|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Այց «հերանց»11:51 Yerevan | 7:51 GMT | Tuesday 25 March 2008Մուսա Միքայելյան Կիրակի օրը ՀՀ վարչապետ, փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններում նախագահ հռչակված Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային երկօրյա այցով Մոսկվայում էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության այցի առաջին օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է մոսկվաբնակ հայ գործարարներին եւ Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ըստ հավաստի աղբյուրների` մոսկվաբնակ բազմաթիվ հայերից շատերի հետ միասին Հայաստանի վարչապետն անձամբ տնօրինում է Երեւանի կենտրոնում կառուցված եւ կառուցվող բազմաթիվ էլիտար շենքեր ու կառույցներ եւ այլ բիզնես նախագծեր եւ նրանց հետ հանդիպման հիմնական թեման եղել է այդ համագործակցության շարունակականությունն ու ապահովության երաշխիքները: Այցի հաջորդ օրը, երկուշաբթի, օրվա առաջին կեսին, Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ապա գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուսաստանցի պաշտոնակից Վիկտոր Զուբկովին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին: Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը առանձին-առանձին հանդիպումներում շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման հույս հայտնել: Ակնհայտ է, որ Ռուսաստան կատարած այցի իրական դրդապատճառներն ավելի խորքային են, կապված Հայաստանում հետընտրական զարգացումների եւ դրան հետեւած ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ եւ ԱՄՆ իշխանությունների` ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտող կոչերի եւ արդեն նշմարվող ճնշումների եւ սանկցիաների հետ, որոնք փոխլրացնելու համար պաշտոնական Երեւանը որոշել է հետեւել 2005թ. մայիսին Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղի ունեցած դեպքերից հետո Ռուսաստանից օգնության հայցով մեկնած Իսլամ Քարիմովին: Եթե Իսլամ Քարիմովին հաջողվեց իր բնական հարստության եւ բաց սահմանների միջոցով ինչ-որ կերպ հաղթահարել ներքին ճգնաժամը, ապա Հայաստանում Սերժ Սարգսյանի գործերը ոչ միայն լավանալու միտում չունեն, այլեւ ամեն ինչ սրընթաց ընթանում է գահավիժման տրամաբանությամբ: Մեր թերթի ամերիկյան մասնաճյուղի աղբյուրների համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռայսի եւ Պաշտպանության գերատեսչության ղեկավար Գեյթսի անցյալ շաբաթ Մոսկվայի բարձրաստիճան ղեկավարության հետ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւս: ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր չէ խոսել 21-րդ դարին հատուկ քաղաքակիրթ լեզվով, ուստի ԱՄՆ վարչակարգը որոշել է Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկել Երեւանի պրոտեժեների` Ռուսաստանի բարձրաստիճան իշխանությունների հետ: ԱՄՆ պետքարտուղարի եւ պաշտպանության նախարարի Հայաստանին նվիրված զրույցի հիմնական բաղադրիչը եղել է Ղարաբաղն ու մարտի սկզբին շփման գծում հրադադարի ամենալուրջ խախտման դեպքերը տասնչոս տարվա մեջ: Ըստ միջազգային փորձագետների` շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ուղղակի կապ ունեն Երեւանում մարտի 1-ից հետո մեկնարկած հետընտրական զարգացումների հետ, որոնք սաստվել են Երեւանում արտակարգ դրության հայտարարումից հետո: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Հայաստանում մտցված 20-օրյա արտակարգ դրությունը վեց ամսից մինչեւ մեկ տարի ռազմական դրության վերածելու հիմքերի առաջացման համար էլ Հայաստանի իշխանությունները սանձազերծել են սադրիչ գործողություններ սահմանային շփման գծում: Միայն միջազգային, այդ թվում Ռուսաստանի ակտիվ ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել կանխել Հայաստանի իշխանությունների եւ անձամբ Ռ.Քոչարյանի հանցագործ նախաձեռնությունը: Մարտ ամսին հայ-ադրբեջանական լարվածությանը հաջորդած ՄԱԿ-ում գրավյալ տարածքների վերաբերյալ ընդունած բանաձեւի եւ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտարարությունը առաջին ամենալուրջ հարվածներն են Հայաստանում ապօրինի իշխանություն հաստատած գործիչներին: Ի վերջո, արդեն երկու տարի շարունակ ՎՈՒԱՄ երկրները եւ այդ կազմակերպության անդամ Ադրբեջանը ՄԱԿ-ում սույն բանաձեւը անցկացնելու զուր փորձեր էին անում, եւ միայն Երեւանում մարտմեկյան զարգացումներից հետո հնարավոր եղավ բանաձեւը ընդունել տալ ՄԱԿ-ում: Ու թեեւ Մինսկի խմբի համանախագող երկրները դեմ քվեարկեցին բանաձեւին, բայց ակնհայտ է, որ այդ երկրները պաշտոնական Երեւանին ամենամեծ զգուշացնող «մեսիջն» ուղարկեցին սպասվող գործընթացների վերաբերյալ: Հայաստանի իշխանություններին այս պահին անհրաժեշտ է Ռուսաստանի քաղաքական աջակցությունը եւ իշխանությունների գործողություններին դրական գնահատական կորզելը: Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանն ամբողջությամբ պահել իր տիրույթում, որին պաշտոնական Երեւանը որեւէ այլընտրանքով չի կարող փոխարինել: Ըստ մեր ունեցած հավաստի լուրերի` Մոսկվայի առաջին պահանջն է, որպեսզի Երեւանը ետ կանչի իր զորակազմը Իրաքից, որպես Սերժ Սարգսյանի «ամենապրոարեւմտյան սխալի» ուղղում: Մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ Մոսկվայի պահանջով Կոսովոյից վերադառնան նաեւ հայ խաղաղապահները: Սրանով վերջ կդրվեն Քոչարյանի իշխանության ժամանակ պաշտոնական Երեւանի մինչ օրս ամենաճիշտ եւ ինքնուրույն քայլերը: Այս բոլոր պահանջներին Երեւանը դրական է պատասխանել: Միայն դրանից հետո Մոսկվան պատրաստ է լրջորեն խոսել Երեւանի հետ հատուկ քաղաքական գործընկերության մասին: Ըստ ռուսական մի շարք լրատվամիջոցների կանխատեսումների` Սերժ Սարգսյանը Մոսկվայում փնտրում է աջակցություն գազի եւ սպառազինության համար սահմանված ներկա զեղչերը պահպանելու հարցում: Հայտնի է, որ Ռուսաստանը որոշել է մինչեւ տարեվերջ կրկնապատկել Հայաստանին հատկացվող գազի ինքնարժեքը, ինչը Երեւանի համար կարող է կործանարար լինել: Այդպիսի զեղչից օգտվելու համար Մոսկվան պատրաստվում է Երեւանին առաջարկել անդամագրվել Ռուսաստանի հովանավորությամբ գործող ԵվրԱզԷս-ին: Ըստ ռուսական աղբյուրների` այս ամսվա ընթացքում, երբ հետընտրական սպանդին հետեւեց արտակարգ դրության հայտարարումը, որին հետեւեցին արեւմտյան երկրների եւ կառույցների դատապարտումները Երեւանի գործողություններին, նման առաջարկով հանդես է եկել նաեւ Հայաստանի ղեկավարությունը: Հայ-ռուսական նման գործընկերությունը, Մոսկվայի գնահատմամբ, շատ ժամանակին է, քանի որ ըստ «Կոմերսանտ» ռուսական պարբերականի հաղորդման, Հայաստանը աշնանը դառնալու է ՀԱՊԿ-ի նախագահող երկիր, որի մասին որոշումը կայացվել է անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում եւ միայն Հայաստանի անվերապահ աջակցությունն ունենալով Մոսկվան կկարողանա ՀԱՊԿ-ը ընթացիկ տարում որպես հակակշռող գործիք օգտագործել Ռուսաստանի հարավային եւ արեւմտյան սահմաններին օրավուր մոտեցող ՆԱՏՕ-ի դեմ: Երեւանին այս փուլում օդի պես անհրաժեշտ է ռուսական աջակցությունը: Վերջնականապես մերժված Արեւմուտքի քաղաքական եւ ֆինանսական աջակցությունից` Երեւանը լրջորեն մտահոգված է անցյալ շաբաթասկզբին Բուշ-Սահակաշվիլի հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող քննակումներից: Այդ հանդիպման հայաստանյան հատվածն առնչվում է այն քայլերին, որոնք պաշտոնական Թբիլիսին կկիրառի Հայաստանի դեմ, երբ այդ մասին նրան ասի Վաշինգտոնը: Ասել է թե` չի բացառվում, որ ապրիլին Բուխարեստում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամության թեկնածության մանդատը ստանալուց հետո, Վրաստանը սկսի Հայաստանի հետ վիզային ռեժիմ հաստատելու ընթացակարգ, ինչը նախատեսված գործընթաց է ՆԱՏՕ-ի անդամության ձգտող բոլոր երկրների համար: Որպես այդ հանդիպման հետեւանք պետք է դիտարկել նաեւ Վրաստանի իշխանությունների կողմից մարտի 1-ի դեպքերից հետո Վրաստանի տարբեր քաղաքներում ապաստանած Հայաստանի հարյուրից ավելի ընդդիմադիր գործիչների Հայաստանի իշխանություններին հանձնելու դադարեցումը: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի այցը ստացված կարելի է համարել միայն նրա գլխավորած ապօրինի ռեժիմի երկարակեցությունն ապահովելու տեսանկյունից: Հայաստանը` որպես ինքնիշխան երկիր, հետայսու ավելի ու ավելի հաշմվելու եւ գահավիժելու է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |