|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Չգիտես լա՞ս, թե՞ խնդաս13:15 Yerevan | 9:15 GMT | Tuesday 18 March 2008 Այն «հատուկ» վերաբերմունքն ու որակումները, որոնց արժանանում են Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցած քաղաքացիներն ու հատկապես հայտնի քաղաքական գործիչները, մեկ բառով կարելի է ռասիզմ որակել:
Եթե մինչ այս անցած 10 տարիների ընթացքում ռասիզմն առավելապես դրսեւորվում էր «ղարաբաղցի» եւ «հայաստանցի» տարբերակումներով (երբ ցանկացած ասպարեզում «պռախոդ» ունենալու ու աճելու համար ղարաբաղյան ծագումը պարտադիր պայման էր, ու քիչ էր մնում ռասիստական այդ մոտեցումը օրենքի կարգավիճակ ստանար), այժմ արդեն հայ հասարակությունը բաժանված է «քաչարյանասերժական» եւ «լեւոնական» ռասաների: Այն մարդիկ, ովքեր որեւէ կերպ առնչվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ, նրանք ներկայացվում են որպես «ազգի թշնամիներ», «դավաճաններ», «մարդասպաններ», մոտավորապես այնպես, ինչպես ստալինյան ժամանակներում ներկայացվում էին «դասակարգային թշնամիները»: Ռասիզմն ամեն ինչում է դրսեւորվում, անգամ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Խաչատուր Սուքիասյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտարարված հետախուզման մասին տեքստը եթերում արտասանելիս ու վերջիններիս լուսանկարների ընտրության հարցում: (Ընտրված են այնպիսի լուսանկարներ, որոնք հնարավորինս ոչ բարեհաճ տեսքով են ներկայացնում հետախուզվողներին): Սակայն այդ ամեն ինչի մեջ ամենաեղկելին, թերեւս, այն է, երբ ԱԺ պատգամավորները, որոնց նկատմաբ դեռ դատ եւ դատաստան չի եղել, հանրությանը ներկայացվում են որպես համաշխարհային նշանակության թիվ մեկ ահաբեկիչ` առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, առանց հիշելու, որ այդ մարդիկ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են` պատգամավորներ, վերջիվերջո` հայ մարդիկ: Օրեր առաջ կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ներկայացվեց ճիշտ վերը նկարագրվածի պես, որին մեղադրանք է առաջադրվել «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար»: Տրաֆարետային մեղադրանք, որով հետախուզվում են նաեւ Խաչատուր Սուքիասյանն եւ Նիկոլ Փաշինյանը, մեղադրանք, որի անհեթեթության մասին խոսում են նույնիսկ քոչարյանասերժական «ռասայի» ամենադյուրահավատ ներկայացուցիչները: Սակայն, ինչպես ասում են, եթե կա մեղադրվող, ապա նրան հարմար մեղք էլ կգտնվի: Ասվածի վկայությունը ՀՀ ԱԱԾ մամուլի գրասենյակի տարածած հերթական «ցնցող» հաղորդագրությունն է. «ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտի է դարձել, որ Սասուն Միքայելյանը Հրազդանի իրեն պատկանող «Վանատուր» ռեստորանի պահակ Էդիկ Խաչատրյանին հրահանգել էր թաքցնել իր կողմից պահեստավորված զինամթերքը: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում` մարտի 13-ին, ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ձկնաբուծական լճակից հայտնաբերվել եւ առգրավվել է Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների 20 եւ հակատանկային 15 նռնակ, հակատանկային նռնակի 8 պայթուցիչ, ինքնաձիգի եւ գնդացրի տարբեր տրամաչափի 11 արկղ փամփուշտ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, Ֆ-1 տեսակի նռնակի 15 պայթուցիչ, լուսաազդանշանային 2 հրթիռ, ներարկիչի 15 ասեղ, Պրոմետազին տեսակի 2 սրվակ հոգեմետ դեղամիջոց, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ 1 ինքնաշեն հրազեն»: Այսքանին ի հավելում` ասվում է, որ մարտի 1-ին նմանատիպ Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների նռնակներ էին հայտնաբերվել նաեւ Օպերայի հրապարակում: «Գործ սարքելու» մասին ամենահամեստ գիտելիքներ ունեցող, ընդամենը երկու անգամ «բոյեւիկ» ժանրի ֆիլմ դիտած ցանկացած անձի էլ պարզ է, թե վերը հիշատակված զենքերի տեսականին ինչ կերպ է հայտնվել ոչ ավել-ոչ պակաս` հենց այդ ձկնաբուծական լճակում: Հայրենի իրավապահները հավանաբար զենքի ու զինամթերքի ավելցուկ ունեն ու ստիպված կիրառում են փորձարարական նպատակներով, մասնավորապես որոշել են ստուգել դրանց ջրադիմացկունության աստիճանը: Լճակում որոնողական աշխատանքներ կատարած «հետախույզները» հավանաբար տիտանական ջանքեր են գործի դրել այնտեղից ներարկիչի 15 ասեղները դուրս բերելու համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ լճակը մամռակալած է: Միքայելյանի բախտը բերել է, որ այնտեղից թնդանոթ, զրահատանկ կամ կենսաբանական ոչնչացման նշանակության որեւէ զենք չի հայտնաբերվել:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |