւ այդ մասին «ազնվորեն» հայտարարում է նաեւ Սերժ Սարգսյանը, ապա հետագայում Քոչարյանի վարչապետ դառնալու դեպքում Սերժ Սարգսյանը չէ, որ կմեղադրվի անազնվության եւ կամ իր` տղամարդու տված խոսքի տերը չլինելու մեջ: Պարզ է, թե ով:

Այդ է պատճառը, որ ազնիվ մղումներից ելնելով Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է «մանրից» հող նախապատրաստել Տիգրան Սարգսյանի վարչապետության համար, թեկնածու, որը իր գործի հմուտ վարպետ է, եւ որին հաջողվեց վերջին երկու տարիներին իր դիրիժորության տակ պահել դոլար-դրամ փոխարժեքի տատանումները եւ այսկերպ բալանսի բերել «տերերի» ֆինանսական դրությունը: Ուստի եւ պատահական չէ, որ ԿԲ նախագահի ոտնամուտը մեծ քաղաքականություն, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի «ձեռի տակ» աշխատելու շրջափուլ, սկսվեց հոգեւոր օջախ այցելելով, այն էլ Զատկին նախորդած ճրագալույցի տոնին եւ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ներքո: Բայց Տիգրան Սարգսյանը վարչապետ է դառնալու Տիգրան Թորոսյանից հետո, ով մի երկու ամիս պաշտոնավարելուց հետո կմեկնի որեւէ երկիր` որպես դեսպան:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.