“Zhamanak” Armenian-American Political Daily

Ռեպրեսիվ միջոցները մղում են ապստամբության

15:12 Yerevan | 11:12 GMT | Tuesday 18 March 2008

Ռեպրեսիվ միջոցները մղում են ապստամբության

Ազգային ժողովը երեկ մինչ ուշ գիշեր տեւած արտահերթ նիստում 90 կողմ, 7 դեմ ձայներով ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով փաստորեն ՀՀ քաղաքացիները կամայական պատճառներով կարող են զրկվել հանրահավաքներ ու երթեր անցկացնելու սահմանադրական իրավունքից:

Այսպես. համաձայն փոփոխությունների՝ «զանգվածային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են արգելվել, եթե ըստ հավաստի տվյալների՝ դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»: Ըստ այդմ, «տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն»: Մեկ այլ փոփոխությամբ օրինագծի հեղինակներն առաջարկում են հետեւյալ սահմանափակումը. «Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»:

Առավել տխուր էր տեսնել, թե ովքեր են նստած Հայաստանի օրենսդիր մարմնում եւ որոշում ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանը: Նշենք, որ օրինագծի տակ ստորագրել են ԱԺ 70 պատգամավորներ: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստան ժամանած Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, թե մարդու իրավունքների բոլոր չափանիշներով գոյություն ունի ազատ կերպով հանրահավաքներ անցկացնելու իրավունք: Առանձին դեպքերում, եթե իրավիճակը չափազանց լարված է, իշխանությունները կարող են բացառություն անել եւ արգելել նման միջոցառումները, սակայն դրա համար պետք է հստակ արարողակարգը պահպանեն` դիմեն Եվրախորհրդին կամ ՄԱԿ-ին, հստակեցնեն այդ դրույթը արտակարգ դրության մասին հրամանագրում. «Բայց երթերը կամ հանրահավաքները արգելելու համար պետք է լինեն շատ լուրջ պատճառներ` դա է մարդու իրավունքների չափանիշների դիրքորոշումը»: Պատգամավորների հարցերից պարզվեց, որ փոփոխությունը որեւէ փորձաքննության չի ենթարկվել:

Օրինագիծը ներկայացնում էր ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, որն այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ նախադասություններով հիմնավորել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարող օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, ավելին` հայտարարեց, թե «վերջին դեպքերը վերածվեցին ինքնաբուխ սպանությունների»: ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, ով իշխանությանը խիստ քննադատելով ձայներ հավաքեց եւ հիմա Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա է կազմում, ի թիվս իր այլ մտքերի` հայտարարեց. «Մենք նորից բերում ենք ռեպրեսիվ ճանապարհով հարցի լուծման տարբերակ: ...Մենք փորձում ենք կանխարգելիչ, արգելող, պարտադրող միջոցառումներով լուծել այն խնդիրը, որի մասին, չգիտես ինչու, շատ-շատերը չեն ուզում խոսել, չեն ուզում վերջապես ընդունել, որ էս երկրում կա ահավոր դժգոհություն: Դժգոհություն իշխանության քաղաքականության նկատմամբ»: ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ հավելեց. «Այս օրենքն ընթերցելով, բոլորիս մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ հասարակությունը սպասում է հաջորդ միտինգին»` առաջարկելով խմբագրել փոփոխությունը, որ սահմանափակումները չվերաբերեն բոլորին, եթե մեկ ուժի պատճառով բախումներ են եղել:

«Օրինագիծն ունի քաղաքական ենթատեքստ: Ես ստացա տպավորություն, միգուցե սխալվում եմ, որ սա օրինագիծ է ՀՀ-ում հանրահավաքները չարտոնելու մասին, փորձ է կատարվում լուծել իրավիճակային խնդիրներ: Պատճառները չենք քննարկում», - գնահատական ներկայացրեց Վիկտոր Դալլաքյանը` շարունակելով, թե նման օրինագծերը բոլորովին չեն նպաստում Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թուլացնելուն: Նրա խոսքերով, հանրապետության առաջին նախագահին հաջողվել է գեներացնել այն դժգոհությունը, որը կա ժողովրդի մոտ, եւ «մենք պետք է ոչ թե նրան վերագրենք գերբնական հատկանիշներ, այլ պետք է պարզաբանենք այդ գեներացիայի հիմքերը, արմատները եւ պատճառները»:

«Ավելի են սեղմում զսպանակը, ավելի են ճնշում հասարակության վրա: Հետեւանքները շատ լրջագույն կարող են լինել», - իր ելույթում զգուշացրեց «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: «Ճիշտ 37 թվական. ձերբակալություններ, ճնշումներ, մարդկանց աշխատանքից հանում են միայն նրա համար, որ միտինգի է մասնակցել: Եվ դա արվում է «հավաստի աղբյուրների» վրա հիմնվելով»- հայտարարեց պատգամավորը` հավելելով, որ չի վստահում ոստիկանության հավաստի տեղեկություններին. «Կոնկրետ ինձ փոխնախարարն ասում է` հավաքի էս ժողովրդին ստեղից տար, թե չէ կջարդենք: ...Ես չեմ վստահում մեր ոստիկանության ներկայացրած հավաստի լուրերին, հետեւաբար, եթե այդ հավաստի լուրերի վրա պիտի չթույլատրվի հանրահավաք, որտեղ ժողովուրդն ունի ասելիք, որտեղ ժողովուրդն ուզում է իր ընդվզումն արտահայտի, եւ որը մենք պարտավոր ենք թույլ տալ որպես ժողովրդավարություն հռչակած պետություն ու մենք այս օրենքով դա չենք թույլատրում, շատ ավելի վտանգավոր քայլերի ենք մղում մեր հասարակությանը», - կրկին անգամ զգուշացրեց պատգամավորը` հավելելով. «Ես դեմ եմ այս օրինագծին: Սա չի նպաստելու քաղաքացիական համաձայնության կայացմանը: Սա առաջին հերթին վնասելու է նորընտիր նախագահին»: Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւս անթույլատրելի համարեց օրինագծի ընդունումը. «Մենք հապճեպ ու արագացված ընթացակարգով ընդունում ենք օրենք, որը վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք իրավունք չունենք առանց կարծիք հարցնելու, առանց լուրջ քննարկումներ անցկացնելու ընդունել նման մի օրենք: Մենք ըստ էության չունենք լուրջ հիմնավորում: Օրինագիծը չի քննարկվել ԱԺ համապատասխան հանձնաժողովներում: ...Ժողովրդին անկյուն մտցնելով իսկապես քաղաքական խնդիրները չեն լուծվելու»: Մարտի 1-ին սադրիչների կողմից դանակահարված Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, սա հանրահավաքներ չանցկացնելու մասին օրենք է. «Մենք փորձում ենք այս արնածոր վերքն ավելի խորը բացել, ոչ թե փորձել երկխոսություն իրականացնել, հասարակական համաձայնության հասնել»: Պատգամավորը զգուշացրեց, որ առճակատումն ավելի է խորանալու, լինելու են ավելի մեծաքանակ ցույցեր, ավելի մեծ քանակով անվստահություն: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության դեմ առաջին որոշումը եղել է 2002թ. հանրահավաքի մասնակցին վարչական տույժի ենթարկելու առթիվ: Նաեւ ԵԽ որոշումներով քննադատության են ենթարկվել վարչական հետապնդումները ցուցարարների նկատմամբ: Պատգամավորի խոսքերով, ցանկացած տիպի ռեպրեսիվ միջոցառումները` ներկա քրեական հետապնդումները ցուցարարների նկատմամբ, ինչպես նաեւ նման օրինագծերը ապակայունացնելու են իրավիճակը, կարող են մղել ապստամբության:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.