“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոմանց համար ոչ ցանկալի անկեղծություն

14:23 Yerevan | 10:23 GMT | Wednesday 26 March 2008

Գոհար Բարսամյան

Մարտի 25-ին ռուսական մամուլի հրապարակումները անուղղակիորեն բացահայտում են, թե Ռուսաստանը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանում նախագահական ընտրությունների վրա: Այսպես` ռուսական մամուլը անդրադարձել է Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցին:

«Կոմերսանտը» «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսեց ընտրությունները» հոդվածում գրում է. «Երեկ Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի գործող եւ Հայաստանի նորընտիր նախագահները: ՌԴ նորընտիր նախագահը եւ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի մասնակցում Ռուսաստանի գործող նախագահի եւ կառավարության անդամների հանդիպմանը: Նա արդեն առաջին անգամը չէ, որ չի մասնակցում այդ հանդիպումներին: Ըստ երեւույթին` ավելի կարեւոր պետական գործեր ունի»: Սակայն հրատարակությունը նկատում է, որ Պուտին-Սարգսյան հանդիպմանը Մեդվեդեւը ներկա էր: Հրատարակության մեկնաբանը նշում է, որ բացի ընտրված լինելու կարգավիճակից` ընդհանուր ոչինչ չի նկատվել Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ռուսաստանի նորընտիր նախագահը սաստիկ կամենում է աշխատել, մինչդեռ «Հայաստանի նորընտիր նախագահը թվում է գերհոգնած` սեւացած ակնակապիճներով, որում ցավ է նկատվում, որի պատճառը հայտնի չէ: Միգուցե դա սեփական ժողովրդի դժվար ճակատագրի ցա՞վն է: Ամեն դեպքում նրա ինչ-որ տեղը ցավում է, չի կարելի բացառել, որ սիրտն է` Երեւանում ցույցը ցրելուց հետո», - գրում է թերթը:

- Հուսով եմ, որ պաշտոնավարության ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը կամրապնդվեն: Հայաստանում Ձեզ ճանաչում եւ հարգում են, - ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին:

«Կոմերսանտը» հարց է առաջ քաշում, թե այնքան էլ հասկանալի չէ, թե Դմիտրի Մեդվեդեւին Հայաստանում որտեղի՞ց են ճանաչում: «Այնպես որ, խոսք կարող էր գնալ նրանց նախաճաշի մասին», - գրում է Կոմերսանտը: Մոտավորապես 1 ժամ անց Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ` իր երախտագիտությունը հայտնելով այն ամենի համար, որ նա նախագահական ընտրություններում արել է Սերժ Սարգսյանի հաղթանակի համար: «Մենք միշտ նկատել ենք Ձեր օգնությունը: Եվ կարող եմ ասել, որ մենք երբեք չենք զգացել այդօրինակ միանշանակ մոտեցում»: Վլադիմիր Պուտինը հազիվ թե ուրախանար այդ անկեղծ խոստովանության համար` մեկնաբանում է թերթը: Մյուս կողմից` ընտրված նախագահը կամենում էր հավանաբար իր վրայից հանել ժողովրդի ընտրության պատասխանատվության բաժինը: «Կոմերսանտն» իր մեկ այլ հրապարակման մեջ, որը կրում է «Երեւանում հանրահավաքների արգելքը պահպանվում է» վերնագիրը, գրում է, որ թեպետ անցյալ ուրբաթ Երեւանում չեղյալ է համարվել արտակարգ դրությունը, սակայն հանրահավաքները դեռեւս արգելված են, քանի որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե դրանք «կարող են անվտանգ չլինել»: Այդուհետ թերթը տեղեկացնում է, որ սգո երթը ցրելուց մեկ օր անց` միջազգային հանրության ճնշման ներքո երկրի իշխանությունները համաձայնություն են տվել ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի փորձագետներին` Երեւանում ողբերգական իրադարձությունների հետաքննությանը մասնակցելու համար: Միեւնույն ժամանակ ընդդիմադիրները ներկայացնում են, որ շարունակվում են ձերբակալությունները: «Կոմերսանտը» վկայաբերում է դատախազության տվյալները` 106 մարդու ձերբակալություն: Մինչդեռ Հելսինկյան հայկական քաղաքացիական կոմիտեի նախագահ Միքայել Դանիելյանի վկայությամբ` այդ թիվը հասնում է 133-ի: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ակտիվիստներից մեկը` Արմեն Խաչատրյանը, ով համակարգում է կալանավորվածների եւ ձերբակալվածների գործերը, երեկ հայտարարել է, որ միայն նախորդ մեկ շաբաթվա ընթացքում բերման են ենթարկվել ընդդիմության 200 կողմնակիցներ: «Կոմերսանտի» դիտարկմամբ` երկրի անկայունության պայմաններում իշխանությունը փորձում է իր դիրքերը ամրապնդել կոալիցիայի ստեղծմամբ: Մեկնաբանը կոալիցիայի կազմում հատուկ ընդգծում է «Օրինաց երկրին» եւ «Դաշնակցությանը», որոնք նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմադիր էին, նախագահական ընտրություններից հետո խոսում էին կեղծիքների եւ խախտումների մասին: «Սակայն վերջնարդյունքում` նրանք ոչ միայն չմիացան պարոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, այլ շրջանցելով ընդդիմությանը` անցան իշխանության կողմը», - եզրահանգում է մեկնաբանը: Նույն խնդիրներին է անդրադառնում նաեւ Euronews էլեկտրոնային թերթը. Հայաստանը եւ Ռուսաստանը առաջիկայում եւս կվարեն ընդլայնման եւ երկկողմ համագործակցության քաղաքականություն: Դա հաստատել են նորընտիր նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Թերթը նշում է, որ Սարգսյանը հանդիպել է նաեւ հեռացող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ դիտարկել հարցերի լայն շրջանակ: Շնորհավորելով Սերժ Սարգսյանին` նախագահ ընտրվելու կապակցությամբ, Պուտինն ասել է. «Ես գիտեմ, որ Հայաստանում քաղաքական գործընթացները պարզ չեն ընթանում: Սակայն մենք հուսով ենք, որ ինչպես էլ զարգանա ներքին գործընթացը` այն, ինչի վրա աշխատել են վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը, կպահպանվի»: «The Moscow Times» հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 1 բիլիոն դոլար եւ 2 պետությունների առեւտրական շրջանառությունը կազմում է 800 միլիոն եւ մոտ ապագայում ներդրումները կավելանա եւս 1 բիլիոն դոլարով: Չնայած 2 երկրների միջեւ բարեկամության երաշխիքներին` «Գազպրոմը» շուտով Հայաստանի համար կբարձրացնի գազի գները, ի դեպ` այժմ Հայաստանը հազար խորանարդ մետրի դիմաց վճարում է 110 դոլար: Այնպես որ` յուրաքանչյուր անկեղծ բարեկամություն եւս ունի իր գինը: Թե ինչո՞վ կվճարի Հայաստանը այդ բարեկամության դիմաց` ապագան ցույց կտա:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.