“Zhamanak” Armenian-American Political Daily

Բացի «իշխանական օրթոդոքսներից»` բոլորն օգնում են «ԳԱԼԱ»-ին

11:31 Yerevan | 7:31 GMT | Saturday 22 March 2008

Հեղինե Մանուկյան

Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ 7 ամիս շարունակվող ինտրիգը, որն սկսվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած ելույթը եթեր հեռարձակելուց օրեր անց, դեռ շարունակվում է եւ առայժմ, կարծեք, հանգուցալուծվելու միտում չունի:

Մենք պարբերաբար անդրադարձել ենք այս հ/ը-ի շուրջ ծավալված իրադարձությունների զարգացմանը, ներկայացրել «ԳԱԼԱ»-ն փակելուն ուղղված իշխանությունների կիրառած մեթոդների թնջուկը: Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին հ/ը-ում կատարված հարկային ստուգումների արդյունքում «ԳԱԼԱ»-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին է ներկայացվել մոտ մոտ 26 մլն դրամի հարկային պարտավորություն: Այդ գումարը հայթայթելու եւ պետական բյուջե փոխանցելու եւ այս կերպ հ/ը-ն եթերազրկելու վտանգը կասեցնելու համար երկու օր առաջ աշխարհի մասշտաբով մեկնարկել է «ԳԱԼԱ» հ/ը-ի պաշտպանության դրամահավաք-մարաթոն: Նշենք, որ մարտի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը 1: 05-ի սահմաններում երկու անհայտ անձինք հրկիզել են Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի` ակումբի մոտ կայանած ավտոմեքենան: Վերջինս այս ողջ ընթացքում եղել է «ԳԱԼԱ»-ի կողքին եւ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել հ/ը-ին: Երեկ Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում մի խումբ հասարակական կազմակերպություններ` Երեւանի մամուլի ակումբը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը եւ այլք, դատապարտեցին Լեւոն Բարսեղյանի մեքենան հրկիզելու փաստը: Ըստ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի` այդ փաստը վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձում են վերահաստատել լրատվամիջոցների նկատմամբ արտակարգ դրության ընթացքում դրսեւորած իրենց կամայական վերաբերմունքը, երբ լրատվամիջոցների մի մասին շատ բաներ չի կարելի, իսկ մյուս մասին թույլ է տրվում գրեթե ամեն ինչ: ԵՄԱ նախագահը, թեեւ զերծ մնաց լրագրողի ավտոմեքենայի հրկիզման հարցում իշխանություններին մեղադրելուց, սակայն չբացառեց, որ այդ փաստը կապված է Լեւոն Բարսեղյանի ակտիվ քաղաքացիական կեցվածքի եւ «ԳԱԼԱ»-ին աջակցելուն ուղղված նրա գործունեության հետ: Որպեսզի իշխանությունները հերքեն իրենց առնչությունը կատարվածին, պետք է ջանան հնարավորինս արագ բացահայտել գործը` կարծում է ԵՄԱ նախագահը: Գործ, որը վերջինիս բնորոշմամբ «ուչաստկովիի մակարդակի գործ է»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հ/կ-ի նախագահ Ամալյա Կոստանյանն ավելի բաց տեքստով արտահայտվեց` կատարվածում մեղադրելով իշխանություններին, պատճառաբանելով, թե առանց իշխանությունների բարձր ատյանների գրավոր կամ բանավոր հավանության, ներկայումս մեր երկրում նմանատիպ միջադեպեր չեն արձանագրվում, հետեւաբար ոչ ոք, առանց այդ ատյանների երաշխավորության դժվար թե հանդգներ հրդեհել լրագրողի մեքենան: Երեկվա ասուլիսին հրավիրված էր նաեւ Լեւոն Բարսեղյանը, ով փոքր-ինչ ուշացումով միացավ ասուլիս հրավիրած իր գործընկերներին` հայտարարելով, որ այն ընթացքում, երբ ինքը Գյումրուց Երեւան էր գալիս, իրեն է զանգահարել «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն ու տեղեկացրել, որ ժամը 16: 00-ի սահմաններում հ/ը են այցելել դատական ակտերի հարկադիր կատարման` ԴԱՀԿ-ի աշխատակիցները, որոնց հետ ինքը քիչ հետո հանդիպելու է: «Ես խոսեցի ԴԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչքան փորձեցի խոսք քաշել-մի բան հասկանալ` չստացվեց: Բայց մեր փակ աղբյուրներից մենք իմացանք, որ խոսքը 24 ժամում 26 մլն դրամ գումարը պետբյուջե փոխանցելու մասին է», -հավաստիացրեց Բարսեղյանը: Նշենք, որ այսօրվա դրությամբ հանգանակության արդյունքում ստացված գումարը կազմում է մոտ 13 մլն 500 հազար դրամ, պահանջվող գումարի մոտ 57-58 տոկոսը, ավելի քան 2000 անուն նվիրատվություն: «Նման բան ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ իրավունքի կամ որեւէ ազատության պաշտպանության համար նման միջոցառում լինի», - ասում է Լ.Բարսեղյանը: Ըստ նրա` մարաթոնի աշխարհագրությունն այժմ ավելի է ընդլայնվում, Հայաստանի մոտ վայրերից մարդիկ են մասնակցում այդ միջոցառմանը, այն դեպքում, որ «ԳԱԼԱ»-ի ճակատագրով մտահոգ այդ մարդկանց մոտ 22 տոկոսը ընդհանրապես չի դիտել հ/ը-ի հաղորդումները: «Դրանք մարդիկ են, կազմակերպություններ, որոնք պայքարելու եւ ազատություն պաշտպանելու մղում ունեն ու տեղյակ են այս կոնֆլիկտին», - նկատեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը: Հասարակության այս սրտացավ վերաբերմունքն ու հանձին «ԳԱԼԱ»-ի` խոսքի ազատությանն ուղղված պաշտպանությունը, պարզվում է, մեղմ ասած` նյարդայնացնում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ժամանակ առաջ «ԳԱԼԱ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար իրեն այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց` «Ես զզվամ գը ԳԱԼԱ-ից»: Վերջինս մեկ այլ առիթով էլ ի լուր գյումրեցիների հայտարարել է, թե «Գյումրիում երկու քաղմաս է մնացել` մեկը «ԳԱԼԱ»-ն է, մյուսը` «Ասպարեզ» ակումբը»: Այդ նույն Ղուկասյանը, ով հայտնի է որպես աստվածավախ քաղաքապետ եւ թերեւս ամենաաստվածավախը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության կազմում, մարտի 20-ին հյուրընկալվել էր Գյումրու «Շանթ» հ/ը-ի եթերում եւ դիմելով հեռուստադիտողներին` կոչ արեց «փող չտալ ԳԱԼԱ-ին», հայտարարելով, որ «ԳԱԼԱ»-ն իրականում փողի կարիք չունի, որ ֆինանսավորվում է ՀՀՇ-ի, ավելին` թուրքական աղբյուրների կողմից եւ զուր շահարկում է գյումրեցիների առատաձեռնությունը: Լեւոն Բարսեղյանը հավաստիացրեց, որ Ղուկասյանի այդ ելույթից հետո «ԳԱԼԱ» են զանգահարել բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ մասնակցել էին հանգանակությանն ու ասել, որ քաղաքապետի այդ ելույթից հետո իրենք պատրաստ են վերստին գումար փոխանցել` ի պաշտպանություն «ԳԱԼԱ»-ի: «Առանց վերամբարձության` պետք է ասեմ, որ այս ճակատամարտը տեւեց 5 ամիս 7 օր եւ Շիրակի մարզում դժվար է գտնել մի 10 հոգու, բացառությամբ իշխանության մեջ եղող օրթոդոքսների, որոնք չհավատան, որ այս կռվում մենք հաղթելու ենք», - լիահույս է Լեւոն Բարսեղյանը:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.