“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայաստան: Երեւան: 21.03.2008 թ.

11:43 Yerevan | 7:43 GMT | Saturday 22 March 2008

Կարինե Հարությունյան

Երեկ երեք բան փաստվեց. հայ ժողովրդի համար Քոչարյան-Սարգսյան զույգը այլեւս գոյություն չունի, այս երկուսի ցանկացած գործողություն նախորդի պարագայում արդեն իսկ անտրամաբանական է, հայրենի ոստիկանության եւ ներքին զորքերի մեջ կան այնպիսիք, որոնք հոգեբույժների կարիք ունեն:

Եթե կասկածներ ունեք այս երեք եզրահանգումներից որեւէ մեկի նկատմամբ, կարդացեք շարունակությունը:

Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի հրապարակ, Մյասնիկյանի արձանի հարակից տարածք, Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց եւ Հյուսիսային պողոտա: Ահա այն երթուղին, որով երեկ հազարավոր հայեր կատարեցին իրենց հոգու պարտքը. խոնարհում մարտի 1-2-ի` իշխանության կողմից կազմակերպած սպանդի զոհերի հիշատակի առջեւ:

Մինչ այդ` ժամը 15-ին մոմավառություն պիտի լիներ: Ազատության հրապարակում: Սակայն նախապես արդեն հրապարակը զավթված էր: Ազատության հրապարակը լիքն էր ոստիկանական մեքենաներով, մահակներով-էլեկտրաշոկերով-վահաններով զինված ոստիկաններով: Ոչ ոքի չէին թողնում մտնել հրապարակ: Մի բարձրաստիճան ոստիկանի հարցրեցի. «Իսկ ի՞նչ են անում այս զորքերը այստեղ»: Ասաց` «Ռազվոդի են կանգնած»: Ինչպես հետո պարզվեց` «ռազվոդը» խաղաղ ժողովրդին ամեն գնով ցրելու համար էր: Մարդկանց հեռացնում էին հրապարակի բոլոր կողմերից: Վահաններով քիչ-քիչ հրելով տանում էին դեպի Հյուսիսային պողոտա: Կանանց նույնիսկ չէին թողնում մի-մի մոմ վառել: Վերջիններս փորձում էին հայրենասիրության, արժանապատվության, բարոյականության խրատներ տալ: Բայց ու՞մ կասես: Հրաման են ստացել: Իրենք էլ հրամանները լավ կատարո~ղ ու... առաջ են գալիս` սանտիմետր-սանտիմետր` մի քիչ էն կողմ գնացեք: Այդպես «Հին Էրիվան» ռեստորանի հանդիպակաց միջանցքով ժողովրդին հասցրին Թումանյան փողոց: Այստեղից էլ հրեցին դեպի ճանապարհ: Մի մասը նոր էր հասել Հյուսիսային պողտայի սկիզբը, երբ լուր հասավ, որ «Մեղեդի» սրճարանի մոտ վիճակը լարված է: Հասա այն ժամանակ, երբ այնտեղից էլ մարդկանց հրում, ավելի շուտ` քշում էին դեպի Մաշտոցի պողոտա: Մի տղայի սրճարանից հանեցին, տարան իրենց մեքենաների մոտ, ինչ-որ բան ասացին, ի վերջո` բաց թողեցին: Տղան վախեցած էր: Քիչ անց արդեն Առնո Բաբաջանյանի արձանի մոտ էի, որի համալիրը կազմող քարակերտ ռոյալի վրա մարդիկ, այնուամենայնիվ, իրենց մոմերն էին վառում: Ոստիկանական զինված ջոկատներն այստեղ էլ հասան: Ու նույն գործողություններն ու խոսքերը. «Գնացեք էստեղից, երթերն ագելված են, կուտակումները արգելված են»: Այս մասին շատ էր բարձրաձայնում Արաբկիր համայնքի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Վալերի Օսիպյանը, որի համբերությունը օրվա վերջին արդեն սպառվել էր ու արդեն ատելությունը չէր թաքցնում թե ժողովրդի, թե լրագրողների նկատմամբ: Ընդհանրապես ոստիկանների մեջ քիչ չէին նրանք, ովքեր անթաքույց ատելությամբ էին խոսում ժողովրդի հետ: Տեսնել էր պետք, թե ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը ինչպես էր էլեկտրաշոկը ձեռքին սպառնալով եւ գոռալով ժողովրդին քշում Մաշտոց-Պուշկին հատվածում: Այստեղ նույնիսկ ընդհարում եղավ. մարդկանց «էլեկտրաշոկ էին անում», մահակներով հարվածում:

Ի պատիվ եւ ի փառաբանումն հայ ժողովրդի` պետք է ասել, որ չնայած ոստիկանների արգելքներին, սպառնալիքներին եւ սադրանքներին, ժողովուրդը միակամ էր, անսասան էր, վճռական էր: Իսկ սադրանքներ իսկապես եղան: Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, «Բիզնես կենտրոն» կոչվող նորակառույցի պատերի տակ ոստիկանները մի 30-35 տարեկան տղամարդու էին քաշքշում, երեք-չորս հոգով, «էլեկտրաշոկ էլ էին անում»: Մի կին փորձեց օգնել տղային, սրան էլ գցեցին գետնին: Այդ պահին ծեծվող տղամարդը մի կերպ դուրս պրծավ, բայց դե կատաղածների ձեռքից ու՞ր կփախչես: Բռնեցին ու անխնա ծեծում էին: Սրանք էլ քիչ էին, հինգերորդ բարձրաստիճանը հարձակվեց ու քաշում էր մարդուն, որպեսզի մեքենայի մեջ գցեն: Չհաջողվեց: Մի քանի կին ու տղամարդ փրկեցին այդ մարդուն:

Սա օրվա միակ տհաճ միջադեպը չէր: Պարզվեց` Հայաստանում արդեն մարդկանց հետապնդում են նույնիսկ հայացքի համար: Գաղափարական հայացքի մասին չէ խոսքը, այլ` աչքերի: Երեկ, Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց անկյունում գտնվող «Բիզնես կենտրոնի» մոտ մի 20 տարեկան երիտասարդի քիչ էր մնում շանսատակ անեին մեր իրավապահները: Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը քաշում էր երիտասարդի թեւից, թե` արի ստեղ: Իսկ երբ կանայք տղային մի կողմ տարան, ազատելով Օսիպյանի ձեռքից, վերջինս ոստիկանության օպերատորին բերեց` սրան նկարի: Ոստիկանին դուր չէր եկել ընդամենը... տղայի հայացքը:

Մաշտոցի պողոտայում բռնեցին եւ անհայտ ուղղությամբ տարան երկու տղամարդու: Ձերբակալվածների ճշգրիտ թիվը հնարավոր չեղավ պարզել, բայց, ըստ հասած լուրերի, այն մոտենում է մեկ տասնյակին: ...Երեկ արդեն որերորդ անգամ պարզվեց, որ այս վարչախումբը վախենում է ժողովրդից: Երեւանի փողոցները ցանկապատող ոստիկանական ջոկատները մի բանի ապացույցն էին. վարչախումբը գիտի ծողովրդի ուժի մասին, վարչախումբը վախենում է ժողովրդից, վարչախումբը վաղուց արդեն սպառել է իր ռեսուրսները: Մարտի 1-2-ի ջարդերը տեսած եւ իր մաշկի վրա զգացած ժողովուրդը զարմանալիորեն ուժեղ էր, զարմանալիորեն միասնական էր ու համառ իր պայքարը մինչեւ վերջ տանելու հարցում: Հայ ժողովրդի ուժեղ կամային հատկանիշները այլեւս արթուն են ու գործող ռեժիմի հեղինակները այդ մասին լավ գիտեն: Այնքան լավ, որ մայրաքաղաք են բերվել նաեւ հարակից մարզերի ոստիկանական ստորաբաժանումները: «Զորքերը կբավականացնե՞ն ամբողջ Երեւանը ցանկապատելու համար», - հարցիս ի պատասխան մի բարձրաստիճան ատամների արանքից շպրտեց. «Ձեզ կհերիքի»:

Վերադառնալով ժողովրդի տրամադրվածությանը` պետք է ասել, որ վերջին 10 տարվա համբերատար ժողովուրդը այլեւս անցյալում է: Այսօր հայ ժողովուրդը մի այլ որակի մեջ է: Երեկվա երթի մասնակից մի կին ասաց. «Ի՞նչ վախ, վախը ո՞րն է: Այդ հեքիաթներին միայն իրենք են հավատում ու մեկ էլ իրենց ստրուկները: Մի քանիսը կամովին ստրկացել են հանուն փողի-պաշտոնի, ու իրենց թվում է` հայ ժողովուրդը դրանք են: Սխալվում են: Հայ ժողովուրդն այստեղ է ու միշտ այստեղ է լինելու մինչեւ այս վարչախմբի վերջը տա»:

Այս կարծիքին էին բոլորը, ում հետ հասցրեցի խոսել: Բոլորը մի խոսքի էին. «Ամեն օր գալու ենք: Սա մեր երկիրն է, մեր Երեւանն է, մեր փողոցներն են: Որտեղ կուզենք` կկանգնենք, որտեղով կուզենք` կքայլենք, ինչ կուզենք` կխոսենք: Գնացողը իրենք են լինելու` էդ երկուսը: Իսկ մեզ համար իրենք վաղուց չկան»:

Ուրեմն` վաղը, մյուս օրը եւ հաջորդող բոլոր օրերին նույն ժողովուրդը, ինչպես մի քանիսն ասացին` ավելի մեծ քանակով, այստեղ են գալու` Ազատության հրապարակ ու երթ են անելու: Ամեն օր: Նույն ժամին: Իսկ մարտի 23-ին, ժամը 12-ին հավատացյալ հայ ժողովուրդը իր բոլոր քույր-եղբայրներին հրավիրում է Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` Սուրբ Պատարագի` նշելու Սուրբ Հարության տոնը:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.