“Zhamanak” Armenian-American Political Daily

Վրաստանը Հարավային Կովկասում

13:18 Yerevan | 9:18 GMT | Tuesday 18 March 2008

Գոհար Բարսամյան

Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտները հետխորհրդային շրջանում դժվար են կայանում: Հարավային Կովկասի գրեթե բոլոր հանրապետություններում հասարակության մեջ խնդիր է ծագում իշխանական ենթակառույցներից պաշտպանվելու համար:

Պոպերի փիլիսոփայությունը կիրառունակ է այս տարածաշրջանի համար` «Ինչպես անել, որ իշխանությունները այսքան մեծ վնաս չտան հասարակությանը»: Յուրաքանչյուր հետհեղափոխական իրավիճակ ենթադրում է նախեւառաջ տնտեսության ենթակառույցների կաթվածահարում: Այս իրողությունը ենթադրում է պետության վերնաշենքի մյուս ենթակառույցների ոչ թե ինտենսիվ, այլ էքստենսիվ զարգացում: Ավելի պարզ ասած` պետական մեքենան ուղիղ համեմատական կարգով «կախյալ վիճակի» կարգավիճակում է` ոչ միայն մեծ տերություններից, այլ նաեւ միջազգային կառույցներից: Այն ժողովուրդները, որոնք ներքին կարգավորվածության եւ համակարգված լինելու խնդիրներ չունեն` համեմատաբար կարճ ժամանակամիջոցում հաղթահարեցին խոչընդոտները ժողովրդաիշխանության ձեւավորման ընթացակարգում, ինչպես օրինակ` մերձբալթյան հանրապետություններում: Առկա է մեկ այլ կարեւոր գործոն եւս. ժողովրդաիշխանությունը իր լավագույն տեսակով կառավարման լավագույն ձեւն է, վատագույն տեսակով` վատթարագույնը: Այստեղ կարեւոր է այն գործոնը, թե արդյո՞ք արժանավորները կգան իշխանության գլուխ եւ կապահովվի՞, արդյոք, մրցակցության մաքուր ձեւը, ինչը քաղաքագիտության մեջ կոչվում է մերիտոկրատիա: Հարավային Կովկասում ժողովրդաիշխանության հաստատման ճանապարհին ընտրեցին վատագույն ճանապարհը: «Պետությունը ես եմ» կարգախոսով նախագահական կառավարման համակարգում բոլոր ինստիտուցիոնալ կառույցները գրեթե ձեւական բնույթ ունեն եւ կախյալ վիճակում են նախագահական կառավարման բուրգի գագաթից` նախագահից: Ծայրագավառային ժողովրդավարությունը դրսեւորվում է ավտորիտար վարչակարգի բոլոր հետադեմ եւ վատագույն ձեւերով. իշխանամետները ներկայացնում են պետություն, ընդդիմությունը` պետության հիմքերը քայքայող ուժ: Այսպիսով` քաղաքական դաշտի մոնոլիտությունը դրսեւորվում է էլ ավելի ռեակցիոն ձեւերով. չընդունելու, չհանդուրժելու, խաղադաշտից բռնի դուրս մղելու միջոցով: Պարզ է, որ այստեղ գործում է պարզ կրիմինալի չգրված օրենքը. «Այս տարածքը իմն է»: Ողբերգությունը ընդգրկում է պետության բոլոր ոլորտները եւ հանգեցնում է բոլոր ոլորտների կաթվածահարման: Այս իրողությունը դրսեւորվեց Ադրբեջանում, վերջերս նաեւ Հայաստանում: Գործընթացները քիչ այլ են Վրաստանում: Ինչ խոսք, Վրաստանում ավելի դյուրին չէ, քան մյուս հանրապետություններում: Սակայն Վրաստանը հիմնվում է ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող ԱՄՆ-ի վրա: Այստեղ եւս գոյություն ունի հակադարձող ուժ. 19-րդ դարից սկսած` Ռուսաստանը այս տարածաշրջանում գերիշխող դիրքեր ունի եւ ոչ մի կերպ չի հանդուրժում այլ գերակայություն: Գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արեւմտյան արժեքների կողմնակից է եւ նրա վարած քաղաքականության բաղադրյալները համապատասխանեցված են այդ արժեքներին, սակայն ընթացակարգերը խիստ հիվանդագին են: Այսպես` Թբիլիսիում երեկ կայացավ հացադուլ հայտարարած ընդդիմության հանրահավաքը, որը ուղղված է նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի պաշտոնաթողությանը: Սակայն թե վրաց ժողովուրդը եւ թե պետությունը նրանց նկատմամբ քիչ հետաքրքրություն են հանդես բերում: Ռուսթավելի պողոտայում հացադուլավորների գլխավոր պահանջը նախագահական նոր ընտրությունների անցկացումն է եւ ԱՊՀ-ից Վրաստանի, ինչպես նաեւ Աբխազիայից խաղաղապահների դուրսբերումը: «Պողոտայի հետիոտնային անցման տեղում 15 վրան կա, նրանց կողքին` ջրի դատարկ շշեր. ակցիայի մասնակիցները միայն ջուր են խմում», - գրում է «Կոմերսանտը»: Մինչդեռ նախագահ Սահակաշվիլին մարտի 16-ից ԱՄՆ-ում է, որտեղ մնալու է մինչեւ 20-ը, եւ բանակցություններում մտադիր է շոշափել Վրաստանի համար առանցքային հարցեր: Անշուշտ, առաջնային է ՆԱՏՕ-ին ինտեգրվելը: «Իսկ պատմական այդ վճռորոշ պահին կարեւոր է Հայաստանի ներքին եւ արտաքին կարգավորվածությունը», - ասել է Սահակաշվիլին: Այցի ընթացքում Սահակաշվիլին կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Հի Մունի հետ: Կարեւորվելու է աբխազական եւ հարավօսական հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը, հանրապետության էներգաանվտանգության հիմնախնդիրը: Սահակաշվիլուն ուղեկցում են արտգործնախարար Դավիթ Բակրաձեն եւ պաշտպանության գերատեսչության ղեկավար Դավիթ Կեզերաշվիլին: Այսպիսով, Հարավային Կովկասում ժողովրդավարության էստաֆետը վերցրեց Վրաստանը, եւ ակնկալվում է, որ ԱՄՆ-ն հնարավորինս կսատարի այս հանրապետությանը: Ի դեպ, Հայաստանում ժողովրդավարության ներքին պահանջը առավել խորը արմատներ ունի, քան հարավկովկասյան մյուս հանրապետություններում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.