“Zhamanak” Armenian-American Political Daily

ՄԱԿ-ի պարենային ծրագիրը` գործողության մեջ

11:51 Yerevan | 7:51 GMT | Friday 21 March 2008

Գայանե Հովսեփյան

Վանաձորում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը. 1 չափաբաժինը` 30կգ ալյուր, 2լ ձեթ եւ 1կգ ոսպ: Ինչպես միշտ, պարենի օգնությունը տրվում է աղքատության համապատասխան միավորներ հավաքած որոշակի խավերի (որոնց թվում՝ հաշմանդամության որոշակի կարգ ունեցողներից, ծնողազուրկ երեխաներից, միայնակ մայրերից բաղկացած ընտանիքներ):

Ըստ այդմ, ինչպես միշտ, անապահով, բայց այդ կատեգորիաներում չընդգրկված մարդիկ դժգոհում են: «Ամեն տարի գնում ենք «Փարոսի» համար թղթեր հավաքում, ԲՇՏ-ի ու սոցիալականի դռներն ընկնում, մի 1000 դրամ էլ էդ տեղեկանքների վրա ծախսում, վերջում ցուցակները կարդում ենք, տեսնում, որ էլի մեր անուն-ազգանունները չկան, ոչ նպաստ ենք ստանում, ոչ օգնություն», - դժգոհում է գործազուրկ մի կին, որի ընտանիքը բաղկացած է 2 գործազուրկ եւ 1 թոշակառու կանանցից: Ի դեպ, նպաստներից ու օգնություններից օգտվելու համար շատ կանայք, որոնց ամուսինները «խոպանում» են, աշխատում են իրենց ամուսիններին «անհայտ բացակայող» ճանաչել, որպեսզի «միայնակ մայր» կոչվեն: Արդեն քանի տարի է` մարզային պաշտոնաթերթը հեղեղված է «անհայտ բացակայող» ճանաչելու պահանջի վերաբերյալ հայտարարություններով, որոնք հետագայում դատական լսումների հիմք են հանդիսանում՝ դիմումատուին «միայնակ մայր» ճանաչելու նպատակով: Քանի որ պարենի օգնությունը տրվում է սահմանափակ, նեղ խմբերի, ըստ այդմ` Վանաձորում դեռեւս նկատվում են մուրացկաններ, աղբ քրքրողներ ու բառացիորեն ցնցոտիների մեջ կորած մարդիկ, որոնց հագուստի կարկատանները լավագույն ցանկության դեպքում անգամ անհնար է հաշվել: Նրանցից մեկ քայլ բարձր աստիճանի վրա են կանգնած շքամուտքերի մոտ, մայթերի վրա դատարկ տարաներ վաճառողները, անտառի բարիքները ձեռքներին շրջող մարդիկ, որոնք չեն զլանում իրենց ապրանքը (կանաչեղենի զանազան տեսակներ) իրացնելու հույսով շրջել ոչ միայն շուկայամերձ տարածքներում, այլեւ` զանազան հիմնարկներում: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը պարենային օգնություն է ուղարկում այն երկրներ, որտեղ սովամահության վտանգ կա: Հետեւաբար երկրի տնտեսական աճն առայժմ չի մխիթարում հասարակության չքավոր շերտերին: Ահա թե ինչու, մարդիկ, իմանալով, որ վտանգի տակ է դրված «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, ասում են. «Շատ էլ լավ են անում, որ ուզում են օգնություններ չուղարկեն, մեկ է` դրանից ժողովրդին շատ քիչ օգուտ կա, ավելի շատ իշխանություններն են օգտվում»:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.