“Zhamanak” Armenian-American Political Daily

«Շատ դժվար կլինի Աղվան Հովսեփյանին պաշտպանելը, եթե մի օր նա քաղբանտարկյալ դառնա»

13:23 Yerevan | 9:23 GMT | Tuesday 18 March 2008

Հեղինե Մանուկյան

Մեր զրույցը իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի հետ է:

- Պրն Դանիելյան, որպես իրավապաշտպան ի՞նչ գնահատական կտայիք մեր երկրում վերջին ամիսներին մարդու իրավունքների պաշտպանվածությանը:

- Մի բան կարող եմ վստահաբար ասել` մարդու իրավունքների պաշտպանությունը մեզանում կտրուկ նվազում է: Ես հետեւել եմ նախընտրական եւ ետընտրական շրջանի զարգացումներին եւ ահա այսպիսի եզրակացություն կարող եմ անել` մեր իշխանություններն ապացուցեցին մեր երկրի ստատուսը, որն է` զինվորաոստիկանական պետություն: Ես ցավով եմ դա նշում եւ էլ ավելի ցավով պիտի արձանագրեմ, որ դրանում կա եւ միջազգային հանրության, եւ մեր քաղաքական ուժերի, եւ իրավապաշտպանների մեղավորությունը: Այդ ամենը սկսվել է 1998թ.-ից, երբ նախագահական ընտրությունների ժամանակ թույլ տրվեց, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի այդ ընտրություններին: Այն ժամանակ պետք էր ձայն բարձրացնել եւ ասել, որ ինքն իրավունք չունի դառնալ նախագահ: (Քոչարյանը չուներ ՀՀ Սահմանադրությամբ նախագահի թեկնածուին ներկայացվող վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի լինելու ցենզը): Այն ժամանակ ոչ ոք ձայն չհանեց` բացի մեկ-երկու քաղաքական գործիչներից եւ մեր կազմակերպությունից: Իսկ այսօր մեզ մնում է քաղել այն պտուղները, որի սերմերը ցանել ենք դեռեւս 1998թ.-ին:

- Ուզում եք ասել` անօրինական ճանապարհով նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի 10 տարիների նույնպիսի աշխատաոճն «արդարացվա՞ծ» է:

- Այո: Մի մարդ, որը Սահմանադրությամբ իրավունք չունի նախագահ դառնալ, իրավունք չունի նաեւ որեւէ փաստաթուղթ ստորագրել, ուստի նրա ստորագրած բոլոր հրամանագրերը անօրինական են: Փաստ է, որ մենք 10 տարի ապրում ենք անօրինական պետությունում: Երբ ես այդ մասին ասում էի բարձր ատյանների հետ հանդիպումների ժամանակ, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն ինձ չէր պաշտպանում` ժպտում էին, ասում, դե լավ հերիք եղավ, էլի, նույնիսկ մեր երկիր եկած արտասահմանյան դիտորդներն էին ինձ առաջարկում դադարել խոսել այդ մասին...Մինչդեռ այս ամենի վերջը եղավ այն, որ մենք պաշտոնական տվյալների համաձայն մարտի 1-ի դեպքերից հետո 8 զոհ ունեցանք:

- Այսօր արդեն լեփ-լեցուն են գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները ու չնայած դրան, ամեն օր ձերբակալվում են Ազատության հրապարակի հանրահավաքների նոր մասնակիցներ: Դուք այդ մարդկանց ի՞նչ որակում եք տալիս, նրանք «հանցագործներ են», ինչպես որ դատախազությունն է ներկայացնում, թե՞ քաղբանտարկյալներ:

- Միանշանակ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են: Ավելին ասեմ. դեռեւս այն ժամանակ, երբ ձերբակալեցին Գագիկ Ջհանգիրյանին, ես ընկերներիս ասացի, որ հրաժարական եմ տալիս, քանի որ ինձ համար շատ դժվար կլինի Ջհանգիրյանին քաղբանտարկյալ համարելը: Բայց նա կլասիկ քաղբանտարկյալ է: Ես շատ եմ վախենում այն մտքից, որ Աղվան Հովսեփյանը հանկարծ մի օր դառնա քաղբանտարկյալ. շա~տ եմ վախենում, չէի ուզենա, որովհետեւ նրան շատ դժվար կլինի պաշտպանել` նկատի ունենալով այն անօրինական գործողությունները, որոնք նա եւ նրա հրահանգով այսօր կատարում են մյուս քաղաքական դեմքերը: Նրան պաշտպանելն իսկապես դժվար կլինի: Ես հույս ունեմ, որ եթե իշխանափոխություն լինի, դատախազի եւ մյուսների նկատմամբ չեն կիրառվի այն նույն մեթոդները, որոնք այսօր նրանք կիրառում են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Իմիջիայլոց, այստեղ ուզում եմ անդրադառնալ Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի հարցազրույցին, որտեղ նա ասում է, թե այս օրերին ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, քանի որ այն պետք է հոգա քաղաքացիների անվտանգության խնդիրները: Շա~տ ներողություն, 1999թ.-ին, երբ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, Ազգային անվտանգության նախարարը, որը հիմիկվա վարչապետն է, այն ժամանակ չկարողացավ պաշտպանել մարդկանց, հիմա ո՞նց է կարողանալու երկրի անվտանգության մասին հոգալ:

- Պրն Դանիելյան, «քաղբանտարկյալ» երեւույթը, ըստ Ձեզ, համատեղելի՞ է ժողովրդավարական երկիր հասկացության հետ: Հայաստանն, օրինակ, իրեն այդպիսի երկիր է հռչակել, սակայն այսօր արդեն անթիվ քաղբանտարկյալներ ունի, որոնց թիվը դեռ աճելու միտում ունի:

- Ցավոք, մենք այն երկիրն ենք, որն իրեն, ինչպես ասվեց, դեմոկրատական երկիր է համարում, սակայն, այո, ցավոք, ունի քաղբանտարկյալներ: Առաջին քաղբանտարկյալը, որի մասին չգիտես ինչու չեն խոսում, Մուրադ Բոջոլյանն է, հետո, ըստ ազատազրկվելու հաջորդականության` Արման Բաբաջանյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ 2008թ.-ին ձերբակալվածների ամբողջ շղթան: Չմոռանանք նաեւ «Եհովայի վկաներ» աղանդի հետեւորդ ձերբակալվածներին` թվով 64 հոգի, ուզում ենք դա, թե ոչ, բայց նրանք էլ են խղճի գերի:

- Ներկայումս Հայաստանում քանի՞ քաղբանտարկյալ կա:

- 87` գումարած 64 Եհովայի վկաները: Այդ 87-ից 83-ը, Ա.Բաբաջանյանին, Մ.Բոջոլյանին, Վ. Մալխասյանին, Ժ. Սեֆիլյանին հանած, այն մարդիկ են, ովքեր ձերբակալվել են վերջին նախընտրական եւ ետընտրական գործողությունների ընթացքում:

- Դուք այցելու՞մ եք վերջիններիս:

- Ոչ, մեզ` «Հելսինկյան ացոցիացիային» թույլ չեն տալիս: Կա Արդարադատության նախարարությանը կից մոնիտորինգի խումբ, որը զբաղվում է դրանով, որին եւս, պարզվեց, արգելել էին այցելել: Այդ խումբը դիմում էր ներկայացրել Արդարադատության նախարարին, որից հետո միայն այցելության թույլտվություն էր ստացել: Մեր կազմակերպությունն այդ խմբի մեջ չի մտնում, սակայն մեր աշխատակցին, հավանաբար կընդգրկենք դրանում, եւ նա եւս կայցելի ձերբակալվածներին:

- Այնուամենայնիվ, որպես իրավապաշտպան տեղյակ կլինեք, այժմ ի՞նչ վիճակում են ձերբակալված այդ 83 հոգին:

- Քանի որ մեզ թույլ չտրվեց այցելել եւ անձամբ տեսակցել ձերբակալվածներին, չեմ կարող ասել: Մոնիտորինգ իրականացնող խմբի անդամներից մեկի պատմելով կան ծեծված ու խոշտանգված մարդիկ, որոնց վրա խոշտանգումների հետքերը մինչեւ այժմ դեռ մնում են:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.