|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բաքուն ազատ մանեւրելու հնարավորություններ է ստացել14:26 Yerevan | 10:26 GMT | Wednesday 26 March 2008Էմմա Գաբրիելյան Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքվի համար այսուհետեւ դարձել է Ադրբեջանի դիվանագիտական ձեռքբերումների մասին հավաստիացումների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային հետագա գործընթացում Ադրբեջանի համար հաճո, այն է` ընդունված բանաձեւի հիման վրա շարունակական հղումների, պահանջների ներկայացման միջոց: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս «ԴեյԱզ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՄԱԿ-ում ընդունված` ԼՂ-ին առնչվող բանաձեւին, նշել է, թե այն միջազգային հանրության կողմից ազդանշան է ուղղված Հայաստանին` վերջինիս վարած անհեռանկար քաղաքականության մասին եւ շտապ ադրբեջանական տարածքները ազատելու պահանջ է: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը համոզված է, թե Հայաստանը չի կարող մերժել, շրջանցել ՄԱԿ-ի սույն դիրքորոշումը, իսկ եթե այնուամենայնիվ որոշի այդպես վարվել, այդ դեպքում հերթական անգամ ամբողջ աշխարհին կապացուցի, թե ինչպես է «հարգում» միջազգային իրավունքը: Եվ առհասարակ, Ադրբեջանի արտգործնախարարը խոստովանում է, որ ՄԱԿ-ի քվեարկությունից հետո ադրբեջանական դիվանագիտության համար այժմ լայն հնարավորությունների դաշտ է ստեղծվել մանեւրելու համար եւ այս ուղղությամբ պաշտոնական Բաքուն ջանքեր է գործադրելու: Նույն հարցազրուցում Է.Մամեդյարովը ընդգծում է. «Հայաստանը համոզվեց, թե ինչի է ունակ ադրբեջանական դիվանագիտությունը: Չնայած սկզբնական շրջանում կիրառված ագրեսիվ ճնշումներին, որոնցով ստիպում էին Ադրբեջանին հրաժարվել բանաձեւից, այն ընդունվեց հինգը մեկի հարաբերակցությամբ», - հայտարարել է նա` ընդգծելով. «Բանաձեւը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ-ի շրջանում հայկական եւ ադրբեջանական համայքների կենսագործունեության համար նորմալ, անվտանգ եւ հավասար պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Պրահյան գործընթացում մենք այս շրջանակներից դուրս չենք եկել եւ եթե ԵԱՀԿ միջնորդները ուզում են բացահայտել բանակցությունների մանրամասները, թող անեն դա մինչեւ վերջ», - առաջարկել է Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը: ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերթական անգամ «բացահայտել է» ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյան բանակցությունների ողջ փաթեթի էությունը. «Առաջին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, երկրորդ` յոթ շրջանների վերադարաձ Ադրբեջանին եւ այդ շրջաններ փախստականների վերադարձ, երրորդ` հայկական ուժերի դուրսբերում, չորրորդ` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի ապահովում, հինգերորդ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկում, ինչը կարող է հստակեցվել փոխզիջումների հիման վրա բանակցությունների ընթացքում», - մանրամասնել է ամերիկացի միջնորդը: Հայկական կողմն էլ, ի պատասխան Բաքվից հնչող հայտարարությունների, ԼՂ-ի անկախության ճանաչման մասին է սկսել բարձրաձայնել, ինչպես բանակցային յուրաքանչյուր ռաունդի քիչ թե շատ լարված պահերին: Օրերս ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է. «ԼՂ-ն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը», ապա նկատել է, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչողներից առաջինը պետք է լինի Հայաստանը եւ խոստովանել է, որ Ադրբեջանը վերջին շաբաթներին իր գործունեությամբ հեռացնում է հարցի կարգավորումը, ձգտում է նախ կարգավորման բանակցությունների ձեւաչափը փոխել, իսկ դա նշանակում է ամբողջ գործընթացը զրոյից սկսել: Ըստ Կ.Մանոյանի` այդ դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի արդեն բանակցել ԼՂ-ի հետ. «Եթե Ադրբեջանը շարունակի իր այդ քաղաքականությունը, Հայաստանի հիմնական անելիքը կլինի ԼՂ-ի անկախության ճանաչումը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելը, որպեսզի աշխարհի մյուս երկրներն էլ ճանաչեն», - ասել է նա, սակայն ԼՂ-ի անկախությունն Ազգային ժողովում ճանաչելու վերաբերյալ, տեսակետ է հայտնել, թե «առայժմ դա բանակցությունների տրամաբանությունից չի բխում»: Սակայն պարզվում է` Հայաստանում գոյություն ունեն նաեւ ինչ-որ «վերլուծաբաններ», որոնց ուղեղներում մերթընդմերթ փայլատակումներ են լինում, սրանք արդեն ավելի «հեռու են գնացել: Մի «քաղաքագետ», օրինակ, եզրակացրել է, որ եթե Ադրբեջանի կողմից ճնշումները շարունակվեն, ապա Հայաստանը պարտավոր կլինի ճանաչել ԼՂ-ի անկախությունը` «կնքել պայմանագրեր, այդ թվում` ռազմական, գործունեություն ծավալել աշխարհի երկրների կողմից նրա անկախությունը ճանաչելու ուղղությամբ, սակայն այդ պահը դեռ հասունացած չէ. Իրանը մի քանի անգամ նման ցանկություն հայտնել է, եւ կարծում եմ` չի մերժի բանակցային գործընթացում ներգրավվելու առաջարկը», - «վերլուծել» է «քաղաքագետը»: Ինչպես ասում են` no comment: Խնդիրն այն է, թե ինչ տեսանկյունից է այս խնդրին մոտենում պաշտոնական Բաքուն եւ ինչ է դրան հակադարձում Երեւանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը պաշտոնական Բաքուն անընդմեջ թմբկահարում է, որ այն «լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, սկզբունքներին, արտահայտում է բանակցային գործընթացի ոգին եւ էությունը»: Այդ մասին անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: Ասել է թե` «փախստականների վերադարձ գրավյալ տարածքներ, հակամարտության կարգավորում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ադրբեջանի նախագահը ընդգծել էր, որ բանաձեւին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների դեմ քվեարկելը սասանել է հետագա բանակցային գործընթացի նկատմամբ վստահությունը. «Ներկա իրավիճակում ապագա բանակցային գործընթացը կախված կլինի բանակցային գործընթացում ներգրավված եւ միջնորդ երկրների միջեւ վստահության մակարդակից: Ասեմ, որ բանաձեւի դեմ քվեարկությունը չավելացրեց, այլ հակառակը` լրջորեն սասանեց այն»: Չնայած սրան, Ի.Ալիեւն այնուամենայնիվ ամրագրել էր, որ «բանակցային գործընթացի ոգին եւ այն, ինչ քննարկվում է` տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ, հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ ամենը երբեք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից չի վիճարկվել» եւ հավելել. «Եթե նրանք ցանկանում են հրապարակել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող հրապարակեն մինչեւ վերջ: Երբեք դրված չի եղել եւ չի լինի այնպիսի հարց, որ երբեւէ` 5 տարի, 10 տարի, 100 տարի հետո, լինի դա հանրաքվեի կամ ինչ-որ ժողովրդական հարցման կամ էլ որեւէ այլ ձեւով, LՂ-ն անջատվելու է Ադրբեջանից: Մենք բավարարված ենք բանաձեւի քվեարկության արդյունքներով: Այս դիրքերից չենք նահանջի ոչ մի քայլ եւ պետք է ձգտենք, որ բանակցային գործընթացը ընթանա մեզ համար դրական ուղղությամբ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՃանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիսԵրբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա... ՔաղաքականԵռաբլուր: 8 մայիսիԵրեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր... ԱշխարհԱշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |