“Zhamanak” Armenian-American Political Daily

Ուրանալ աքաղաղի կանչից հետո

13:22 Yerevan | 9:22 GMT | Tuesday 18 March 2008

Արամ Ամատունի

Հայաստանի ներկայիս վարչապետ, իսկ փետրվարի 19-ի նախագահի ընտրության պաշտոնական տվյալներով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը իր փետրվարի 13-ի հեռուստաելույթում, որ կառուցված էր քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատով, ընդ որում` նախապես ստացված հարցերի տեսքով, բավական հետաքրքրական ձեւով պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետության մասին հարցին:

Ս Սարգսյանը հայտարարեց, որ կարծում է, թե եւ ինքը, եւ Ռոբերտ Քոչարյանը, ազնիվ են եւ եթե Ռոբերտ Քոչարյանը վարչապետ դառնալու լիներ, ապա այդ մասին կհայտարարեին նախապես, այնպես, ինչպես ազնվորեն նախապես հայտարարեցին Պուտինն ու Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանն, ըստ էության, հերքում է Ռոբերտ Քոչարյանի վարչապետ լինելու հավանականությունը: Ընդ որում` Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է դա հերքում: Առաջին անգամ այդ բանը տեղի ունեցավ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, երբ դեռ կարծես թե չէր էլ մեկնարկել պաշտոնական քարոզարշավը եւ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտնել էր, թե Ռոբերտ Քոչարյանը վարչապետ լինելու ցանկություն չի արտահայտել: Սակայն խնդիրն այն է, որ Քոչարյանը չի էլ բացառել իր վարչապետ լինելու ցանկությունը: Հայտնի է, որ խոսել է երիտասարդ թոշակառու չլինելու ցանկության մասին, բայց ինչ լինելու կամ որեւէ այլ կարգավիճակում չլինելու ցանկության մասին Քոչարյանը չի խոսում: Նա համառորեն լռում է, իսկ փետրվարի 19-ին էլ հայտարարեց, թե իր հետագա անելիքը ամենամեծ գաղտնիքն է, որի մասին կխոսի ապրիլի 9-ից հետո: Ինչու է ամենամեծ գաղտնիքը, սա թերեւս ունի երկու բացատրություն: Կամ Քոչարյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում անել կամ գիտի, պարզապես մինչեւ ապրիլի 9-ը, մինչեւ նոր նախագահի երդման արարողությունը, իրեն ժամանակ է պետք իր անելիքի բավարար երաշխիքներ ձեռք բերելու համար: Սակայն, մյուս կողմից, եթե գաղտնիք է նրա անելիքը, ապա ինչպես նա կարող է ունենալ դրա իրականացման երաշխիքներ: Հետեւաբար, կամ Ռոբերտ Քոչարյանի ցանկության մասին այնուամենայնիվ ինչ-որ մեկը գիտե, կամ նա իր ցանկության իրականացման երաշխիք համարում է հենց գաղտնիությունը, որպեսզի հանկարծակիի բերի քաղաքական դաշտին ու իշխանական վերնախավին: Վերջին հաշվով, Քոչարյանի քաղաքական ձեռագրում հանկարծակիությունը ունի առանցքային տեղ: Նա իր համար վճռորոշ պահերին միշտ էլ առաջնորդվել է այդ սկզբունքով` խորամանկելով թե մրցակիցներին եւ թե յուրայիններին: Եվ այդ իսկ պատճառով էլ անգամ դժվար է հասկանալ, թե Քոչարյանն ում է յուրային եւ ում` մրցակից համարում: Ու թերեւս հենց դա չի կարողանում հասկանալ նաեւ Սերժ Սարգսյանը, որ արդեն երկրորդ անգամ հերքում է Քոչարյանի վարչապետության հավանականությունը, ընդ որում` երկրորդ անգամ արդեն հարցը դնելով բավական սուր: Եթե առաջին անգամ Սերժ Սարգսյանն ընդամենը ասել էր, որ Քոչարյանը չի խոսել վարչապետ լինելու մասին, ապա երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը պարզապես ասում է, որ այդ մասին ազնվորեն կհայտարարվեր նախապես: Դա նշանակում է, որ եթե չի հայտարարվել նախապես, ապա անազնիվ է այժմ հույսեր տածել վարչապետության մասին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդ մեսիջն էր ուղղում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ եթե ուղղում էր եւ այն էլ` երկրորդ անգամ եւ այն էլ` արդեն ազնիվ-անազնիվ հարթության մեջ, ապա առնվազն նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ունի մտավախություն, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է լինել վարչապետ: Այսինքն` եթե Քոչարյանի ցանկությունը Սերժ Սարգսյանի համար էլ գաղտնիք է, ապա կասկածներ այդ կապակցությամբ նա հաստատ ունի: Ստացում է, որ մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը երեք անգամ պետք է հասցնի «ուրանալ» Քոչարյանի հավանական վարչապետությունը: Բայց ինչ կլինի հետո, երբ դա ոչինչ չփոխի: Ինչ է անելու Սերժ Սարգսյանը, եթե Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ որոշի մնալ: Իսկ այն, որ նա մնալու ավելի ու ավելի մեծ շանսեր է ձեռք բերում, կարծես թե տեսանելի է օր օրի: Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի նախագահությունը դեռեւս չմեկնարկած, քաղաքական կյանքը նրա համար վերածեց այնպիսի արյունոտ մղձավանջի, որի տակից Սերժ Սարգսյանը գործնականում անկարող է միայնակ դուրս գալ` եւ հայ հասարակության, եւ միջազգային հանրության առաջ:

Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին գցեց կախվածության մեջ այնպես, որ այժմ Սարգսյանն այլ ելք չունի, քան Քոչարյանին հնարավորություն տալ, որ նա ինքը կուլ տա ու մարսի իր եփածը: Բայց, մյուս կողմից, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այդպիսի հնարավորություն տալու դեպքում նա կուլ կտա ու կմարսի ոչ միայն իր եփած շիլան, այլ Սերժ Սարգսյանին էլ: Ահա թե ինչու է վարչապետը, հայտնվելով անգամ չափազանց ծանր դրության առաջ, ընդդիմանում Քոչարյանի վարչապետությանը եւ արդեն օգնություն հայցում` հիշատակելով Պուտինին ու Մեդվեդեւին: Եվ Սերժ Սարգսյանին հիմա կարծես թե կարող է օգնել միայն արտաքին աշխարհը, եթե կանխի Ռոբերտ Քոչարյանի վարչապետությունը: Բայց դրա համար պետք է, որ Սարգսյանը ցույց տա իր եւ Քոչարյանի իրական տարբերությունը: Արժե հիշել, թե ինչպես էր հայտնի Մեթյու Բրայզան օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել, որ ԱՄՆ-ն «սկզբունքորեն» աջակցում է Սարգսյանին: Այսինքն` սկզբունքորեն աջակցում են, բայց այդ աջակցությունը գործնական կարող է լինել միայն Քոչարյանից Սարգսյանի տարբերությունը տեսնելու պարագայում: Իսկ այժմ այդ տարբերությունը չի երեւում, անգամ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է կոալիցիոն կառավարություն ձեւավորելու եւ ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու պատրաստակամության մասին: Բանն այն է, որ միջազգային հանրությունը «Հայլուրից» չէ, որ տեղեկանում է, թե Սերժ Սարգսյանի այդքան նոր ու այդքան հին կոալիցիոն գործընկերները հայ հասարակության որքան տոկոսի համախառն կարծիքն են արտահայտում: Հետեւաբար Սարգսյանին անհրաժեշտ է դրսեւորել իրական կյանքի վրա հենված քայլեր, ոչ թե փորձել թոզ փչել միջազգային հանրության աչքին: Առավել եւս, որ եթե նա խոսում է ընդհանրապես ազնվության մասին, ապա այդ տեսանկյունից Քոչարյանը համեմատաբար ավելի ազնիվ է, որովհետեւ չի փորձում ներկայանալ հրեշտակի թեւերով, ինչպես Սերժ Սարգսյանը:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.