|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԱՄՆ-ը սպասում է...11:44 Yerevan | 7:44 GMT | Tuesday 25 March 2008Էմմա Գաբրիելյան ...միաժամանակ Հայաստանի նկատմամբ նախազգուշական պատժամիջոցներ կիրառելով... Պաշտոնական Վաշինգտոնի օրակարգում դարձյալ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցն է, սակայն` «Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի կողմից ինչ պատասխան կլինի` Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի դադարեցման եւ պետությունը արեւմտյան ուղղությամբ տանելու հարցերին», վստահեցնում է «Ստրատֆոր»-ի փորձագետը: Եվ այսպես, «սպասողական փուլ» է. դարձյալ ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայաստանյան նախագահական ընտրությունները, ավելի ճիշտ, ընտրությունների հնարավոր ելքը` «իշխանափոխությունը», ինչպես 10 տարի առաջ` կարծես շաղկապվում են... Ի՞նչ խոստումներ կտա պաշտոնական Երեւանը, եւ արդյո՞ք այդ խոստումներին կհավատա Արեւմուտքը` ժամանակի հարց է:
Մարտի 18-ին «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի Եվրասիական տարածաշրջանի հարցերով փորձագետ Լաուրեն Գոդրիչը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձավ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունների թեմային: Նրա հարցազրույցը բավական ուշագրավ է, եւ ըստ էության, բացահայտվում է հայ-ամերիկյան ինչ-ինչ բանակցությունների, պայմանավորվածությունների հանգելու հնարավորությունը, ինչը փաստում է պաշտոնական Վաշինգտոնի սպասողական վիճակի, ամերիկյան կողմին տրվելիք եւ պաշտոնական Երեւանից ակնկալվող հստակ պատասխանների մի շրջանի առկայության մասին: Նախ պատասխանելով լրագրողի` հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության եւ հայաստանյան ներքաղաքական լարված իրադրության միջեւ զուգադիպության կասկածելիության հարցին` Լ.Գոդրիչը փաստում է, որ զինադադարի խախտման փաստը համընկել է Հայաստանի քաղաքական ճգնաժամի հետ, այնուհետեւ ԱՄՆ-ի կողմից Երեւանին ուղղված զգուշացումներ եղան պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, ամերիկյան օգնության դադարեցման մասին հայտարարություններ հնչեցին: Ընդգծելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանի շուրջը ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, փորձագետը կանխատեսել է, թե զինադադարի խախտման բազմաթիվ փաստեր կլինեն, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը տարբեր մոտեցումներ կդրսեւորեն այդ հարցում. «ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը կանեն ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտան լարվածության ուժգնացում, մասնավորապես ԱՄՆ-ը չի ցանկանա ռազմական գործողությունների վերսկսում, քանի որ լուրջ ներդրումներ է իրականացրել եւ այդ իսկ պատճառով կդիմի տարբեր հնարավոր միջոցների թույլ չտալու համար ռազմական գործողությունների վերսկսումը, այդ թվում եւ պատժամիջոցների կիրառումը, անգամ քաղաքական ճնշումների իրականացումը», - նկատում է Լ.Գոդրիչը` վստահեցնելով, որ ԱՄՆ-ը դա իրագործելու տարբեր միջոցներ ունի: «Ստրատֆոր»-ի փորձագետը այնուհետեւ տեղեկացնում է, որ զրույց է ունեցել Քոնդոլիզա Ռայսի գրասենյակում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցով, եւ այնտեղ իրեն ասել են, թե պետքարտուղարի խոսքից այս թեման հանվել է, այնուամենայնիվ ԱՄՆ-ը սկսել է մտորել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին դեռեւս 2007թ. մարտից, երբ Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքվեց Իրան-Հայաստան գազամուղի բացման պայմանագիրը: Պարզվում է` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ցանկացել է Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը 50 տոկոսից կրճատել մինչեւ 30 տոկոս: Լ.Գոդրիչը տեղեկացնում է, որ Սպիտակ տան այս մտադրությունները Երեւանին հաջողվել է չեզոքացնել Իրանի հետ հարաբերությունները որոշակիորեն վերանայելուց հետո միայն: Սակայն այժմ Հայաստանում ներքաղաքական լարվածության փաստը եւ այն, որ կողմերը սկսել են մտածել ռազմական գործողությունների վերսկսման մասին, դարձյալ օրակարգում է հայտնվել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պաշտոնական Վաշինգտոնը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ադրբեջանից ավելի աղքատ պետություն է, սա ծանրակշիռ փաստ է համարում Հայաստանի վրա ներազդելու ուղղությամբ. Հայաստանին տնտեսական օգնության դադարեցումը լուրջ հարց է` վստահեցրել է Լ.Գոդրիչը: Վերջինս կարծիք է հայտնում, որ ԱՄՆ-ը ազդեցություն է գործում նաեւ Ադրբեջանի վրա եւ նշում է, թե իր տեղեկություններով ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը վերացնելու նպատակով ցանկանում են կողմերի միջեւ հանդիպում կազմակերպել, դա կարող է տեղի ունենալ ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող օգնության նվազեցմանը, ապա Լ.Գոդրիչը հայտնում է, որ այդ հարցը դեռեւս քննարկումների փուլում է` ամերիկացիները սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն եւ դրանից հետո կամ պատժամիջոցները կկիրառվեն` օգնությունը նվազեցնելով կամ ընդհակառակը` կավելացնեն, ապա պարզաբանում է, թե ինչի մասին է խոսքը. «Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի կողմից ինչ պատասխան կլինի` Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի դադարեցման եւ պետությունը արեւմտյան ուղղությամբ տանելու հարցերին: Որքան ես տեղյակ եմ, հաջորդ ամսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, դա կարող է իրականանալ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ: Անձամբ ես ակնկալում եմ, որ այդ հանդիպումը կարեւոր ազդեցություն կունենա իրադարձությունների հետագա զարգացումների վրա: Այնուամենայնիվ, առաջիկա շաբաթներին կարող են կարեւոր իրադարձություններ տեղի ունենալ», - միտքն ամփոփել է «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի Եվրասիական տարածաշրջանի հարցերով փորձագետ Լ.Գոդրիչը: Լ.Գոդրիչի այս ուշագրավ հարցազրույցից մի քանի օր անց տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է մի քանի օտարերկրյա ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ` Իրանին աջակցելու համար: Այս մասին մարտի 22-ին հաղորդել են աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ, մասնավորապես` Newsru.com-ը, հղում կատարելով ՀըԽ-ին, տեղեկացրեց, որ պատժամիջոցների է ենթարկվում Մեծ Բրիտանիայում գրանցված` Balli Group PLC ընկերությունը եւ նրա հայկական մասնաճյուղը` Blue Airways-ը, ինչպես նաեւ ընկերության իրանական` Mahan Airways մասնաճյուղը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության` բրիտանական եւ հայկական ընկերությունները կանխամտածված վերավաճառել են Իրանին երեք ամերիկյան օդանավեր` այդկերպ խախտելով ԱՄՆ-ի արտահանման հսկողության վերաբերյալ օրենքը. այս մասին հայտնել են ԱՄՆ-ի վարչակարգի ներկայացուցիչները: Սույն փաստը, թերեւս, Միացյալ Նահանգների կողմից ստուգողական քայլ-հիշեցում է, ինչին, ըստ երեւույթին, պետք է հետեւի հայկական կողմի «պատասխանը»: Մեկ այլ նախազգուշական որոշում` ուղղված պաշտոնական Երեւանին. ԱՄՆ-ի պետդեպարտամենը (պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոփոնթեի ստորագրությամբ) մարտի 7-ին ստորագրել, մարտի 21-ին ընդունել է «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 բանաձեւի սառեցումը երկարաձգող որոշում: Հիշեցնենք, որ 907 բանաձեւը ԱՄՆ-ի Սենատը ընդունել էր 1992թ. փետրվարի 4-ին, համաձայն որի Սենատն արգելում էր կառավարական մակարդակով տնտեսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին` քանի դեռ նախագահը չի հաղորդի Սենատին, որ Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանի եւ ԼՂ-ի շրջափակումը, որ Ադրբեջանում հարգվում են հայերի, ռուսների, հրեաների եւ այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները, որ Ադրբեջանը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այսինքն` ԱՄՆ-ի Սենատը տնտեսական պատժամիջոցներ էր կիրառում Ադրբեջանի նկատմամբ: Սակայն Քոչարյանի իշխանավարումից երեք տարի անց` 2001թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ի Սենատը մեկ այլ որոշում կայացրեց` 907 բանաձեւը սառեցվեց: Արդեն այս որոշմամբ` նախագահ Ջ.Բուշը կարող էր որոշում ընդունել Ադրբեջանին ամերիկյան օգնություն հատկացնել, եթե դա անհրաժեշտ է ԱՄՆ-ի հակաահաբեկչական ջանքերի, ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի կամ կոալիցիայի` նրա գործընկերների զինված ուժերին աջակցելու, Ադրբեջանի սահմանների պաշտպանության համար: Այսինքն` 907 բանաձեւի սառեցումով ԱՄՆ-ն այլեւս չի դատապարտում Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂ-ի շրջափակումը: Իսկ մարտի 21-ին ԱՄՆ-ի վարչակարգը 907 բանաձեւի սառեցման որոշումը փաստացի երկարացրեց: Հիշեցնենք նաեւ, որ մարտի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, կարեւորել էր` «երկխոսությունը ընդդիմության հետ»: Իսկ հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները որեւէ ազդեցության լծակ ունի եւ հնարավո՞ր են, արդյոք, պատժամիջոցներ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը այսպես պատասխանեց. «Ես չեմ խոսի պատժամիջոցների մասին: Ես կխոսեմ այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանը կարգավորի իրադրությունը եւ վերադառնա ժողովրդավարական ուղի: Ցույցերը եւ անմիջապես ընտրություններից հետո ծագած խնդիրները մեկ բան են, բայց ահագնացող ճնշումները լուրջ մտահոգություն են առաջացնում»: «Մենք ողջունում ենք արտակարգ դրության վերացումը, բայց կան այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Բռնությունների կամ բռնարարքների համար ձերբակալված մարդիկ մեկ բան են, բայց մարդիկ, որոնք ձերբակալվել են կասկածելի պատճառներով, պետք է ազատ արձակվեն: Պետք է երկխոսություն լինի ընդդիմության հետ: Սա մտահոգիչ իրադրություն է Հայաստանի բոլոր բարեկամների համար», - շեշտել էր Դենիել Ֆրիդը: Նույն օրը, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հարցազրույցից ժամեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը բացատրում էր, թե ինչպես պետք է «ժողովրդավարությունը պաշտպանել ամբոխավարությունից»: Իսկ անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու սպառնալիքներին, նա նկատել էր. «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք նրան, որ այդ ծրագիրը կարող է սառեցվել: Բայց դա մե՛ր ծրագիրն է: Ծրագրի տերը մենք ենք: Մենք ունենք շատ ավելի մեծ ծրագիր՝ ուղղված մարզերի, գյուղական վայրերի զարգացմանը: Եվ «Հազարամյակի մարտահրավերները» այդ ծրագրի մի մասն է կազմում»: Որ Միացյալ Նահանգները սպասողական վիճակում է` կարելի էր եզրակացնել նաեւ մարտի 18-ին «ԺԵ»-ին տված` ամերիկահայերի շրջանում գործող «Հանուն ժողովրդավարական Հայաստանի» միավորման համանախագահ Համբիկ Սարաֆյանի հարցազրույցից: Նա տեղեկացրել էր միավորման պատվիրակության հանդիպումների մասին` ԱՄՆ-ի պետդեպարտամենտում (պետդեպի Հարավային Կովկասի եւ հակամարտությունների լուծման գրասենյակի տնօրեն Փոլ Ուոլերսի եւ Հայաստանի գրասենյակի վարիչ Քրիստիան Ռայթի հետ) եւ Կոնգրեսում: Պետդեպարտամենտի պաշտոնյաները հայաստանյան նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ արձագանքին նկատել էին, թե պետք է պարզվեն բոլոր փաստերը, չէին բացառել, որ հիմնվելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի վրա` ընտրությունների վերաբերյալ գնահատականը կարող փոխվել. պետդեպի ներկայացուցիչները նաեւ նշել էին, որ ԱՄՆ կառավարությունը չի բավարարվի միայն հայտարարություններով: Չնայած Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հորդորներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի իշխանությունները 100-ից ավելի մարդ են ձերբակալել, օրենք ընդունվեց, որը սահմանափակում է հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումների կազմակերպումը նույնիսկ արտակարգ դրության վերացումից հետո: Ավելին` արտակարգ դրության վերացումից հետո էլ Երեւանի կենտրոնը` մասնավորապես Ազատության հրապարակի շրջակայքը գտնվում է մահակներով, վահաններով զինված իրավապահների հսկողության տակ, ովքեր երրորդ-չորրորդ օրն է, ինչ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ուղղակի հետեւում եւ թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել մայրաքաղաքում: Քոչարյանը սա անվանում է` «ժողովրդավարության պաշտպանություն` ամբոխավարությունից» եւ իր որոշումներով («...պահանջելու եմ անմիջապես կիրառել այն քայլերը, որոնք բխում են օրենքից», - ասաց նա մարտի 20-ին հրավիրած ասուլիսում.- հեղ.) շարունակում է Հայաստանը կանգնեցնել նոր մարտահրավերների առջեւ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |