“Zhamanak” Armenian-American Political Daily

Քաղաքական սնանկություն` պատմության ծանրաչափով կամ Հրապարակի տարեգրություն

11:36 Yerevan | 7:36 GMT | Tuesday 25 March 2008

Գոհար Սիմոնյան

Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու հիմա` Ազատության հրապարակը «նարկոմանների, թափթփուկների անդեմ զանգված» ներկայացնելու այս օրերին, այս զրույցը հրապարակի տարեգրության չափ է կարեւորվում...

-Ձեզ հաճախ եմ տեսնում այս հրապարակում եւ «ոչ միտինգային» Ձեր տեսակը շատ լավ եմ ճանաչում: Կարո՞ղ եմ հարցնել` ինչու՞ եք գալիս. հրապարակը Ձեզ համար հատուկ իմա՞ստ ունի:

- Եթե ճանաչում եք, հուսամ, ինչուն էլ գիտեք: Եզակի լրագրող եք. իմ նմանը լրագրությանը հետաքրքիր չէ, եւ չեմ տեսնում, որ հրապարակը հարցազրույցի վայր է: Կա ինչ-որ մենք եւ չկա մենքը: Կզրուցենք` իբրեւ հրապարակի երկու զրուցակից: Իմա՞ստը: Ինչ բոլորի համար` հրապարակ եկողի եւ չեկողի: Բոլորին նման, մասնակի տարբեր: Նաեւ մասնագիտական կողմնորոշում է. ժողովրդագետ եմ, որտեղ ժողովուրդն է, այնտեղ եմ: Քաղաքական կողմնորոշման խնդիր երբեւէ չեմ ունեցել: Ով տեւաբար շփվում է ժողովրդի հետ, չի կարող օրումեջ որոշում նորոգել եւ կողմնորոշում որոնել: Գալիս եմ, տեսնեմ` ո՞վ է իմ ժողովուրդը, ում պատմությամբ եւ անհատով գիտեմ: Տեսնեմ` այս անսովոր օրերին ի՞նչ է մտածում ժողովուրդն ինքն իր մասին, ի՞նչ է խոսում: Այսօրը պատմություն գիտեմ: Գուցե նաեւ այս մասնակիով եմ տարբեր:

- Եվ ինչպե՞ս գիտեք այսօրը:

- Գուցե քիչ բան գիտեմ, բայց հաստատ գիտեմ: Այսօրը մանրամասներով է տարբեր, պատմության հենասյուները պատմությունն է դնում: Պատմության հենասյուներից է մի ճշմարտություն, թե ժողովուրդն անհատների գումար չէ, անհատականության հավաքականություն է, անհատից վեր եւ քանակից վեր գոյություն է: Սա պատմական դիտանկյուն էր, գիտելիք էր. այսօր տեսնում եմ հրապարակում եւ հարթակից սկսած: Հայտնի անհատ, անհայտ անունով անհատ` նույն ուժի ոլորտում են: Հարթակին չի թվում, որ ինքն է հավաքում բազմություն, բազմությանը չի թվում, որ եկել է այսինչին լսելու: Գալիս են եւ չեն կարող չգալ, չեն կարող դուրս մնալ ընդհանրական գոյակերպից: Ի՞նչ է լինելու վերջը, լրջորեն մտահոգ են. գալիս են, որ գոյը պահպանվի: Գալիս եմ` գոյը տեսնեմ: Ինքնահաստատ մի ուժ է շրջում գլխավերեւում. գալիս են` ուժին կարոտած, գալիս են ուժին հաղորդակցվելու: Կարոտն արբեցնող է, հրապարակն անհանգստության հետ արբեցում է շնչում: Հայը հավատավոր ժողովուրդ է, հավատը կորցրել է եւ հավատի կարոտ է: Հրապարակում այս հավատավոր հավաքականության խաղաղությունն է:

- Սա նույն հավաքականությունը, գոյն ու արբեցու՞մն է, ինչ` 88-ին:

- Ոչ: Ոչ այն պատճառով, որ քաղաքական ազդակն այլ էր` անկախություն եւ դարձյալ անկախություն: Կոշտ ուժի կայսրապետությունն ինքն իր վրա փուլ էր գալիս, եւ հայ ժողովուրդը երկու անկախություն միաժամանակ էր ուզում` Հայաստանի եւ Արցախի: Եթե ժողովուրդն ընդամենը քանակային ուժ լիներ, պահանջն առնվազն ծիծաղելի կլիներ, եթե ոչ ողբերգական: Որեւէ ազգից եւ ժամանակից անկախ գոյություն ունի հանդիպակաց նուրբ ուժ: Եվ ազգային զարթոնք ու վերելք կոչվող ամեն շրջափուլ իր հիմքում ունի անտեսանելի եւ անհաշվարկելի նուրբ ուժ, որը հաճախ է ներկայանում անհատականության հավաքականության կերպարանքով: 88-ին հավաքականությունը լուծում էր պատմականորեն ազգային, խորքային խնդիր. խնդիրը երկսայր էր` ներքին եւ արտաքին: Ներսում ինքնամաշվածքով հասարակարգ փոխելու խնդիր էր, դրսում` բռնազավթումի խնդիր: Բռնազավթածը միայն տարածք չէր, ինչպես ողջ Արեւմտյան Հայաստանն է Թուրքիայի տարածք. բնիկ հայ մի հատվածի բռնադատումն էր` որպես այլազգ: Բռնազավթում-բռնադատումն ամբողջ է. մասնատելու դեպքում` ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության իրավունքի, դարձել է ոսկոր, կանգնել է միջազգային իրավունքի կոկորդին, ըստ էության` այս երկակիության տակ կքած ազգերի կոկորդին: Ժամանակը եւ տարածությունը բացարձակ հասկացություն են, պետք է հավասար լինեին եւ բացարձակ անհավասար են: Հազարամյակներ մարդկությունը վայրկյանի ճշտությամբ կարգավորեց ժամանակը եւ մոդելը վերցրեց երկնային օրինաչափություններից: Տարածությունը չկարողացավ կանոնակարգել, երկրային է, եւ մինչեւ այսօր կանգնած է բուն հայրենիքի ու օտարի տարածապաշտության միջեւ: Այսօրը հազարամյակների վկան է: Ոչ ավելին: Այսօրը չի կարող նոր բռնկումների դաշտ չլինել, մեր արյունով մեր տարածքն ու մեզ ազատեցինք, աշխարհը դեռ մտածում է. ստացվում է, որ ազատություն-ազատագրող եւ բռնություն-բռնազավթող հավասար են, նույն իրավատերն են: Սա ոչ թե իրավական, հոգեբանական սոսկալի ծանր բեռ է, եւ հրապարակն առաջին հերթին այս բեռի առիթով է ելել ազատություն ու հայրենիք գաղափարների ինչպես դրսի, այնպես եւ ներսի շահարկումների դեմ: Ատում է եւ դրսի, եւ ներսի շահարկումը: Այս ատելության դիմաց եթե թվա, թե հրապարակը լուծում է ներքին խնդիր` ձեւախեղված պետություն, որ ներշնչում է վտանգի զգացում, ուրեմն այս երկու ծայրերը մեկտեղվել են ներսում: 88-ին վտանգի զգացումն ավելի թանձր պիտի լիներ եւ չէր: Ազգի բարձր արժեքների բարձր գիտակցությունը կերտել էր հերոսականության պահանջ, ընդհանրական ներշնչանք, հերոսի կերպար, անարյուն ստացավ անկախ պետականություն: Բացառիկ կարճ ժամանակում տեղի ունեցավ ազգի բարձր արժեքների բացառիկ անկում, սեփական պետականությունը վերածվեց իշխանական սեփականատիրական բուրգի, օրվա կենցաղային արժեքները` նյութականացված կերպարով, առուծախի առարկա դարձրին մտավոր եւ հոգեւոր դաշտը: Իշխանության քաղաքական սնանկությունն աչք ծակեց, կուտակված կորուստների ցավը կերտեց ատելության ընդհանուր միջավայր, եւ այսօր հրապարակում այլեւս չկա հերոսականության պահանջ, ուրեմն` ներշնչանք, առավել եւս` հերոս: Կա անհատ, չափում է հավաքական անհատականության ամրությունը եւ չափում է հրապարակավ` իբրեւ իր անձի իրավունք, իբրեւ անհատականության ազգային իրավունք: Եվ ամեն անհատ մտածում է, որ հաղթանակել է: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր` արդեն հաղթել ենք, հավաքականության հաղթանակը նկատի ուներ, եւ միտինգից միտինգ հաղթանակը դառնում էր անմնացորդ: Հրապարակը ներկայանում էր մեկ ամբողջ ժողովրդի կերպարով: Հավաքականության այս գոյակերպի մեջ չի լինում առաջին, տասներորդ, նախկին եւ ներկա մեծապաշտոն, հերոս եւ... հասարակ ժողովուրդ, որ կարող է կոչվել նաեւ անդեմ զանգված: Հրապարակն այս դիտանկյունով գիտակցելու բացն է կերտել քաղաքական սնանկության այն կերպարը, որ ի հայտ է գալիս այս եւ այն հայտնի դեմքին բանտարկելու կերպարանքով:

- Ուրեմն նաեւ` հավաքականության իրավունքը բռնաբարելու եւ Շարժումը կոտրելու՞ կերպարանքով...

- Ցանկացած տասներորդին, հարյուրերորդին բանտարկիր, հավաքականությունը չի երերա, հարթակից բոլորին բանտարկիր, հավաքը չի նոսրանա, կդառնա ավելի մարդաշատ: Կթվա, թե ժողովուրդը հերոսացրել է նախկին առաջնորդին եւ գնում է ետեւից: Գուցե այդպես է, բայց մասամբ. քսան տարում ժողովրդի հատվածները փնտրեցին ու ընտրեցին առաջնորդ, գնացին ետեւից, դարձրին առաջնորդ եւ մնացին ձեռնունայն` գաղափարից մինչեւ օրվա հույս: Ինչու՞ չգնա նախկին առաջնորդի ետեւից, ում օրոք երկու հաղթանակ է տարել: Պատմական այս փաստն է, որ կերտել է հավաքական գիտակցությունը: Կթվա, թե վերջին հույս է: Մասամբ. հավաքականությունը մեկ անհատի ետեւից մեծաքանակ բազմությամբ գնալու մեջ չէ: Պատմական հայացքի բացական կերտեց իշխանության եւ ընդդիմության կերպարանքով հանդես եկող քաղաքական պայքարի այն սնանկությունը, երբ պատմական փաստը բացառում էր անհատ, բայց մատուցվում էր, թե բացառում էր Լեւոն Տեր-Պետրոսյան նախկին նախագահին: 88-ը վերլուծականի կարիք, թվում է, չուներ: Այս հրապարակը տարբեր վերլուծականների առիթ է, կարելի է ենթադրել, թե իշխանության եւ ժողովրդի մեջ ի՞նչ վերլուծականներ կան եւ կլինեն: Չի բացառվում` նաեւ անտեղյակությունից բխող միամիտ վերլուծականներ, նաեւ իմը: Նախկին Միության հանրապետությունների հասարակությունը` տեղեկատվության բացակայության պատճառով, քաղաքականության մեջ, մանավանդ ներպալատական խաղերի իմաստով, փաստված անտեղյակ եւ միամիտ մարդկանց հավաքածու էր: Մեր հասարակությունն այս իմաստով նույն միամիտն է: Այսուհանդերձ, այս հրապարակում ամեն մեկն օգտվում է մտածելու եւ վերլուծելու իր իրավունքից:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.