|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ղարաբաղյան բանակցային գործընթացը կասկածի տա՞կ13:19 Yerevan | 9:19 GMT | Tuesday 18 March 2008 Էմմա Գաբրիելյան
Այսուհետեւ պաշտոնական Բաքուն, անկասկած, բաց չի թողնելու որեւէ առիթ եւ տարբեր կառույցներում ցանկացած թեմայով ներկայացված փաստաթղթերում պահանջելու է հղում կատարել ՄԱԿ-ում մարտի 14-ին ընդունված բանաձեւին:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին առնչվող բանաձեւի նախագիծ ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, սակայն այս տարի այն` 39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Բանաձեւի օգտին քվեարկած 39 երկրների շարքում են ՎՈՒԱՄ-ի երկրները, հիմնականում նաեւ` Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ պետությունները: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի երկրներ եւս դեմ են քվեարկել բանաձեւին, իսկ 100 պետությունների ներկայացուցիչներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից կամ չեն մասնակցել քվեարկությանը: Ի դեպ, այս պետությունների ձեռնպահ քվեարկելու փաստը հստակ վերաբերմունք է ԼՂ-ի խնդրի վերաբերյալ` հակառակ դեպքում այդ պետությունները պարզապես դեմ կքվեարկեին: Սակայն նախորդ տարիներին դեռ հաջողվում էր պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի Ադրբեջանը չպնդի իր հեղինակած նախագիծը օրակարգ մտցնելը` այն հիմնավորմամբ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է բանակցությունները: Երեւանը անգամ ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում նախազգուշացնել, որ եթե Ադրբեջանը փորձի շարունակել բանաձեւի այդ նախագծերի քննարկումները, այն դնի քվեարկության, ապա Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից: ՄԱԿ-ում այս գործընթացը շարունակական էր դարձել, Հայաստանը վաղուց էր խաղում Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով, պաշտոնական Երեւանը նախորդ տարիներին ոչ մեկ անգամ էր հայտարարել, որ եթե Ադրբեջանը առաջ տանի նախագիծը ՄԱԿ-ում, նշանակում է վերապահումներ ունի բանակցային գործընթացի նկատմամբ: Ամեն տարի Բաքուն առիթը բաց չէր թողնում ՄԱԿ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության, գրավյալ տարածքների հարցերը նախագծերում ներառելու համար. Ադրբեջանը մշտապես իր հեղինակած բանաձեւի նախագծերում կոչ էր անում ՄԱԿ-ին՝ վերահաստատել երկրի տարածքային ամբողջականությունը եւ ԼՂ-ն ներկայացնում էր որպես Ադրբեջանի տարածք: Այսպիսով, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացած` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի առիթով պաշտոնական Բաքուն ոչ առաջին անգամ արտահայտեց իր դժոգությունը ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերաբերյալ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը ոչ միայն հայտարարեց, որ վերապահումներ ունեն ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի նկատմամբ, այլեւ հստակ ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն գործունեությունը պետք է շարունակի ընդունված բանաձեւի հիման վրա: Այսպես. Ա.Ազիմովը ընդունված բանաձեւի առիթով նշել էր, որ այն «շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի», այնուհետեւ նա քննադատել էր ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահների գործունեությունը` պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել. «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա», - ընդգծել էր Ազիմովը: Ասել է թե` ԵԱՀԿ ՄԽ-ն եւս խաղալու է Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում մարտի 14-ին ընդունված բանաձեւում մասնավորապես ամրագրված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը»: ՄԱԿ-ը այս բանաձեւով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ եւ լիակատար դուրսբերում: ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է LՂ-ում եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որը կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - ասված է ՄԱԿ-ի բանաձեւում: Փաստաթուղթը նաեւ փաստում է. «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»: Բանաձեւի շուրջ քվեարկությունից առաջ հայտնի է, որ ասամբլեայի լիագումար նիստում բանավեճ է ծավալվել. ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներից երկուսի` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել նախագծի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը` ելույթ ունենալով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների անունից ասել է, թե ներկայացված բանաձեւում տեղ է գտել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի. «Նման ընտրովի մոտեցումը կարգավորման սկզբունքներին ստիպում է մեր երեք պետություններին դեմ արտահայտվել ներկայացված նախագծին», - ասել է Վուլֆը: «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարարությունը: Մեկնաբանությունում նշվել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ բանաձեւին դեմ են քվեարկել՝ համատեղ հայտարարությամբ փաստելով ադրբեջանական կողմի այդ քայլի ժամանակավրեպ եւ ոչ արդյունավետ լինելը. «Մասնավորապես բանաձեւում ներառված են միայն կարգավորման բազային այն սկզբունքները, որոնք բխում են զուտ Ադրբեջանի շահերից, չհիշելով, օրինակ, ԼՂ-ի կարգավիճակի վերջնական որոշումը` բնակչության ազատ եւ իրական կամարտահայտության միջոցով: Նման մոտեցումը բանաձեւն անընդունելի է դարձրել հայկական կողմի համար», - ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ: Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանին, ապա ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով` Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը»: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը բանաձեւը բնութագրել է որպես երկերեսանի. «Մի կողմից այն փորձում է ապատեղեկացնել, քանզի ներառում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին սատարող դրույթ: Մյուս կողմից Ադրբեջանը ցուցադրաբար հեգնեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը»: Այնուհետեւ Վ.Օսկանյանը նշել է. «Մեզ հիմա հետաքրքիր են Ադրբեջանի հաջորդ քայլերը: Մենք ուզում ենք պարզել` արդյո՞ք այս բանաձեւի նպատակն էր կազմաքանդել բանակցային գործընթացը, թե՞ այժմ միջազգային հանրության գնահատականը ստանալուց հետո նրանք կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` աշխատելու փոխզիջումների վրա հիմնված կայուն կարգավորում գտնելու համար»: Անդրադառնալով բանակցությունների սեղանին առկա հակամարտության կարգավորման փաստաթղթին` Վ.Օսկանյանը նկատել է. «Այս փաստաթուղթը հայերի եւ ադրբեջանցիների համար առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է ընձեռում: Սա հենց այն է, ինչը ԼՂ հիմնախնդիրը տարբերակում է մեր տարածաշրջանում եւ Եվրոպայում առկա մյուս բոլոր հակամարտություններից եւ այն յուրահատուկ է դարձնում ոչ միայն իրավական եւ պատմական տեսանկյունից, այլեւ բանակցային նորարար մոտեցմամբ, որի նպատակն է գտնել իրատեսական հանգուցալուծում»: Օրերս Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում անդրադառնալով կարգավորման վերջին տարբերակին է` շեշտել էր, որ օրակարգում դրված է սկզբունքային առաջարկների մի համալիր. «Այդ առաջարկները նախատեսում են տարածքների վերադարձ ադրբեջանցիներին, փախստականների վերադարձ այդ տարածքներ: Այն ներառում է Հայաստանը եւ Ղարաբաղը միացնող միջանցք եւ միջազգային խաղաղապահների ներկայություն: Այսինքն` այդ առաջարկները հիմք կհանդիսանան խաղաղ պայմանագրի համար, որը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում դրված են բացառիկ եւ հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կենսագործել», - նկատել էր ամերիկացի դիվանագետը: Այսպիսով` 1998թ. իշխանափոխությունից հետո հայկական դիվանագիտությունը ղարաբաղյան խնդրին առնչվող հերթական պարտությունը արձանագրեց, եւ ուշագրավ է, որ այս «ձեռքբերումները» ամրագրում է մի իշխանություն, որը համաժողովրդական Շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է ԼՂ-ի խնդրում պարտվողական քաղաքականություն վարելու մեջ:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |