|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ամերիկահայերը եւս ժողովրդավար Հայաստան են ուզում13:25 Yerevan | 9:25 GMT | Tuesday 18 March 2008 Մարինե Խառատյան
Ամերիկահայերի շրջանում գործող «Հանուն ժողովրդավարական Հայաստանի» միավորումը այս օրերին համալրվում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերով, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրով: Երեքշաբթի օրը միավորման պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Պետդեպի Հարավային Կովկասի եւ հակամարտությունների լուծման գրասենյակի տնօրեն Փոլ Ուոլերսի եւ Հայաստանի գրասենյակի վարիչ Քրիստիան Ռայթի հետ:
Մեր զրույցը «Հանուն ժողովրդավար Հայաստանի» միավորման համանախագահ Համբիկ Սարաֆյանի հետ է:
- Պարոն Սարաֆյան, ի՞նչ հարցեր եք քննարկել ԱՄՆ Պետդեպում ունեցած հանդիպումների ընթացքում: - Ասեմ, որ Հայաստանի վերաբերյալ բավական հարցեր քննարկվեցին, լայնածավալ քննարկում եղավ: Նախ՝ իրենց համար շատ հետաքրքիր էր լսել լոսանջելեսահայության կարծիքը եւ մեր տեսակետը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր կես ժամ, տեւեց 1, 5: Մենք մեզ հետ տարել էինք մարտի 2-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բազմահազար բողոքի ցույցի հայտարարությունը՝ մոտ 10 հազար ստորագրություններով: Հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները Հայաստանի ներկա իրավիճակի, իշխանությունների վարքագծի, ընտրական եւ հետընտրական շրջանում տեղի ունեցած բոլոր երեւույթների վերաբերյալ: Հանգամանորեն խոսեցինք նաեւ իշխանությունների ձեռնարկած անօրինական քայլերի մասին: Փոխանցեցինք Պետդեպին ամերիկահայության խնդրանքը, որ ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններից պահանջի՝ արտակարգ դրության վերացում, հանրահավաքներ անցկացնելու եւ ազատ կարծիք արտահայտելու քաղաքացիների սահմանադրական իրավունքի վերականգնում, քաղաքական հետապնդումների վերացում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ նախագահական ընտրությունները խեղաթյուրված էին ու կեղծված` պահանջի անվավեր համարել ընտրությունների արդյունքները: Մենք նաեւ շնորհակալություն հայտնեցիք ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության իրականացրած աշխատանքի համար, որի մասնակցությամբ փաստորեն դիտորդների միջանկյալ զեկույցում տեղ գտան ընտրական գործընթացի վերաբերյալ իրական գնահատականներ եւ պարզաբանվեցին նախնական գնահատականները: Մինչ այդ ՀՀ իշխանություններին հաջողվել էր աշխարհին խաբել, որ ամեն ինչ ճիշտ ու լավ է եղել: - Ինչպիսի՞ն էր ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների արձագանքը ձեր մտահոգությանը: - Նրանց համար շատ հետաքրքիր էր հայ համայնքի դիրքորոշումը: Հանրահավաքի հայտարարության մեջ տեղ գտած պահանջներից առաջին երեքը փաստորեն արդեն իսկ արտացոլվել են ՀՀ իշխանություններին ուղղված ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ: Ընտրությունները չեղյալ հայտարարելու մասով իրենք համարում են, որ դեռ բոլոր փաստերը պետք է պարզվեն, որ Պետդեպը նաեւ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ցուցաբերի: Նրանք չեն ուզում միջամտել, սակայն չի բացառվում, որ հիմնվելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի վրա` ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ գնահատականը փոխվի: Այսինքն՝ նախագահի ընտրությունները հայտարարվեն միջազգային չափանիշներին չհամապատասխանող, ինչպես գնահատեցին 2003թ. ընտրությունները: Պետդեպի ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ ԱՄՆ կառավարությունը չի բավարարվելու միայն հայտարարություններ անելով: - Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է հետեւել այդ հայտարարություններին: - Նշեցին, որ հնարավոր է սառեցվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն հետեւողականորեն անտեսել միջազգային հանրության կոչերը: Եթե հիշում եք, Վարդան Օսկանյանը մի քանի ամիս առաջ ասել էր, որ եթե այս ընտրությունները կեղծվեն, գինը շատ թանկ կլինի: Այսօր իսկապես այս իշխանությունների գործունեության պատճառով կա վտանգ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որով Հայաստանին ԱՄՆ-ն տրամադրելու է 235.6 մլն դոլար, կասեցվի: Պետդեպում նաեւ լրջորեն մտահոգված էին հայաստանյան մամուլի բացարձակ սահմանափակումով: - Մարտի 1-ի դեպքերը միջազգային քննության ենթարկելու մասին որեւէ առաջարկ եղե՞լ է: - Հայաստանում տեղի ունեցած դեպքերի շուրջ միջազգային քննություն անցկացնելու հարցը, այո, եղել է, եւ շատ հստակ նշվեց, որ անաչառ հետաքննություն պետք է անցկացվի: Նրանք ասացին, որ միջազգային հետաքննություն անցկացնելու հարցը լրջորեն քննարկում են: Իրենք սպասում են այստեղի հետաքննության արդյունքներին, որ իրենց գնահատականը տան: Մենք բարձրաձայնեցինք մեր մտահոգությունը, թե շատ հավանական է, որ տեղի չունենա արդար քննություն, քանի որ քննության անցկացնողը նույն մարդիկ են, ովքեր մարտի 1-ի արարքներն են արել, եւ նախաքննության ընթացքը ցույց է տալիս, որ նրանք ծրագրված ուղիով են գնում: - Պարոն Սարաֆյան, ինչպիսի՞ն են լինելու միավորման հետագա քայլերը: - Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը ԱՄՆ բոլոր կոնգրեսականների հետ, մանավանդ` Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամների հետ, նրանց իրազեկ դարձնելու Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ թե այդ առթիվ ինչ է մտածում ԱՄՆ հայ համայնքը: Ես ասեմ, որ մինչ Պետդեպում մեր հանդիպումը, մենք նաեւ հանդիպումներ ունեցանք ԱՄՆ Կոնգրեսում: Մենք կոնգրեսականների գրասենյակներին փոխանցեցինք փաթեթներ, որոնք տեղեկություններ, փաստեր էին պարունակում հայաստանյան ընտրությունների ընթացքի եւ մարտի 1-ին Հայաստանում կատարված իրադարձությունների, ինչպես նաեւ ընդդիմադիրների համատարած ձերբակալությունների ու քաղաքական հետապնդումների մասին: Կոնգրեսականներին թվում էր՝ մենք ցեղասպանության հարցով ենք իրենց մոտեցել, զարմացան, որ մենք այդպիսի հարցեր ենք բարձրացնում: Իրենց համար շատ կարեւոր էր տեղեկանալ ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշմանը այս հարցում: Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նամակ է ուղարկել ՀՀ իշխանություններին, որտեղ դժգոհություն է հայտնել վերջին իրադարձությունների առթիվ: - Պարոն Սարաֆյան, իսկ հայ համայնքի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է այսօր: - Հայերը համոզված են, որ Հայաստանի իշխանությունների արարքը սեփական ժողովրդի նկատմամբ անընդունելի է: Եթե 2004-ին ժողովուրդը ինչ-որ կերպ համակերպվեց, ապա այլեւս անհնար է համակերպվել: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանը՝ մեր հայրենիքը, ուր մեր քույրերն ու եղբայրներն են ապրում, դառնա ժողովրդավար եւ ընտրությունները Հայաստանում լինեն ազատ եւ թափանցիկ:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |