|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բաց նամակ Կոնգրեսական Ադամ Շիֆին11:47 Yerevan | 7:47 GMT | Friday 21 March 2008 «Հայաստանում բռնությունները շարունակվում են եւ կշարունակվեն, եթե իրենց խոսքը չասեն աշխարհի առաջադեմ մարդկությունը, դեմոկրատիան հարգող երկրների իշխանությունները», - ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆին ուղղված նամակում: Այն Միացյալ Նահանգներում բնակվող հայ մտավորականների անունից գրել է Երկրորդ աշխարհամարտի հայ վետերանների Գլենդելի միության նախագահ, գրող, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Դարբինյանը: Ադամ Շիֆը բազմիցս եղել է Հայաստանում եւ Արցախում, նյութական-բարոյական օգնություն ցույց տվել, մեծ աշխատանք է ծավալել Հայոց ցեղասպանությունը ամերիկյան իշխանությունների կողմից ճանաչելու ուղղությամբ, հեղինակել է ԱՄՆ-ի Ծերակույտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 106-րդ բանաձեւը, ինչպես նաեւ աջակցել է միության վետերան-անդամների առաջ քաշած բազմաթիվ հարցերի լուծմանը: Կոնգրեսականի այս հայանպաստ գործունեությունը նկատի ունենալով` նամակի հեղինակները նրան են դիմում ակնկալելով «հայությանը սատարող կոնգրեսականների աջակցությունը»՝ կապված Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ. «Ընտրությունները անցան բացահայտ կեղծիքներով, ընտրակաշառքներով եւ գործող իշխանությունների բացահայտ միջամտությամբ: Այդ հանգամանքը հաստատեցին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նախագահական թեկնածուներ եւ անկախ դիտորդներ: Նման իրավիճակը չէր կարող դժգոհություն չառաջացնել ժողովրդի մոտ: Ժողովրդի հոծ բազմություններ փողոց դուրս եկան եւ ի լուր աշխարհի իրենց բողոքի ձայնն ու դժգոհությունը հայտնեցին: Միայն Երեւան քաղաքում խաղաղ ցուցարարների թիվը հասավ հարյուր հազարների: Իշխանությունները ժողովրդի արդար ձայնը լռեցնելու նպատակով դիմեցին ամենանզովյալ քայլի: Նրանք ժողովրդի դեմ հանեցին ոստիկանական եւ զինվորական ստորաբաժանումներ, զինված անհայտ խմբեր: Արդյունքում դաժան հաշվեհարդար տեսան անմեղ մարդկանց հետ, դաժանորեն ցրվեցին խաղաղ ցուցարարները, սպանվեցին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Բանտարկվեցին եւ զնդանները նետվեցին ազգի անվանի մարդիկ, մտավորականներ: Ամբողջ երկիրը հայտնվեց սարսափի պայմաններում: Հայաստանում ներկայումս կատարվող բռնությունները արդարացիորեն զայրացրել են աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի, քանզի վտանգի մեջ է նրանց հայրենիքը, զոհվել են նրանց շատ հարազատներ, վտանգի տակ են շատերը: Հայաստանի իշխանությունների անմարդկային գործողությունների դեմ իրենց զայրույթն են արտահայտում ԱՄՆ-ում ապրող ավելի քան մեկ միլիոն հայերը: Այդ հանգամանքի վառ ապացույցն է այն, որ այս տարվա մարտի 2-ին Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասում Հայաստանի իշխանություններին դատապարտող ցույցի էին դուրս ելել ավելի քան 30 հազար հայորդիներ: Հայաստանում բռնարարքները դատապարտողների թվում կային նաեւ այլազգիներ, տարբեր մասնագիտությունների ու դավանանքի մարդիկ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ: Ի պաշտպանություն մեր հայրենակիցների` ցույցեր են կազմակերպվել նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայաշատ քաղաքներում: Խաղաղ ցույցի շատ մասնակիցների աչքերում հուզմունքի արցունքներ կային: Նրանք պահանջում էին հետեւյալը. չեղյալ համարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, Երեւան քաղաքում վերացնել արտակարգ իրավիճակը, քաղաքից դուրս բերել զինված ստորաբաժանումները, անհապաղ ազատ արձակել բանտերում գտնվող խաղաղ ցուցարարներին եւ քաղբանտարկյալներին, չարգելել խաղաղ ցույցերը»: Ադամ Շիֆին հղված նամակով ամերիկահայ մտավորականներն ակնկալում են կոնգրեսականի աջակցությունը. «ԱՄՆ-ում ապրող ամեն մի հայ մտավորականի խիստ անհանգստություն են պատճառում Հայաստանում կատարվող բռնարարքները, որոնց հետեւանքով զոհվում եւ վիրավորվում են անմեղ մարդիկ: Ակնկալում ենք, որ Ձեր գլխավորությամբ հայությանը սատարող կոնգրեսականները իրենց հոգու խոսքը կհղեն Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերացնելու ամեն տեսակի բռնությունները երկրում, հավատարիմ մնալով դեմոկրատիայի սկզբունքներին, հայ ժողովրդի խաղաղ գոյակցությանը»:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |