“Zhamanak” Armenian-American Political Daily

Որքան կձգվի արտակարգ դրությունը

13:00 Yerevan | 9:00 GMT | Friday 14 March 2008

Ըստ էության երեք տարբերակ կա, որոնցից երեքն էլ, ի վերջո, խիստ հավանական են:

Ամենահավանական տարբերակն, անշուշտ, այն է, որ` որքան ցանկանան ձգել իրենց իշխանությունը, այնքան էլ պետք է ձգեն արտակարգ դրությունը: Որովհետեւ միայն էդ դեպքում կարող են իրենք հանգիստ կյանք ունենալ. միտինգ չի լինի, թերթ չի տպվի, ճշմարիտ խոսք չի ասվի. ու իրենք հանգիստ կարող են գոյատեւել: Հակառակ դեպքում` դժվար է լինելու, որովհետեւ ասված ցանկացած ճշմարիտ խոսք, իրավիճակի ցանկացած օբյեկտիվ վերլուծություն, հրապարակում հնչած ցանկացած ելույթ` իրենց դեմ է ստացվելու: Հո ամեն անգամ արյուն չե՞ն թափելու: Դա բանուգործ չի: Ու, դրա համար էլ, ըստ էության, արժե արտակարգ դրությունը պահել այնքան, որքան որ պատրաստվում են իշխել:

Երկրորդ տարբերակը արտակարգ դրությունը եւս գոնե մի 20 օրով երկարաձգելն է: Նորընտիրի ինաուգուրացիան կանցնի, հետո նոր ինքը, որպես բարի կամքի դրսեւորում, կվերացնի արտակարգ դրությունը, միաժամանակ ցույց տալով, որ ինքն առավել ուժեղ եւ անվախ է նախորդից, որովհետեւ երկիրը կարող է կարգավորել եւ իշխել սովորական դրության պայմաններում, մինչդեռ իր նախորդը դա կարող էր անել միայն եւ միայն արտակարգ իրավիճակ սահմանելով:

Եվ վերջապես երրորդ տարբերակը. արտակարգ դրությունը չեղյալ է հայտարարվում մինչեւ իր նախատեսված ժամկետի ավարտը: Դրա առավելություններն էլ են ակնհայտ: Նախ. համաշխարհային հանրության առջեւ ցույց ես տալիս քո դեմոկրատ էությունը` որ գնում ես հումանիզմի եւ ժողովրդավարության ճանապարհով, հետո` որ դա քո էությանը դեմ քայլ էր, սակայն խիստ պարտադրված եւ ստիպողական, ու դու ինքդ ինչ արեցիր քո բուն էությանը արագ վերադառնալու համար, եւ, վերջապես. բոլորին պետք է ցույց տալ, որ այն, ինչ նախատեսված էր 20 օրում` դու ի վիճակի ես իրականացնել նվազագույնը գոնե մեկ օր շուտ: Եվ դա պետք է ցույց տալ թե ներսին, թե դրսին:

Ահա եւ այն երեք, գրեթե հավասարազոր` իրականացման առումով, տարբերակները, որոնք կարող են լինել առաջիկայում: Անշուշտ յուրաքանչյուրն իր իրականացման սցենարն է ենթադրում, բայց ռազմավարական առումով դրանք հենց այն են, որոնք նկարագրվեցին:

Մի բան, սակայն, ընդհանուր է բոլոր նշված տարբերակների համար. արտակարգ դրության ավարտից հետո միացվելու է ներկա իշխանությունների ավարտը խորհրդանշող ժամացույցը, որն աշխատելու է այնքան, մինչեւ ներկա իշխանությունները հուշ կդառնան:

Եվ այդ ժամացույցը մեկն է լինելու` ժողովրդի ժամացույցը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.