“Zhamanak” Armenian-American Political Daily

Թալեաթի եւ Էնվերի կրկնօրինակների, միաժամանակ՝ «Ստալինի եւ Բերիայի լաքեյների» մասին

13:20 Yerevan | 9:20 GMT | Tuesday 18 March 2008

Այս օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցները հանրահավաքներ են կազմակերպում եւ այսկերպ իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ:

Մարտի 15-ին, երբ «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Բենիլյուքսում ՀՀ դեսպանատան մուտքի մոտ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու եւ Հայաստանում տիրող ետընտրական իրադարձությունների առիթով Բելգիայում ապրող մեր հայրենակիցները` մոտ 100 հոգի, հանրահավաք էին կազմակերպել: (Կազմակերպիչներն են` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով իր կնոջ` Ելենայի հետ Իսպանիայից հատուկ այդ նպատակով Բրյուսել էր եկել եւ Վալերի Հակոբյանը): Ինչպես նշեց Մարգարիտա Սարգսյանը, ցուցարարները դեսպանատան պատերին են փակցրել ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված են եղել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի «պորտրետները»` «Մարդասպաններ» մակագրությամբ, իսկ Վարդան Օսկանյանի «պորտրետով» ցուցապաստառի վրա գրված է եղել «Սատանայի դատապաշտպան»: Հանրահավաքի մասնակիցներն այնուհետ «Մեր ժամանակների Էնվերներ եւ Թալեաթներ», «Մեր ազգը Թեհլերյաններ էլ ունի», «Չճանաչել ընտրությունների արդյունքները», «Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը փոխարինում են 1915թ.-ին` Թալեաթին եւ Էնվերին, իսկ 1937թ.-ին` Ստալինի եւ Բերիայի լաքեյներին» հայերեն եւ ֆրանսերեն գրություններով ցուցապաստառները ձեռքներին փորձել են երթով հասնել Բրյուսելի հեղինակավոր «Կոնրադ» հյուրանոց, որտեղ այդ ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպում էր ունենում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: (Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստել եւ մասնակիցներին են բաժանել միայն «Չճանաչել ընտրությունների արդյունքները» գրությամբ ցուցապաստառները, իսկ մյուս պաստառների հեղինակները ցուցարարներն են): Սակայն, քանի որ երթն արտոնված չի եղել, ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ հյուրանոցին: Հանրահավաքի մասնակիցները նորից վերադարձել են դեսպանատան մոտ, որտեղից որ սկսել էին երթը: Հանրահավաքի մասնակիցներից մեկը` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը պատմեց, որ հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ էին, «օրինավոր եւ բարձրակարգ մարդիկ, որոնց մեջ ոչ մի, ինչպես «Հայլուրն» է սիրում ասել, թմրադեղերի ազդեցության տակ գտնվող կամ խմիչք օգտագործած տղամարդ չկար: Մեզ անչափ զայրացնում է «Թալեաթի ազդակի», նույնն է թե` «Հայլուրի» վերաբերմունքը արցախյան պատերազմին մասնակցած եւ հաղթանակած մեր հերոսների` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ, որը ցուցադրվում է եթերում: Ինչո՞ւ «Թալեաթի ազդակ», քանի որ ժամանակին Թալեաթն ու Էնվերն էին նույնկերպ վարվում մեր ազգային հերոսների նկատմամբ: Մեր հանրահավաքի նպատակը եվրոպական պաշտոնյաների մոտ հայաստանյան իշխանությունների մարդասպան վարքագիծն արդարացնելու եկած Վարդան Օսկանյանի պլաններն ի չիք դարձնելն էր եւ Եվրոպայի աչքերը բացելն էր Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա», - ասաց Մարգարիտան: Նշենք, որ հաջորդ` ավելի բազմամարդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, որին մասնակցելու են նաեւ Փարիզում ապրող մեր հայրենակիցները: Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստվում են նամակներ ուղարկել Բելգիայի սենատորներին եւ ԵԱՀԿ գրասենյակ, որոնց մեջ ներառված կլինեն մարտի 1-ի դեպքերի ժամանակ ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների անուններն ու շրջանառվող այն CD-ի պատճենները, որի վրա արձանագրված են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որտեղ կադրեր կան, թե ինչպես են խաղաղ ցուցարարների վրա հատուկ ջոկատայինները կրակ արձակում եւ նռնակ նետում: Հանրահավաքի կազմակերպիչները ժամանակ առաջ նամակ են ուղարկել ԵԱՀԿ Վարշավայի գրասենյակ, որում ներառված է եղել «Արյունոտ տասնամյակ» վերնագրով փաստագրական գրքույկը: Այն ժամանակ առաջ տպագրվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթում: Ինչպես վստահեցրեց Մարգարիտան, թեեւ գրասենյակից դեռ չեն արձագանքել, սակայն կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը տարբեր խողովակներով իրազեկ է դառնում իրեն դեմոկրատական երկիր հռչակած, սակայն իրականում բռնատիրական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.