“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայաստանը` ֆաշիստական կարգերի ստեղծման փուլում

11:52 Yerevan | 7:52 GMT | Friday 21 March 2008

Հեղինե Մանուկյան

Մեր զրուցակիցը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:

-Եթե ամփոփելու լինեք ներքաղաքական ներկա փուլը, ի՞նչ գնահատական կտաք:

- Ներկա փուլը դժվար է ամփոփել, որովհետեւ մենք դեռ պրոցեսի մեջ ենք: Այսինքն` հիմա ամփոփումներ անելը ցանկալի չէ, ուստի եւ երկարաժամկետ կանխատեսումներ անելն էլ հնարավոր չէ: Սակայն մի քանի բան կարելի է ֆիքսել հաստատ. նախ իշխանությունն այդպես էլ չկարողացավ ճիշտ գնահատել իրականությունը եւ մինչեւ հիմա էլ չի կարողանում գնահատել այն բոլոր քայլերը, որոնք կատարվում են: Դրանք զուտ արտաքուստ կայունություն են բերում, սակայն իրականում այդ քայլերը խորքային հարցերը չեն լուծում: Բացի այդ, այսօր մի քանի վտանգավոր տենդենց կա, որոնք եւս ուզում եմ արձանագրել: Նախ երկրի ֆաշիզացիան: Ֆաշիզմը սկսվում է այն ժամանակ, երբ վերանում է բանականությունն ու երկիրը մտնում է իռացիոնալ դաշտ: Այսօր նույնիսկ դատախազության հաղորդագրությունը, որը թվում է, թե իրավական փաստաթուղթ պետք է լինի` գոնե ձեւական, լրիվ իռացիոնալ դաշտում է: Երկա~ր նախաբանում բացատրվում է, թե հանրահավաքների ժամանակ մարդկանց մասսայական հիպնոսի են ենթարկում... Սա բացարձակ աբսուրդ է, սա դատախազության փաստաթուղթ չի կարող լինել, դրանում ներկայացված ձեւակերպումները իրավաբանական ձեւակերպումներ չեն: Սա հիշեցնում է այն վայրենի ցեղերին, որոնք ամեն ինչին տալիս են մոգական բացատրություն. ասենք, եթե մարդը մահանում է, ուրեմն նրան կախարդել էին, քանի որ այդ ցեղերի մոտ ընդունված չի, որ մարդն ընդունակ է բնական ճանապարհով մահանալ: Նույնը մեզ մոտ է, եթե մարդը գնում է հանրահավաքի` նշանակում է, որ հնարավոր չի, որ ինքը դա սեփական նախաձեռնությամբ անի, ուրեմն այստեղից հետեւում է, որ նրան կախարդել են, թուղթուգիր են արել: Բացի դրանից, անընդհատ քարոզվում է բացահայտ ատելություն, սա եւս ֆաշիզմի նշան է: Կարող եք միացնել հեռուստացույցը եւ կտեսնեք կանանց, ովքեր եթերում ասում են, որ իրենք ատում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսպիսի բան դուք հանրահավաքների ժամանակ չէիք լսի, այնտեղ կային մարդիկ, ովքեր գուցե բարձրաձայնում էին, որ դժգոհ են Սերժ Սարգսյանից, բայց ոչ ոք չէր ասում` ե~ս ատում եմ Սերժ Սարգսյանին: Բացի դրանից, համարյա պաշտոնական մակարդակով իրականացվում է հակասեմականության քարոզչություն: Ռազմական ինստիտուտում, որտեղ մեր կուրսանտները քաղաքականության վերաբերյալ ուսուցում են անցնում, դրանց ընթացքում նրանց բացատրվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրեական ագենտ է: Սա աբսուրդ է, սա եւս ֆաշիզմի նշան է, եւ այսպես ֆաշիզմի բազմաթիվ այլ օրինակներ: Սա իրապես արդեն հոգեխանգարման դրսեւորում է, իսկ այդ իռացիոնալ վիճակը կարող է բերել իսկական ֆաշիստական վարչակարգի հաստատման, որի տարրերը այսօր մեր երկրում շատ հստակ են: Երկրորդ. այսօր Հայաստանում պետություն այլեւս գոյություն չունի, քանի որ պետությունը կործանվեց վերջնականապես, որովհետեւ պետությունը առաջին հերթին օրենքն է, իսկ այսօր օրենքի որեւէ տարր բացարձակ չի գործում: Այսօր կարող են մարդկանց մոտ խուզարկություն անցկացնել առանց սանկցիայի, մարդկանց կարող են ձերբակալել առանց որեւէ հիմնավորման, փաստաբաններին թույլ չտալ հանդիպել ձերբակալվածների հետ, կարող են պատգամավորներին ծեծել...այսինքն` սա պետություն չի այլեւս, նույնիսկ ամենավայրենի պետությունը գոնե ձեւականորեն օրենք է պահպանում: Ես հասկանում եմ, Քոչարյանի պետության տեսությունն էլ հետեւյալն է` պետությունն իր հոր դուքանն է, որտեղ նա կարող է անել այն ամենն, ինչ ուզում է: Բայց սա կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Էլ չասեմ նաեւ հասարակության լրիվ անառողջ վիճակը` պետական լրատվամիջոցներով հիստերիայի քարոզումը, ատելության սերմանումը, որի արդյունքում մեր հասարակությունը երկփեղկվում է, իսկ ազգային միասնականության եւ այլնի մասին խոսքերը, փաստորեն, փուչիկ դուրս եկան: Պաշտոնական թվերով այն 350 հազար մարդիկ, ովքեր ձայն են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանք, փաստորեն, օրենքից, հասարակությունից դուրս են, նրանց կարծիքը որեւէ ձեւով չի արտահայտվում, իսկ դա նշանակում է, որ դու քո հայրենակիցների մի ստվար հատվածին ասում ես` դուք չկաք, դուք ոչմեկ եք, դուք ոչմիբան եք, այսինքն` դու հասարակությունից օտարում ես այդ 350 հազար մարդկանց: Սա այն դեպքում, երբ դու շատ փոքր պետություն ես ու շրջապատված ես թշնամիներով եւ ցանկացած արտաքին հարված կբերի այս պետության կործանմանը:

- Այդ դեպքում ստեղծված պայթունավտանգ իրավիճակից ելքը ո՞րն է:

- Ես կարծում եմ շատ սարսափել, այնուամենայնիվ պետք չէ, որովհետեւ վերջին մի քանի ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչքան էլ փորձեցինք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, պատկերավոր ասած, թաղել, ասել, որ նա չկա, որ նա պասիվ է, հակառակ բանը ստացվեց: Ժողովրդի մի ստվար հատված այժմ պատրաստ է դուրս գալ եւ պայքարել իր իրավունքների իրացման համար, պատրաստ է զոհողությունների գնալ, քաղաքացիական ամենաբարձր որակները ցույց տալ, որը նույնիսկ զարգացած ժողովրդավարական երկրների քաղաքացիներն այսօր պատրաստ չեն ցույց տալու: Այսինքն` հասարակության այդ առողջ հատվածը կա, ճիշտ է, նրան անընդհատ կոտրում են, սովետական մեթոդներով անընդհատ ասում են` դու ոչինչ ես, դու բոմժ ես, դու հոգեկան հիվանդ ես եւ այլն, բայցեւայնպես հասարակության այդ հատվածը շարունակում է մնալ, որն էլ շարունակելու է պայքարը: Ես սա պաթոսի համար չեմ ասում: Մենք 21-րդ դարում ենք ապրում եւ հնարավոր չէ այսօր կառուցել ինչ-որ Բանտուստան, որից խուսափելու համար հասարակության այդ առողջ ալիքը պետք է հաղթի:

- Վերսկսված Շարժումը նորից հին ձեւաչափո՞վ է շարունակվելու, թե դրսեւորման այլ կերպ կունենա:

- Բնականաբար ոչ, պետք է վերաիմաստավորվի այն: Պետք է նոր կարգախոսներ մշակվեն, պետք է վերաիմաստավորվեն Շարժման նպատակները, մարտավարությունն ու ռազմավարությունը: Թե ի՞նչ ընթացքով այն կշարունակվի` ցույց կտան դեպքերը ու չարժե այս պահին շատ հեռուն գնալ եւ հեռահար կանխատեսումներ անել: Ընտրություններից հետո, երբ Ազատության հրապարակում ընթանում էին հանրահավաքները, արդեն իսկ տեղի էր ունենում այդ վերաիմաստավորումը, որովհետեւ դա արդեն միայն ընտրությունների հարց չէր, դա արդեն հասարակության շատ ավելի լայն շերտեր ընդգրկող մարդկանց հարցն էր: Հետաքրքիր է, որ հանրահավաքի վերջին օրերին հրապարակ էին գալիս անգամ այն մարդիկ, ովքեր նույնիսկ չէին էլ ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նույնիսկ նրան դեմ լինելով էին գալիս այդ հանրահավաքներին: Բայց նրանք արդեն հասկացել էին, որ հանրահավաքներում դրված է ոչ թե Լեւոնի հարցը, այլ իրենց ազատության հարցը: Կարող եմ մի բան հստակ ասել. նույնիսկ այս վիճակում մենք կարողացանք շատ մեծ գործ անել, մեծ հարված հասցնել գործող համակարգին, էս համակարգն այսօր ահավոր թուլացած է եւ նրա կողմից ցուցադրվող ուժը հենց նրա ներքին թուլության, անվստահության վիճակից է: Եթե մի պահ այս շարժումը ետ քաշվի, ապա այս պայմաններում ներքին հակասությունների հարց պետք է առաջանա, որովհետեւ ինչքան ես եմ հասկանում, իշխանությունը գնալու է դեպի երկգլխանի համակարգ, մանավանդ` եթե Քոչարյանը վարչապետ նշանակվի, այդ համակարգը չի կարող երկար գոյատեւել:

- Այդ դեպքում, ո՞րն է լինելու առայժմ, կարծեք թե, միագլուխ համակագի ամենաողջամիտ, ստեղծված իրավիճակին ադեկվատ քայլը:

- Իշխանության բարձր ներկայացուցիչները, եթե ողջախոհության որեւէ կաթիլ ունենային, այս ամենը չէին անի. նրանք անում են քայլեր, որոնք կարճ ժամանակով իրենց իշխանությունն ուժեղացնում են, սակայն երկարաժամկետության տեսակետից նրանք անընդհատ անում են սխալ քայլեր. որոնց շարքում են Սերժի` փետրվարի 26-ի հանրահավաքը, Ազատության հրապարակի հանրահավաքի ցրումը եւ մարտի 1-ի դեպքերը, երբ կրակոցներ հնչեցին: Ի վերջո` երբեք, այսքան ժամանակվա մեջ խաղաղ ցուցարարների վրա կրակ չի արձակվել, սա հասարակության համար իսկական շոկ էր: ...Ես Սերժ Սարգսյանի ողջախոհության վրա որեւէ հույս չունեմ, իսկապես, հնարավոր է, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ նա որեւէ քայլ անելու տեղ այլեւս չունենա: Նրա վիճակն այսօր շատ տխուր է, շատ ավելի տխուր, քան կարելի է պատկերացնել: Նրա նախագահությունը, փաստորեն, հարամ եղավ, եւ նա այսօր չի կարող լիարժեք նախագահ լինել, որովհետեւ այսօր Քոչարյանի խաղն է դեռ, Սերժի խաղ դեռ չենք տեսել: Սակայն, եթե անգամ նա նախագահ էլ դառնա, նա թուլացած նախագահ է, նա լիարժեք չի: Սա շատ լավ գիտակցում է նաեւ նրա թիմը:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.