|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ժողովրդին կոտրել չի լինի11:47 Yerevan | 7:47 GMT | Tuesday 25 March 2008Կարինե Հարությունյան Ազատության հրապարակ: Այն դեռեւս զավթված է ոստիկանության զինված ջոկատների կողմից: Հավանաբար գործող վարչախումբը որոշել է Օպերային թատրոնում ոստիկանների ձայնալարերը մշակել, քանի որ մահակներն ու էլեկտրաշոկերն այլեւս այս ժողովրդի վրա չեն ազդում, իսկ ջունգլիներին հատուկ սարսափազդու ձայների ուղղությամբ արդեն որոշ ոստիկաններ լուրջ աշխատանք են տանում: Շաբաթ օրը Հյուսիսային պողոտայում կրկին հավաքվել էին այլեւս հոգեպես ազատագրված բյուրավոր հայեր: Նրանց բոլորին այստեղ է բերում իրենց հոգու կանչը: Ազատատենչ հոգու կանչը: Խումբ-խումբ կանգնած կանայք քննարկում էին նախորդ օրը՝ ոստիկանության իրականացրած գործողությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ: «Մենք լուռ ցույց էինք անում, ոստիկանները հրահրոցի վերածեցին: Հայրենիքը մերն է, բայց երկիրը մերը չի, որովհետեւ կերան մեզ, կեղեքեցին: Անընդհատ հարցնում էին՝ ո՞վ է ձեր ղեկավարը: Որ տանեն մի երկու օր պահեն, ծեծեն կամ էլ վրան գործ սարքեն: ...Մենք ղեկավար չունենք: Մեզանից յուրաքանչյուրը իր հերթին ղեկավար է՝ իր խղճի մտոք», - ասաց կանանցից մեկը: Մյուսը թե. «Մարտի 1-ին քրոջս 33 տարեկան տղային են սպանել: Ինքը ցուցարար էլ չի եղել: Ասում են՝ զենք չենք գործածել: Բա էդ երեխեն ո՞նց է արյունաքամ եղել: Ես դրանից զայրացած ու վրդովված եմ եկել այստեղ ու որոշել եմ արդեն միշտ գալ, տեսնեմ՝ ինչ են անելու: Մեր երեխեքին բերում են մեր դեմը շարում: Քոչարյանը եւ Սերժը ազգին հրահրում են իրար դեմ: Մենք ամեն օր էստեղ կանգնելու ենք»: Մինչ կանայք կարծիքներ էին փոխանակում, Երեւանի ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժնի պետ Աղասի Կիրակոսյանի համբերությունը սպառվեց. «Ինչի՞ եք կանգնել, գնացեք ստեղից : Զգուշացնում եմ՝ միտինգի չվերածեք»: Քիչ անց նորից մոտեցավ. «Տասը րոպե է տրվում, խնդրում եմ գնացեք, ազատեք հրապարակը , թե չէ ձեր նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ»: Աղասի Կիրակոսյանը միակը չէր նրանցից, որոնք ժամանակ առ ժամանակ մոտենում էին ժողովրդին եւ զգուշացնում, թե` այստեղ չկանգնեք: Բայց զգուշացնել էլ կա, զգուշացնել էլ: Օրինակ` ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը իրեն կոտորում էր իշխանությանը հաճոյանալու համար: Այս պարոն ոստիկանը սուսուփուս գնում-նստում էր այն նստարանին, որին նստած են մեկ-երկու տղամարդիկ ու... « Արա, վեր կացեք գնացեք ստեղից, էղա՞վ: Ես եմ ձեզ ասում, հասկացա՞ք: Գնացեք ձեր տուն, արա, չտենամ ձեզ»: Ու այսպես՝ բոլորին: Նույնիսկ երկու տղամարդու հանեց տեղից, իսկ շարքային ոստիկաններին, թե. «Քշեք սրանց, տարեք ուղիղ գժանոց»: Ժողովուրդը սկսեց քայլել դեպի ներքեւ՝ Հանրապետության հրապարակ: Բայց այս անգամ արդեն երթի պես մի բան ստացվեց: Պարտադրված երթի: Ոստիկանները առաջ էին գալիս, ժողովուրդն էլ ստիպված քայլում էր արդեն միացյալ շարքերով: Մի պահ նույնիսկ թվաց թե ժողովուրդ-ոստիկանություն միասին երթ են անում: Հայտնի զույգը թե տեսներ, վախից կարող է աթոռներից ընկներ: Ափսոս: Ըստ երեւույթին, միասնական երթի զգացողություն իրենք էլ ունեցան, քանի որ սթափվածի պես սկսեցին աշխուժանալ: Երեկոյան ժամը յոթի մոտերքն էր արդեն: Ոստիկանական մի ջոկատ արագ վազքով իջավ դեպի Հանրապետության հրապարակ: Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը հրամաններ էր արձակում. «Շուտ, մաքրելով եկեք»: Իսկ Ռոբերտ Մելքոնյանն էլ թե. «Վերեւից մաքրելով եկեք: Չեն գնում՝ ուրիշ բան ենք անելու»: ...Ժողովուրդը հասավ Արամի փողոցի անկյուն, այստեղ արդեն փակ էր: Չէին թողնում մարդիկ առաջ գնան: Մի քանի կնոջ նույնիսկ անպատվեցին ամենագռեհիկ բառերով: Րոպեներ հետո արդեն մարդիկ ցրվել էին: Իսկ կիրակի՝ Սուրբ Հարության տոնն էր: Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մեր ազիզ ոստիկանները էլի հսկում էին ժողովրդին: Ի հիասթափություն իրենց, հավատացյալ ժողովուրդը մոմ վառելու էր եկել: Ընդամենը: Մարդիկ իրենց հոգու պարտքը կատարեցին, դրսում իրենց «ջանը մի քիչ արեւին տվին» ու գնացին իրենց Զատիկը նշելու: Իսկ երեկոյան Հյուսիսային պողոտայում ժողովուրդը ամեն օրվա պես ճեմում էր: Ֆրանսիական կոմեդիային արժանի մեր հերոս-ոստիկաններն էլ Զատիկի սեղանը թողած այստեղ շարված էին: Սպասում էին: Ինչի՞: Իրենք էլ չհասկացան: Կանգնեցին-կանգնեցին, ի վերջո հեռացան: Իսկ մարդիկ դեռ մաքուր օդ էին շնչում: Եվ...երեկ: Ամեն օրվա պես: Հյուսիսային պողոտայում: Ժամը 18-ին: Ոստիկաններ` զարմանալիորեն չկային: Նույնիսկ Ազատության հրապարակն էլ էր բաց: Այնքանով, որ թեկուզ ոստիկանական մեքենաները շարված էին, բայց զբոսնելու ցանկություն ունեցողները ազատ «երթեւեկում էին»: Խելքի են եկել` մտածեցի: Բայց ինչպես միշտ, մենք ավելի բարձր կարծիքի ենք իրենց մասին, քան իրենք կան: Թումանյան փողոցում թիվ 28 եւ 83 երթուղու երթուղային տաքսիների մեջ... ոստիկաններ էին: Երեկ Հյուսիսային պողոտայից երկուսին բռնեցին, իսկ մեկին էլ նրանցից առաջ էին տարել: Մեկը հոգեւորական էր: Նրա «մեղքն» այն էր, որ հանգիստ նստարանին նստած էր: Ընդամենը: Մեկ էլ մի քանի հոգով հարձակվեցին: Քաղաքացիական հագուստով հոգեւորականը փախավ: Բռնեցին: Ուզում էր բջջայինով զանգել, չթողեցին. «Հեռախոսը ձեռքից վերցրեք»: Մի տատիկ, որ նստած էր բռնվածի կողքին, պատմեց. «Ոչ մի բան չէր անում էդ տղան, խելոք նստած էր: Ինչի՞ տարան: Չկարողացանք ազատել: Եթե իրենց թվում է, թե մեզ էսպես վախեցնում են, ուրեմն` սխալվում են: Մենք էստեղից գնացողը չենք»: Մյուս բռնվածն էլ մի ուսանող էր: Տղան պարզապես կանգնած էր: «Ո՞վ ես, ինչի՞ ես կանգնած, դու զբաղմունք չունես՞», - հարցնում էին: Մինչեւ մյուսի հետեւից վազեցի, որ տեսնեմ ուր են տանում, ուսանողին էլ բռնեցին: Երկուսին էլ նստեցրին AM 054 nu 02 պետհամարանիշի Գազելը եւ տարան անհայտ ուղղությամբ: Ուրեմն` ամեն օր այս` օրենքի ջատագովները պլան են կատարում մարդ բռնելով: Մեկն ասաց. «Դրանք հաստատ հետո կռիվ են անում, թե «ավարը» ում հաշվին գրանցեն: Սոված անկուշտ գայլերի պես մարդաորս են անում, որ կոչումները բարձրացնեն: Թու~, ես ձեր մարդ ասողի...»: Սակայն օրն այսպես չավարտվեց: Քիչ անց զինված ջոկատները շարվեցին ու առաջ եկան: Ստացվեց շաբաթ օրվա պատմությունը` միասնական երթ` ժողովուրդ-ոստիկանություն: Ժողովուրդն սկսեց վանկարկել «Լեւոն` նախագահ», «Սերժիկ հեռացիր»: Վախեցած ոստիկանները փակեցին բոլոր ճանապարհները: Ժողովուրդը մասնատվեց: «Էդ երկուսը չեն հասկանում, որ մեզ բաժանելով ավելի են իրար միացնում, ավելի են ուժեղացնում: Նրանք էդքան հասկացողություն չունեն, որ գաղափարի համար ազատության ոտքի ելած ժողովրդին կոտրել չի լինի», - ասում էին կանայք: Մարդիկ հեռացան այսօր կրկին Հյուսիսային պողոտայում հավաքվելու նպատակադրմամբ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |