“Zhamanak” Armenian-American Political Daily

Ռեժիմը շարունակում է գրոհը

11:34 Yerevan | 7:34 GMT | Tuesday 25 March 2008

Գագիկ Աբգարյան

Մարտի 21-ին ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության քննչական բաժնի ավագ քննիչ Արշակ Գասպարյանը որպես վկա հարցաքննության էր հրավիրել «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության աշխատակիցներ Անուշ Ղավալյանին եւ Սիրուն Դիմաքսյանին:

Սակայն տեղ հասնելուն պես քննիչը նրանց տեղեկացրել է, որ նրանք ձերբակալված են եւ հարցաքննվելու են որպես կասկածյալ: Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօր-ի 205 հոդվածի երկրորդ մասի` առանձնապես խոշոր չափով հարկեր, տուրքեր չարամտորեն թաքցնելու հատկանիշներով: Ձերբակալվելուց հետո Ղավալյանը մի գրության միջոցով տեղեկացրել է, որ «քննիչ Արշակ Գասպարյանը մինչ հարցաքննությունը սկսելը զգուշացրել է, որ եթե ինձ նորմալ դրսեւորեմ, լավ մտածեմ ու ճիշտ ցուցմունք տամ, ինձ չի ձերբակալի եւ կթողնի ազատ տուն գնամ: Երբ ես սկսեցի ցուցմունքներ տալ, նա հավանաբար հասկացավ, որ հարցաքննությունը չի ընթանում իր կողմից նախօրոք մշակված սցենարով եւ կրկին սպառնաց, որ կձերբակալի, եթե ճիշտ ցուցմունք չտամ. «Քեզ նախօրոք զգուշացրեցի, ինչի՞ ես ուզում իզուր տեղը քաղբանտարկյալ դառնալ»: Այդպես էլ, հավանաբար չհասկանալով, թե ի՞նչ «ճիշտ» ցուցմունք է ուզում կորզել իրենից քննիչը` Ղավալյանը գրում է միայն այն, ինչ գիտի, որի հետեւանքով դառնում է կասկածյալ եւ քննիչը ձերբակալման որոշում է կայացնում: Փաստաբան Գրիգորյանի պնդմամբ` նրա ձերբակալությունը անօրինական է. «Քննիչն այնքան տարված էր իր թակարդն ընկած մարդկանց ձերբակալելու ձգտումով, որ նույնիսկ ձերբակալման որոշում չի կայացրել: Ձերբակալել է միայն ձերբակալման արձանագրություն կազմելով», - ասում է նա: Սակայն անօրինականությունը այսքանով չի ավարտվում: Փաստաբանի կարծիքով` անօրինական է նաեւ Ղավալյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքն ընտրելու քննիչի որոշումը, որովհետեւ «ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը սահմանում է, որ մարդուն կարելի է ազատությունից զրկել միայն, երբ առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով: Քննիչը որեւէ ապացույց չունի Անուշի եւ Սիրունի կողմից հանցագործություն կատարելու մասին: Մեր առարկությունում մենք գրել ենք, որ ստացվում է այսպես` եթե դու աշխատում ես «Պիցցա Դի Ռոմա» ՍՊԸ-ում, ուրեմն դու հանցագործ ես: Այս կոնտեքստով առաջնորդվում է քննչական ամբողջ վարչությունը»: Ընթերցողին հիշեցնենք, որ հիշյալ կազմակերպության սրճարանների ցանցը պատկանում է ԱԺ պատգամավոր, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից Խաչատուր Սուքիասյանին: Երեկ, ժամը 12.00-ին արդեն լրացել էր Ղավալյանին ժամանակավոր մեկուսարանում պահելու օրենքով սահմանված 72 ժամը, ինչից հետո քննչական խումբը պարտավոր էր կամ ազատ արձակել, կամ մեղադրանք առաջադրել եւ ձերբակալման սանկցիայով մտնել դատարան: Բնականաբար քննիչ Ա.Գասպարյանն ընտրեց երկրորդ տարբերակը: Դատարանը դատավոր Ա.Խաչատրյանի նախագահությամբ 20-օրյա կալանքի ժամկետ սահմանեց Ղավալյանի նկատմամբ: «Իմ խորին համոզմամբ բոլորն էլ համոզված են, որ աղջիկները հանցագործություն չեն կատարել: Ուղղակի նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելով` նպատակ ունեն ցուցմունքներ կորզել, իրենց անհրաժեշտ ցուցմունքներ: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ հիմքով դատարանը նման որոշում կայացրեց, դեռ որոշումը մեզ չեն տվել, բայց անպայման դիմելու ենք վերադաս ատյան», - ասում է Ղավալյանի փաստաբանը:

Օրվա վերջում իմացանք, որ Դիմաքսյանը չդիմանալով ճնշումներին հրաժարվել է փաստաբանից, ինչը հենց քննիչների պահանջն է եղել: Ընդ որում` դա արվել է նորից օրենքի խախտմամբ` առանց փաստաբանի ներկայության:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.