|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քաղաքական սնանկություն` պատմության ծանրաչափով կամ Հրապարակի տարեգրություն14:19 Yerevan | 10:19 GMT | Wednesday 26 March 2008Գոհար Սիմոնյան Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու հիմա` Ազատության հրապարակը «նարկոմանների, թափթփուկների անդեմ զանգված» ներկայացնելու այս օրերին, այս զրույցը հրապարակի տարեգրության չափ է կարեւորվում... Սկիզբը՝ նախորդ համարում
-Կարծում եք մտածելը եւ վերլուծելը միայն իրավու՞նք է: Ես դա նաեւ իբր լինելության ապացույց գիտեի: Ասված է, չէ՞` մտածում եմ, ուրեմն, կամ... - Այո, եւ ինչպիսի իրավունք: Այն է, ինչ հռչակվել է խոսքի ազատություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական ծրագիրը վերնագրեց «Հանդարտ խոհեր», եւ ընդդիմություն, իշխանամետ մամուլ ու եթեր քահ-քահ խնդաց, ոմանք էլ մտածեցին` ռոմանտիկ մտավորական է: Ծաղրն ընտրապայքարի զենք կարող է լինել, քաղաքական սնանկությունը թույլ չի տալիս սահմանը տեսնել. չտեսան, որ ծաղրվում է մտածելու իրավունքը, եթե ոչ վերլուծելու: Ընդդիմությունը չէ՞ր տեսել, որ խոսքի ազատություն հայտարարած երկրում բացառվում էր մտածելու ոչ միայն իրավունքը, այլեւ կարողությունն ու Ձեր նշած պատասխանատվությունը: Եթեր-մամուլը չգիտե՞ր, որ իրենցից է խլված ճիշտ տեղեկատվության իրավունքը: Տաս տարի խաղացել էին եւ պիտի խաղային: Ի՞նչ է ընտրությունը. մտածել-վերլուծել-ընտրելու իրավունք: Մտածել-վերլուծելը կարողություն է, բայց եթե միայն կարողություն լիներ, ընտրությունը մասնագետ վերլուծաբանի իրավունք լիներ, եւ կընտրեին վերլուծաբանները: Ժողովրդի իրավունքն էր: Հռչակվել էր դրսի առջեւ պարտավորվածություն վերցնելու եւ եվրոպական չափանիշներ որդեգրելու մակարդակում միայն: Հրապարակը ելավ ինքն իր առջեւ ստանձնելու մակարդակում, ինչն էլ ապացույց էր իշխանության, ընդդիմության, լրատվության քաղաքական սնանկության: Այս սնանկության վրա էր թերեւս դրել խաղաքարտը Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ «Հանդարտ խոհերն» անորսալի ակնարկեց. ինձ` իբրեւ ընտրվող, ձեզ` ընտրող, տրված է տիրող իրադրության, ազգի, երկրի մասին մտորելու եւ վերլուծելու իրավունք: Եվ միտինգները դարձան բազմամարդ: Մի բառը կարող է խոսքի ազատության եւ ժողովրդավարության առավելն հավաստել, քան բոլոր փաստաթղթերը: Ակնհայտ դիտանկյունը սա է, անտեսանելի դիտանկյունը խորքում է: Մտածել-վերլուծելը միայն իրավունք չէ, որոշ ուղղվածության կարողություն է: Որպեսզի հավաքականությունը գիտակցվի նուրբ ուժ` այսօրը պետք է պատմություն գիտակցվի, ոչ թե այսօրվա իրականություն: Տաս տարվա քաղաքական մեծագույն սնանկությունն էր, երբ քաղաքական հոսանքներ-հոսքերը չթողին, որ այս գիտակցությունը դառնա ժողովրդինը: Կարեւորագույն պատմական փաստը` անկախությունը եւ ազատագրական պայքարը երբեմն կոչում են ձեռքբերում: Գուցե միտումնավոր: Այսքանով էլ ժողովրդի գիտակցման մեջ պատմականը փոխվեց օրվա իրականության: Առօրյա իրականությունն ինքնին պատրաստ չէ իր հավաքականությունը գիտակցել: Այսօրը տալիս է դրա ապացույցը: Քաղաքական սնանկության պատճառը եւ ապացույցը դառնում է մանրոն, եթերն ու մամուլը լցվում է Լեւոն Տեր-Պետրոսյան անձի նվաստ վերլուծականներով, կնվաստանա մինչեւ ժողովրդի համար հատուկ եփած կերակուր, թե եթե այսքան չհայհոյեին առաջին նախագահին, նրա գինն այսքան չէր բարձրանա, ասինքն` այս հրապարակի հավաքականությունը կներկայացվի ինտրիգ որոնող ամբոխ: Գիտակցված թե ոչ` նուրբ ուժը դնել ցածրորակ վերլուծականների կոշտ ուժի դիմաց, քաղաքական սնանկություն չէ, ինքնակործան իրականություն է` ներկա եւ ապագա տարտամ կայունության կերպարով: Եվ այն դեպքում, երբ հրապարակում արդեն գիտակցվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ համակիրների խնդիրը չէ, այլ անհատ չորոնող եւ իր հավաքականության իրավունքը փաստող ինքնակայացման խնդիր է դրված օրվա հարթակում եւ նշանավորում է պատմական նոր շրջափուլի սկզբնավորում: Առօրեական իրականությունն օրերի շարան է, երբեք փուլ չի ենթադրում: Կայունության պատրանքի վտանգը սա է, եւ վտանգի զգացումն է հավաքել բազմությունը: Հրապարակն ատում է եւ սոցիալական առաջընթացը, եւ կայունությունը` աշխատավարձ-թոշակի տոկոսային վերելքի կերպարանքով: Պատմական սնանկություն է ետ չնայել. ռազմի հզորագույն պետություն է փլվում, եթե դնում է միայն սոցիալական միջինացման խնդիր, իսկ մտավոր եւ հոգեւոր ուժն ինքն իրեն է ինքնահաստատվում: Խորհրդային կարգերի փլուզումը կազմակերպողը հենց մտավոր եւ հոգեւոր անկասելի ուժն էր: Քսան տարի եւս սպասվում էր հիմնիվեր փոփոխություն: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց իշխանական բուրգով ավազակապետությունը կազմաքանդելու խնդիրը, սպասումն ուժգնացավ, միտինգն օրեցօր խտացավ, եւ նախկին նախագահը երեւաց վերջին միջոց: Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղաքարտը դրեց իր` իբրեւ միջոց, քայլի վրա, միտինգում հայտարարեց, որ ինքը գործիք է, իրեն պետք է օգտագործեն իբրեւ գործիք եւ հնարավորություն տան նախագահելու երեք տարով: Ընդդիմությունը, իշխանական մամուլ-եթերը հասավ գրոտեսկի` խաղարկելով գործիք բառը: Քաղաքական սնանկության քայլերը վեր ելնող սոցիալական սանդղակի ցուցադրությունից այն կողմ չէր անցնելու. եթերի լրատվությունը փողոցում կճարեր սարսափած մարդիկ, թե Լեւոնը կգա, էլի կլինի մութ ու սով, այսինքն` կքանդի հազիվ ձեռք բերած կայունությունը: Անհատների այս բազմությունը նույնպես իրողություն է, որքան օրինաչափ, նույնքան պատճառաբանված է: Ճիշտ այնքանով, որքանով սոցիալականն է առաջնահերթություն աղքատության եզրին հայտնված երկրի պարագայում, նույնքան օրվա իրականության նյութականությունն է պատճառաբանված: - Այսինքն` քաղաքական սնանկության ապացույցը ԶԼՄ-ներն ու հատկապես եթե՞րն է, որ խորացնում է սնանկության պատճառներն ու սվաղում իրական վտանգը` «պահանջված կայունության դիրքերից»... - Քաղաքական հանցանք է պատմական իրականության գինը միտումնավոր իջեցնել առօրյա իրականության մակարդակի: Եվ հրապարակն այդ գինն է ատում: Հանուն վաղվա պատմության կերազեի, որ որեւէ ամսագիր մի քանի համար նվիրեր հրապարակի մտորում-վերլուծականներին: Անկայունության օրեր կան, որ կայունության տարիներն արժեն: Ըմբոստությունը, ընդվզում-պոռթկումը վախեցնում է հենց անկայունության դեմքով: Իշխանությունը սա գոնե լավ գիտե եւ սրանով էլ ընտրարշավը տարավ ոչ միայն կայունության դիմակի տակ, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտարարեց խռովարար, իսկ ընդդիմությունը փաստեց, որ քանդելը նրա տարերքն է եղել: Հրապարակն արհամարհեց ընդդիմության` ինքն իր վրա փլվող, կազմալուծվող, տարտամ տեսակը, ընդունեց իր խռովարար տեսակը` Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարով: Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղաքարտը դրել էր հենց դրա վրա եւ շահեց. ընդդիմության տարբեր կուսակցություններից կուսակցականները միացան հրապարակին, ելան հարթակ: Ընդդիմության ջլատման ավարտն էր: Իշխանությունն ինքնահաստատվեց ինքնակեղծիքի մեջ: Եթե ասվի, թե առաջնորդը մարդ է, մարդկային նկարագիր է, կասեն` քաղաքականությունը նկարագրի հետ կապ չունի: Քաղաքական սնանկությունն էլ սահման չունի: Իշխանությունը հեռվում աստղագուշակ կվարձի, բախտացույց հորինել կտա. Այծեղջյուրի նշանի տակ ծնվածներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին կկարգի ավերի չարագույժ` երկրաշարժից-պատերազմ: Ազատագրական պայքարը կավարտվի հաղթանակով, եւ երկու պետություն` լիակատար ու ինքնավար, կհայտարարվեն անկախ պետականություն, աստղերը ցույց չեն տա: Գրված պատմությունը կկեղծվի` հանուն այսօրվա իշխանության: Օրվա հայելու մեջ պետությունը կներկայանա իշխանավորի դեմքով, եւ ժողովուրդը կատի այդ դեմքը` անգամ լուսանկարի տեսքով, մանավանդ` իննը թեկնածուից իշխանականի միակ լուսանկարը դառնում էր մերժման փաստված դեմք: Լրատվություն-ընտրագովազդ միադիմությունը քաղաքական սնանկություն է. իշխանությունը չի կարող չիմանալ, որ եթե մերժումն ատելություն է ներկայացնում, ինքն է ծնում ատելություն` իր մեկ դեմքի բազմապատիկ դրսեւորումներով: Լրատվությունը փողոցում ճարում է անհատներ, խոսում են պետության կարգ ու կանոնին ենթարկվելու լեզվով: Իրավունքդ չէ այդ մարդկանց չհարգես. նվաճված պետականության գինը դաժան լինելու չափ ծանր էր: Իշխանությունը ժողովրդին կհանի ժողովրդի դեմ, նաեւ կբացառի պետության եւ ժողովրդի համար «սեփական մտահոգությունը»: Սա քաղաքական սնանկություն էլ չէ, բռնապետական իրականություն է, որ լավ գիտակցում էր հրապարակը եւ ատում էր: Քսանամյա իրականությունն էր ընտրում հանդիպակաց գուշակ. հրապարակը դառնում էր համոզմունք, որ ժամանակը դնում է պահանջ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալիս է: Գալիս է իբրեւ կանչված, եւ ժողովուրդը լսում է ժամանակի կանչը: Լրատվությունը սերտած ասում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանատենչ է: Հրապարակը փաստում է` ժողովուրդն առաջնորդատենչ է: Երկուսն էլ կհայտարարվեն կարգազանց: Հրապարակում արդեն ամեն մեկն իշխանատենչ է, երազում է իշխանություն, որ մաքրի իր իմացած փոքր միջավայրը ծախված ու ծախող չինովնիկից, պաշտոնապաշտից, դրամամոլից, ֆեոդալական շրջան մտած գործատու եւ գործավոր նվաստ հարաբերությունից: Հարթակ-հրապարակի միասնությունը փաստված է, գործից հրաժարվում են մեծապաշտոնները, միանում հրապարակին: Իշխանությունն ասում է` Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգուտակն է, նախկինում գործակից են եղել, այսօր էլ գործ է խոստացել. ստացվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի անթիվ-անհամար գերդաստան: Սա էլ իրականության սնանկությունն է, եւ փաստվում է, թե իշխանությունն է մղում որոնելու առաջնորդ: Ասվում է, թե ժողովուրդն է ծնում իրեն առաջնորդ, հրապարակն ի տես ինքն իրեն` վերածնում էր առաջնորդ: Ասվում է` ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին, հրապարակն այլ ազգի պատմական իմաստությունը մերժում է, ասում է, որ թագավորը պիտի արժանի լինի իր ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Դուք չեք միացել ինձ, ես եմ միացել ձեզ», եւ հարթակ-հրապարակում արդեն երդվում են: Սրա դիմաց ի՞նչ արժեք ուներ իշխանության կերտած իրականությունը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծականների կառույցը բառ առ բառ ընդօրինակվում էր եւ դառնում էր հակադարձելու սցենար: Ժողովուրդն այդ սցենարն էր ատում: Շարունակությունը՝ հաջորդիվ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |