“Zhamanak” Armenian-American Political Daily

Քաղբանտարկյալների հետքերով

11:45 Yerevan | 7:45 GMT | Friday 21 March 2008

Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը իրականացրել են այցելություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», «Վանաձոր», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներ, որտեղ հանդիպել եւ առանձնազրույցներ են ունեցել վերջին շրջանում կալանավորված քաղբանտարկյալների հետ: Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության` աշխատանքային խմբերը հանդիպել են մոտ 50 կալանավորված անձանց, որոնց զգալի մասը իրենց անհամաձայնությունն է հայտնել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Քաղբանտարկյալների պնդմամբ` առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ մեղադրանքների հիմքում ընկած փաստերի հիմնավորվածության գնահատումը դատական ատյանների իրավասության տակ է եւ նրանց գործունեությանը պաշտպանը միջամտելու լիազորություններ չունի: Ասվել է, որ պաշտպանի իրավասությանն են վերաբերում տվյալ անձանց քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը, կանխարգելումը եւ վերականգնումը: 50 քաղբանտարկյալներից 3-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խմբերը հանդիպել են 24 քաղբանտարկյալների: Կալանավորված անձանցից 20-ը ապահովված են փաստաբաններով: Մեկը հայտնել է, որ փաստաբան չունի եւ պահանջել է: Նշել է նաեւ, որ իրեն ստիպել են հրաժարվել փաստաբանից: Մեկ այլ քաղբանտարկյալ նշել է, որ երբ դիմում է փաստաբանի հետ հանդիպելու խնդրանքով, իր դիմումին ընթացք են տալիս օրեր անց, այսինքն` փաստաբանի ներկայությունը պատշաճ կերպով չի ապահովվում: Երեք քաղբանտարկյալ հայտնել են, որ նախկինում հրաժարվել են փաստաբանից, սակայն այժմ ցանկություն են հայտնել ունենալու: Քաղբանտարկյալներից 9-ը նաեւ հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց համապատասխան կարգավիճակ է տրվել` քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների կոպիտ խախտումներով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից 2-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների: Ձերբակալվածներից մեկը հաշմանդամ է` խուլ եւ համր: Ըստ իր խցակցի` նա կալանավորված է մարտի 1-ի իրադարձությունների համար:

Նշված փաստերի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում են աշխատանքներ` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանակներում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն այցելել է նաեւ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Ըստ ՔԿՀ-ի ղեկավարության` այստեղ պահվում է 18 կալանավորված քաղաքացի: Աշխատանքային խումբը հանդիպել է 6 կալանավորվածների: Առանձնազրույցների ընթացքում քաղբանտարկյալներն անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ` առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ:

Կալանավորված անձանցից մեկը հրաժարվել է հանդիպել ՄԻՊ ներկայացուցիչների հետ: Կալանավորված անձինք քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի մասին որեւէ բողոք չեն ներկայացրել:

ՄԻՊ աշխատանքային խումբը 2008թ. մարտի 12-ին այցելել է նաեւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Մարտի 1-ի` իշխանությունների հրահրած ջարդից տուժած եւ կալանավորի կարգավիճակով այս հիվանդանոցում գտնվող Վ..Ջ.-ն հայտնել է, որ տառապում է ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությամբ: Ըստ նրա` այդ պահին իր առողջական վիճակը հարաբերական նորմալ էր: Ըստ Վ.Ջ.-ի` նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու եւ ապօրինի զենք կրելու մեջ: Վերջինիս պնդմամբ` իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Վ.Ջ.-ն հայտնել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցների գործողությունների առումով որեւէ բողոք-գանգատ չունի:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.