“Zhamanak” Armenian-American Political Daily

Մոմավառություն Լոս Անջելեսում ի հիշատակ մարտի 1-ի զոհերի

12:21 Yerevan | 8:21 GMT | Tuesday 25 March 2008

Մարտի 21-ին, Լոս Անջելեսում, ի հիշատակ մարտի 1-ի երեւանյան զոհերի, մեր հայրենակիցները հոգեհանգստի մոմավառություն էին կազմակերպել: Ի տարբերություն հայրենի ոստիկանների, ամերիկացիները աջակցում էին իրենց համերկրացիների խաղաղ ընդվզումին: Ծեծվածներ, ձերբակալվածներ եւ ահաբեկվածներ չկան:

Սատարելով հայրենի ժողովրդին` մարտի 21-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի՝ Գլենդել, Փասադենա եւ Հոլիվուդ քաղաքներում տեղի ունեցավ սգո երթ եւ մոմավառություն:

Գլենդելի Բրանդ կենտրոնական պողոտայի մայթերի երկայնքով հիանալի եւ հուզիչ էր կազմակերպված՝ մեր ազգի նորօրյա ողբերգության լուռ ցույցը: Ցույցին մասնակցում էր հայաստանահայերի եւ հայրենիքում կատարված ահավոր դեպքերից ցնցված ամերիկահայերի մի հոծ բազմություն` ձեռքներին մոմեր, ծաղիկներ եւ քաղաքական բանտարկյալների լուսանկարներ: Ամբողջ Բրանդ պողոտայի երկայնքով սեւազգեստ տողանց էր: 8 անց 15 րոպեին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին:

Պատկառելի թվաքանակով հայորդիներ եկել էին իրենց զորակցությունը հայտնելու հայրենիքի իրենց ազգակիցներին: Ամենահուզիչ տեսարանն այն էր, որ նույնիսկ այստեղ ծնված երեխաները՝ ծաղիկը եւ մոմը ձեռքներին, իրենց ծնողների հետ միասին, սգում էին մեր անմեղ զոհված եղբայրների համար ու ցավում ծեծուջարդի ենթարկված մեր հարազատ ժողովրդի համար:

Մենք այդ խաղաղ, անկաշկանդ ցույցի ընթացքում զգացինք ու հասկացանք, թե ինչ է նշանակում ապրել ազատ երկրում. որեւէ խոչընդոտ չունեցանք քաղաքապետարանի կողմից, ոստիկանության կողմից՝ ի տարբերություն իր իսկ երկրում, մեր հայրենիքի քաղաքացու, որն անպաշտպան է ու անօգնական...

Երբ ուզենան կծեծեն, երբ ուզենան կնսեմացնեն, երբ ուզենան անօրեն կբանտարկեն, երբ ուզենան զենքը կքաշեն կսպանեն...

Ինչպիսի՜ ողբերգություն...

Ամբողջ աշխարհի չափանիշներով՝ յուրաքանչյուր երկիր Գլխավոր օրենք (Սահմանադրություն) պետք է ունենա եւ ժողովրդի շահերը պաշտպանի, եթե ոչ տեղի կունենա այն, ինչ կատարվեց Հայաստանում: Եթե օրենք չկա՛, պետություն չկա՛, եթե երկրի օրենքը անկողմնակալ չի կատարվում, ուրեմն երկիրը չի կայացել... Ուրեմն օրենքը՝ երկրի միապետների ձեռքի խաղալիքն է...

Հայաստանի միլիցիայի աշխատողները չհասկացան, որ դա միայն մոմ վառողների եւ սգո քայլարշավ կատարողների սուգը չէ, դա նաեւ իրենց սուգն է:

Հայանուն օտարները հրաման էին արձակել կրակելու՛, իրենք էլ` հլու կամակատար, կրակել էին իրենց իսկ եղբայրների ու քույրերի վրա ու ծեծուջարդի ենթարկել նրանց. ո՞վ է ավելի մեղավորը՝ հրաման արձակողը, թե՞ ի կատար ածողը: Հայ ժողովուրդը երբե՛ք ձեզ չի ներելու, ձեր եղբայրասպան, հայրենադավ արարքի համար:

Այդ հանցագործ եւ պատեհապաշտ կառավարիչներին ոչ թե արժանապատիվ, ազատաշունչ ժողովուրդ է պետք, այլ ստրկացած, ստորաքարշ, իրենց ողբերգական վիճակին համակերպված բնակչություն:

ԱՄՆ-ում ժամանակավոր ապաստանած հայերս մեր զորակցությունն ենք հայտնում հայաստանահայ մեր քույրերին ու եղբայրներին եւ երբեք չենք թողնի իրենց պայքարի մեջ միայնակ՝ մեր երկրում ապաստանած հայանուն օտարների ձեռքից բզկտվող, տառապող ժողովրդին: Հայաստանը աշխարհասփյուռ հայության եւ Հայաստանում ծնված-մեծացած ժողովրդի հայրենիքն է, ոչ թե այդ` փառամոլությունից ու նյութապաշտությունից կուրացած «վայ» իշխանավորների սեփականությունը...

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՊԱՀԵԼ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

«Արդարություն» սփյուռքահայ

մտավորական նույնախոհների

Միություն

03-23-08,

Լոս Անջելես, Կալիֆորնիա

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.