“Zhamanak” Armenian-American Political Daily

Այդ հզոր երկիրը` Ամերիկան

10:42 Yerevan | 6:42 GMT | Saturday 22 March 2008

Գոհար Բարսամյան

Սա այն երկիրն է, որ բնակության ընդունեց տոտալիտար իրավակարգից փախածներին, այլախոհներին եւ առհասարակ` տարբեր արհավիրքներից մազապուրծ եղած մարդկանց:

Սակայն աշխարհում չկա մի գոյ, որն իր անտիպոդը չունենա: Եվ որպես կանոն` մեկի ոչնչացումը հանգեցնում է մյուսի ոչնչացմանը, թեպետ ողջ ընթացքում երկուսը հակադարձում են միմյանց` չըմբռնելով, որ ընդդիմակացի դեմ պայքարը պայքար է սեփական գոյի դեմ: Հնարավոր է սա է կյանքի ունայնության հիմքը: Սա ճշմարտություն է բնության մեջ, սա ճշմարտություն է մարդկային հասարակությունում, սա ճշմարտություն է մեծ քաղաքականության չափումներում: Արդի աշխարհում թեպետ ոչ հավասարաչափ, ոչ միագիծ, այդուհանդերձ, զարգացում են ապրում թե Եվրոպան, թե Չինաստանը, թե Հնդկաստանը... Իրավամբ միմյանց չնմանվող տարբեր քաղաքակրթություններ... Ոմանք այն կարծիքն են պաշտպանում, թե Եվրոպայի զարգացումը ընթանում է Ամերիկայի հաշվին: Գլոբալացվող աշխարհում Ամերիկան դավանում է ազատական ժողովրդավարական գաղափարներ, որոնք այսօր մարմնավորում է Եվրոպան, որի ազդեցությունը աշխարհի վրա մեծ է: Օրինակ` աֆրիկյան երկրները կամենում են ստեղծել Եվրամիության նմանօրինակը: Իսկ Չինաստանը վերաճում է գերտերության: Եթե Ամերիկան Չինաստանի դեմ պայքարի, ապա աշխարհի ողջ գումարները կկենտրոնանան եվրոպական բանկերում: «The New York Times Magazine» հրատարակությունը գրում է, որ Չինաստանը դարձել է ԱՄՆ-ի խոշոր վարկատուն. բավական է Պեկինը ցուցմունք տա ամերիկյան պետական բաժնետոմսերի վաճառքի մասին, որպեսզի տապալի Միացյալ Նահանգների դրամային քաղաքականությունը: Որքան էլ պարադոքսալ թվա, եթե Պեկինը իրապես մտածի նման պատժիչ ակցիա անցկացնելու մասին, ամենայն հավանականությամբ իր ձեռքում կպահի այն փաստարկը, ինչը արվում է այսօր «Bear Stearns» ընկերությունը սնանկացումից փրկելու համար: Ըստ որում` այս ընկերության սնանկացումը կավերեր ոչ միայն ամերիկյան տնտեսությունը, այլ նաեւ չինականը եւ համաշխարհայինը: Այսինքն, մեղմ ասած, երբեմնի հակադարձված երկիրը այսօր այդ իրավիճակում լինել չի կարող: Այսինքն` աշխարհում ոչինչ անփոփոխ չէ: Ամեն ինչ զարգացման եւ խորքային գործընթացների մեջ է դիտարկվում: Ոմանք հիշում են, թե եվրոյի մեկնարկը Ամերիկայում ինչ քմծիծաղ առաջացրեց: Սակայն այսօր աշխարհի նավթարտահանող խոշորագույն երկրները` ի դեմս Իրանի եւ Վենեսուելայի, պահանջում են գործարքներն իրականացնել եվրոյով: Այսինքն` սա ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական ենթատեքստ ունի: Լոնդոնը կրկին գրավում է համաշխարհային ֆոնդային բորսայի` արժեթղթերի թողարկիչ հաստատության դիրքերը եւ զարմանալի չի լինի, եթե Չինաստանի պետական ներդրումային նոր հիմնադրամը հիմնվի ոչ թե Նյու Յորքում, այլ հենց Եվրոպայում: Եվրոպականացման գերակայության մասին է վկայում մեկ ուրիշ օրինակ եւս. մեր հարեւան Թուրքիան, եթե նույնիսկ չդառնա Եվրամիության անդամ, այդուհանդերձ այստեղ եվրոպականացման գործընթացը շարունակական կլինի:

Հարավարեւելյան Ասիայում Չինաստանը նպաստում է Խաղաղ օվկիանոսի երկու բեւեռների միջեւ ապրանքափոխանակությանը` ակտիվացնելով` Հնդկաստան-Ճապոնիա-Ավստրալիա եռանկյունին:

Բացի այդ` Ասիայի որոշ տարածաշրջաններում, մասնավորապես` Թաիլանդում, Ինդոնեզիայում եւ Կորեայում, Միացյալ Նահանգները կորցնում է իր ազդեցությունը: Այս համատեքստում հակակշիռ է դառնում Չինաստանը: Չինաստանը նաեւ ծանրակշիռ խաղացող է Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում` Ղրղզստանում, Տաջիկստանում, Ղազախստանում: Այս երկրները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ կազմավորել են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը, ինչպես ոմանք են ենթադրում, ժամանակի հետ կփոխակերպվի «արեւելյան ՆԱՏՕ-ի»: Իրաքը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը անսահման չէ: Դոլարը անկում է ապրում եւ տնտեսության մեջ առկա է սղաճ: The Independent հրատարակության փորձագետների կարծիքով` իրավիճակը չի շտկվի նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ նորընտիր նախագահը չի կարող կասեցնել տնտեսության մեջ արդեն իսկ սկսված գործընթացը: Փորձագետները, մասնավորապես, կասկած են հայտնում Օբամայի եւ Քլինթոնի առողջապահության ոլորտում մրցակցող ծրագրերի վերաբերյալ. դրանցից յուրաքանչյուրի վրա ենթադրվում է ծախսել 120-150 միլիարդ դոլար, ուստի հարց է ծագում` որտեղի՞ց: The Independent հրատարակության փորձագետները նույն խնդիրը դիտարկում են հակառակ բեւեռում. նրանց կարծիքով` հանրապետականները Միացյալ Նահանգների ներկա պայմաններում չեն կարող պատերազմական նպատակներով ամսական 12-ական միլիարդ դոլար ծախսել: Իրաքի դեմ պատերազմը նպաստեց հակաամերիկանիզմի տարածմանը ողջ աշխարհում: Սակայն Ամերիկայում նախագահական ընտրությունների հետ մեծ հույսեր են կապում. տարածված կարծիքի համաձայն` հակաամերիկանիզմի վերջը կգա, երբ երկիրը իրապես հավատարիմ մնա ժողովրդավարական արժեքներին, քաղաքացիական ազատություններին եւ միջազգային իրավունքին: Փորձագետները այն կարծիքին են, որ 21-րդ դարում գլոբալ քաղաքականության խաղացողները կլինեն «Մեծ եռյակի» անդամները:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.