|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի չհայտարարված նվաստացման խրոնիկա14:32 Yerevan | 10:32 GMT | Wednesday 26 March 2008Արամ Ամատունի Միանգամայն հասկանալի է, թե ինչու ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից մինչեւ հիմա, Հայաստանի քաղաքական գործիչների մի հոծ զանգված, իշխանության հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքը թողած, սկսեց քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ լուսաբացը դիմավորել ու գլուխը բարձին դնել նրան սեւացնելու, անցյալը հիշեցնելու, նրա վերադարձի վտանգավոր դրդապատճառներ բացահայտելու տքնաջան աշխատանքով: Բանն այն չէ, որ նրանք իրենց ոչ հատուկ իմաստնությամբ հասկացան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերքսանմեկյան ելույթից իսկ իշխանությունը Հայաստանում վերստին անցավ առաջին նախագահի ձեռքը, քանի որ իշխանությունը նրանն է, ում խոսքը համոզիչ է հասարակության համար, ոչ թե նրանը, ով կարող է արձակել հանցագործին ու խաչել անմեղին: Թեեւ պետք չէ բացառել, որ եթե ոչ իմաստնությամբ, ապա բնազդով գոնե նրանք հասկացան, որ իշխանության տերն այլեւս Լեւոն Տեր-Պետրոսյանն է, հետեւաբար նրան պետք է քննադատել: Եթե իմաստնությունը եղել է այդ քաղաքական պլեադայի թույլ տեղը, ապա բնազդը նրանց մոտ միշտ եղել է գերզարգացած: Մյուս կողմից, սակայն, նրանք եթե նույնիսկ ինչ-որ առումով ունեն ներքին կողմնորոշիչներ եւ խթանիչներ, միեւնույն է, դրանցով նրանք առաջնորդվում են միայն այն ժամանակ, եթե չկա արտաքին պատվեր, այսինքն` իշխանական համակարգի ցուցում: Հետեւաբար դժվար է ասել, թե արդյոք իշխանական համակարգի ցուցումո՞վ, թե՞ ինքնապահպանության բնազդով էին այդ գործիչները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից առաջ ընկղմվել էին խոր հիասթափության ու անդառնալի հուսահատության գիրկը, լծվել նրան փնովելու, ինչպես հետո պարզվեց, անիմաստ ու անարդյունք աշխատանքին: Խնդիրն այն է, որ ինքնապահպանության բնազդն էլ Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին եւ էլի շատերին ստիպում էր հանդես գալ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Չէ՞ որ նա իր վերադարձով ուղղակի ստվերեց այդ գործիչների հանրությանը: Մինչդեռ նրանք խորհրդարանական կատարելապես ձախողված ընտրություններից հետո հույս ունեին, որ գոնե նախագահական ընտրություններում իշխանություններն իրենցից մեկին անպայման կվերակենդանացնեն` արժանացնելով Սերժ Սարգսյանի «սիրելի» մրցակից լինելու պատվին: Եվ ահա գալով եւ հստակ չափորոշիչներ սահմանելով ընդդիմադիր ուժի համար` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական հմտությամբ ուղղակի միանգամից նոկդաունի ենթարկեց նախկին ընդդիմադիրներին, որոնք, ինչպես եւ իշխանությունները, անկարող եղան որեւէ քաղաքական բան հակադրել այդ մրցակցությանը, ձեռնամուխ լինելով ընդամենը բանսարկության: Շատերը գուցե զարմանան, թե իսկ ինչի համար է պետք նորից վերհիշել այդ ամենը, որը կարծես թե արդեն դարձել է պատմություն, թեեւ դեռ բավական թարմ: Բանն այն է, որ այն ուժերը, որոնք ոչ վաղ անցյալում, եւ ինչու ոչ` նաեւ այսօր, քափ ու քրտինք կտրած առիթը բաց չեն թողնում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղակի կամ անուղղակի փնովելու եւ հանրության շրջանում նրա հեղինակությանը հարվածելու համար, եթե ունենային փոքր-ինչ մտածելու եւ տրամաբանելու ունակություն, ինչը քաղաքական գործչի առաջին հատկանիշներից մեկը պետք է լինի, ապա փնովելու փոխարեն, Լեւոն Տեր-Պետրոսյանին պետք է մեծ շնորհակալություն հայտնեին: Այն, որ իրենք պետք եկան իշխանությանը, որ իրենց կրկին վերադարձրին իշխանական կերակրատաշտի մոտ, որ Արթուր Բաղդասարյանը նորից պաշտոն ունեցավ, Հեղինե Բիշարյանը` «Ռենջ Ռովեր» մեքենա, որ Արտաշես Գեղամյանը դհոլի պես դատարկությունից վերածվեց «հայրենասերի», որ Դաշնակցությունը կարողացավ ազատվել ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն քաղաքական տրանսսեքսուալությունից եւ հստակ քաղաքական սեռ ձեռք բերել` որպես իշխանություն, գրեթե բացառապես տեղի ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի շնորհիվ: Եթե չլիներ առաջին նախագահն իր գլխավորած հզոր ժողովրդական շարժման ալիքով, ապա Սերժ Սարգսյանը հիմա վաղուց արդեն այդ վերոհիշյալ քաղաքական պլեադային ուղարկել էր վաստակած թոշակի, թեկուզ միայն այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես չլինի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքականության միջոցով իշխանություններին ստիպեց, որ թեկուզ ձեւական, որ թեկուզ հասարակության շատ չնչին մասին ներգրավող, բայց այնուամենայնիվ կոալիցիա ձեւավորվի, ոչ թե միահեծան «Հանրապետական» իշխանություն: Իսկ այն, որ իշխանական պլանները հենց այդպիսին էին` վկայում էին նախընտրական հայտարարությունները, որոնցով Սերժ Սարգսյանին վերագրում էին մինչեւ 70 տոկոս ձայն, ինչը ուղիղ այնքան է, ինչքան քառակողմ կոալիցիային է վերագրվում պաշտոնապես: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առումով արդեն իսկ Հայաստանը փրկեց ֆորմալ միահեծանությունից, որին ձգտում էր «Հանրապետական» կուսակցության ամբողջ վերնախավը` տարված խորհրդարանական ընտրությունները հանգստությամբ ու անարգել մարսելու հանգամանքով: Մյուս կողմից` իհարկե վատ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական վերադարձով արհեստականորեն երկարացրեց այդ գործիչների քաղաքական կյանքը: Սակայն դա էլ թերեւս անհրաժեշտ էր նրա համար, որ այդ գործիչները հանրության համար բացահայտվեին վերջնականապես: Այդ իսկ պատճառով էր պետք, որ նրանք դեռ շարունակեին ապրել: Այլապես քաղաքական մահը հանրության աչքին կարող էր հերոսացնել նրանց, իսկ դա վտանգավոր էր այն առումով, որ այդպիսով մեծանում էր նրանց «հերոսական հարության» հնարավորությունն ինչ-որ մի ժամանակ, հատկապես երբ դրա կարիքն ունենային իշխանությունները: Չէ՞ որ, ըստ էության, նրանք այդ կոնտինգենտը ոչ թե ոչնչացնելու էին` որպես քաղաքական թափոն, այլ կոնսերվացնելու էին, անհրաժեշտ պահին նորից օգտագործելու համար: Հետեւաբար իշխանությունների համար ապահովելով նրանց կյանքը շարունակելու պարտադրվածությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ըստ էության կանխեց ապագայում այդ քաղաքական սպեկուլյանտների միջոցով հանրությանը կրկին մոլորեցնելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` նրանց քաղաքական կյանքը ապահովեց, նրանց իսկ քաղաքական մահը երաշխավորելու համար: Այնպես որ, երեւի թե նրանք չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհակալություն հայտնելու պատճառ, որովհետեւ սրանից հետո նրանց քաղաքական կյանքի, եւ միգուցե արդեն ոչ միայն քաղաքական, ապրած ամեն մի օրը նվաստություն է հասարակության եւ հայելու առաջ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |