“Zhamanak” Armenian-American Political Daily

Տեր-Պետրոսյանը հեղափոխող լիդեր է

14:29 Yerevan | 10:29 GMT | Wednesday 26 March 2008

Մարինա Բաղդագյուլյան

Տեր-Պետրոսյանը հեղափոխող լիդեր է
Երբ քեզ ատում են, դժվար է սիրելը: Երբ քեզ չեն հանդուրժում, դժվար է լռելը: Երբ քեզ ջարդում են, դժվար է փշրվելը, քանի որ հստակ զգում ես, որ մահակն ուղղված է հատկապես այն զգայարանիդ, բնազդիդ, որ քեզ օգնում է ոչխար կամ խխունջ չլինել:

Եվ երբ կատաղեցնում է քո` մարդ լինելու համար մարդավայել պայքարը, արդեն ուզում են քո մեջ ոչ թե ոչխար, այլ գազան տեսնել: Ու հաճույքով սկսում են պատմել, թե որքան զոմբիացված էր ամբոխը տաս օր ու գիշեր, հետո սարսափով ներկայացնում, թե ինչ վայրագ քայլերի է ունակ սարսափելի ամբոխը: Եվ նույն բովանդակությամբ, նույն հույզերով, ի վերջո, նույն նպատակներով խոսում ու «վերլուծում» են քաղաքագետը, հոգեբանը, սոցիոլոգը: Եվ դու սկսում ես հասկանալ, թե ինչ տգեղ է վաճառված լինելը, լավագույն դեպքում` մասնագիտության մեջ հմուտ չլինելը:

«Ամբոխը այն խումբն է, որը ղեկավար չունի, շպրտված է իր տրամադրությունների, հույզերի «առաջնորդմանը»: Մենք ունեցանք ամբոխ, երբ ժողովուրդը մնաց առանց առաջնորդի: Չկար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ժողովուրդը ամբոխի վերածվեց: Եվ ամբոխը պահանջում էր իր ղեկավարին: Այդպիսի պայմաններում ամեն մի հիմար կարող է ջարդելու, փշրելու կոչ անել, եւ դա կաշխատի», - բացատրեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Արտակարգ դրության պայմաններում, երբ բացարձակ միտումնավորությամբ փակեցին ընդդիմության խոսքը եւ սկսեցին անարգել ու անարդար սեւացնել մարդկանց, ում ուզում էին ոչխարի կամ խխունջի, հետո էլ` գազանի դերում տեսնել, կաթիլ առ կաթիլ թույն ու մաղձ են կուտակում մարդու մեջ: «Ժողովրդի մեջ արդարության զգացողություն, պահանջ կա, նույնիսկ բնազդով է արդարության կարիք զգում, - ասում է հոգեբանը, - Գողը, մարդասպանը, երբ ֆիլմ է դիտում, բռնում է զոհի կողմը, չնայած հենց ինքը գող է կամ մարդասպան: Որպես մասնագետ` շատ սխալ եմ համարում ստեղծված իրավիճակը, երբ, փաստորեն, այսպիսի պատկեր ստացվեց` այդտեղ լռեք, մենք ենք խոսում: Հոգեբանական տեսակետից սխալ է միակողմանի քննադատությունը: Թվում է` լավ է, օգուտ է տալու, բայց իրականում ավելացնում է թշնամանքը: Բարոյական առումով էլ ճիշտ չէ, թողեք խոսեն մարդիկ: Արտակարգ դրությունը չի նշանակում, որ մի կողմը պիտի խոսի, մյուս կողմը` լռի: Այս դեպքում սկսում է «նեգատիվիզմ» կոչվող երեւույթը, երբ ինչ ասեն` հակառակն են ընկալելու: Հենց արդարության զգացողության հիմքի վրա է առաջ գալիս նեգատիվիզմը»:

Սամվել Խուդոյանի համոզմամբ՝ իշխանության ռեալ պայքարն իր մեջ միշտ էլ անհանդուրժողականության տարրեր պարունակում է, եւ մենք ականատես եղանք իշխանության համար ռեալ պայքարի:

- Ի՞նչ տրամադրվածություններ կային մինչեւ ընտրությունները, նախընտրական, ընտրական, ետընտրական փուլերում եւ հիմա` արտակարգ դրության պայմաններում:

Մինչեւ ընտրությունները ժողովրդական տրամադրություններից ելնելով` թվում էր պարզ է, թե ում են ձայն տալու: Թվում էր` ամեն ինչ գնում է այնպես, ինչպես սցենարով գրված է: Բայց այն, ինչին այսօր ականատես ենք լինում, նախընտրական պայքարում արդեն զգացվում էր. հասարակության երկբեւեռվածությունը: Նախընտրական փուլում ընտրազանգվածի` մի դաշտից մյուսն անցնելու խմորումներ էին տեղի ունենում: Կողմնորոշման շրջան կարելի էր համարել ընտրական շրջանը: Ընտրություններին հաջորդած օրերին ժողովուրդը համոզվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գնալ մինչեւ վերջ, նրա մեջ ռեալ ուժ տեսավ, ինչն էլ մեծ դեր խաղաց, որպեսզի այդպիսի ահռելի քանակությամբ մարդիկ հավաքվեին: Արդեն ակնհայտ էր, որ հասարակության մեջ կա երկբեւեռվածություն` մարդիկ, ովքեր գտել են այս իշխանությունների ղեկավարությամբ ապրելու ձեւը եւ մարդիկ, ովքեր ամենեւին գոհ չեն, եւ նրանք քիչ տոկոս չեն կազմում:

- Մենք` մեր ազգը, հասարակությունը, ըմբո՞ստ է: Նորմա՞լ է լուռ հանդուրժողականությունը:

- Հայը շատ յուրահատուկ ազգ է: Պատմության ընթացքում մեկ տեսնում ես` շատ խելոք, լուռ, հանգիստ ժողովուրդ են, կարող են երկար-երկար դիմակայել, մեկ էլ տեսնում ես` հենց իրենք` առաջինը կարող են այդ բունտերը անել: Մեր ժողովուրդը դիմացկուն է, բայց` ոչ անսահման դիմացկուն: Մեր ժողովուրդն ունի հեղափոխական ջիղ:

- Իսկ մեզ անհրաժե՞շտ է ըմբոստ տեսակը:

- Իհարկե, ընդհանրապես, ցանկացած հասարակության մեջ պիտի լինեն ըմբոստներ:

- Իսկ երբ ջարդվում է այդ ըմբոստությունը, հոգեբանական ի՞նչ վիճակներ են ստեղծվում հասարակության մեջ:

- Նկատի ունեք այսօրվա վիճակը, երբ ճնշվեց պոռթկումը եւ հայտարարվեց արտակարգ դրություն: Էմոցիոնալ եւ ինֆորմացիոն լիցքը, որ կար, ուղղակի չի մարի: Կարելի է ծածկել, բայց մարել հնարավոր չէ: Նույնիսկ կարող է էլ ավելի տարածվել, եթե ծածկադմփոցի փորձ արվի:

- Ո՞րն է ելքը:

- Ելքը ռեալ երկխոսությունների մեջ է: Հասարակության մեջ, իսկապես, որոշակի բեւեռվածություն կա. հակառակ դեպքում մի կողմը միանշանակ հաղթանակ կունենար եւ ռեալ պայքար, իսկապես, տեղի չէր ունենա: Թե բեւեռները ո՞ր խավերն են ներկայացնում, այլ հարց է:

- Լիդերի կերպարում ի՞նչ հատկանիշներ ենք փնտրում եւ գնահատում:

- Ժամանակն ինքն է բերում տվյալ պահին անհրաժեշտ լիդերին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հեղափոխող լիդերի կերպար է: Ստեղծագործող բարձր պոտենցիալը եւ այլ բնութագրող հատկանիշներ այն լիդերին է բնորոշ, ով պիտի հայտնվի հենց այն ժամանակ, երբ հասարակությունը ռեալ անհրաժեշտություն է զգում որակական վերակառուցումների: Այս տիպի լիդերը կարող է մտնել եւ իր ստեղծագործական ուժով կարող է նոր կարգեր, նոր հարաբերություններ, նոր համակարգ ստեղծել: Դրան հաջորդող մեկ այլ լիդեր է պետք, ով կկարողանա կայունացնել, անշրջելի դարձնել ստեղծվածը:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.