“Zhamanak” Armenian-American Political Daily

Արկադի Վարդանյան. «Նրանց համար իշխանությունից զրկվելը հավասարազոր է մահվան»

12:57 Yerevan | 8:57 GMT | Friday 14 March 2008

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը:

- Կարծում եմ` իշխանության կողմից ձեռնարկած այն միջոցառումները, որոնց արդյունքում ունեցանք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավերածություններ եւ այլն, ստեղծեցին բավականին որոշակի իրավիճակ: Եվ հիմա մեր հասարակության մեջ չկա որեւէ մեկը, որը կասկածի, որ ի դեմս Քոչարյան-Սարգսյան զույգի մենք գործ ունենք ոչ թե քաղաքական խուլիգանների, այլ, պարզապես, փողոցային խուլիգանների հետ: Նման վարվելաձեւ նույնիսկ հետամնաց աֆրիկյան երկրներում երբեւիցե չի արձանագրվել: Մինչեւ օրս, միջազգային հանրությունը` ինչպես ամբողջապես, այնպես էլ իր ներկայացուցիչների վերաբերմունքով մեզ բոլորիս ցույց է տվել, որ հույսեր է փայփայում, թե այս իշխանության հետ դեռ կարելի է բանակցություններ վարել եւ նրանցից ժողովրդավարական բարելավումներ ակնկալել: Սակայն գործող իշխանությունները իրենց վերջնագիրը հրապարակեցին վերջին քայլերով եւ վերջակետ դրեցին, համենայնդեպս, մեր՝ հայկական հասարակության համար, այն բոլոր կասկածների հանդեպ, որոնք գուցեեւ կարող էին գոյություն ունենալ մինչ այս իրադարձությունները: Իսկ դա նշանակում է, որ հիմա պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ միտքը արմատավորվի նաեւ միջազգային հանրության մոտ:

- Նկատի ունեք Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցա՞ծը:

- Ոչ միայն: Ամբողջ այդ նախընտրական, ընտրական եւ, իհարկե, հետընտրական ժամանակաշրջանում իշխանությունները իրենց դրսեւորեցին որպես փողոցային խուլիգաններ: Նկատի ունեմ այն ամենը, ինչը կապ ուներ հեռուստատեսային եւ այլ պետական ու իշխանամետ լրատվամիջոցների լուսաբանման, մարդկանց նկատմամբ իրենց որոշակի վերաբերմունքի ցուցադրման, ընտրական ճնշումների եւ հետընտրական վայրագությունների հետ: Այսինքն` բոլոր այն սահմանադրական եւ ոչ սահմանադրական իրավախախտումները, որոնք բարոյական տարրական նորմերի ոտնահարումներ են, ակնհայտորեն ցույց տվեցին, որ մենք գործ ունենք հանցագործների հետ: Հանցագործների, որոնք վաղ թե ուշ դատարանի եւ մեր ամբողջ ազգի առջեւ պետք է պատասխան տան:

- Ձեր կարծիքով` Մարտի 1-2-ի իրադարձությունների հեղինակը իշխանություննե՞րն են, թե՞ ինչպես իրենք են պնդում` ընդդիմությունը:

- Ես օգտվում եմ ոչ միայն «Հայլուրի», այլեւ անկախ աղբյուրների լրատվությունից: Սակայն եթե նույնիսկ հիմնվենք «Հայլուրի» թատերական ներկայացումների վրա, որ ամեն օր հրամցնում են, ապա ակնհայտ է, որ այդ ամենը սարքված էր: Սարքված էր իշխանության կողմից: Դա սադրանք էր եւ սադրիչների հատուկ պատրաստված խմբերի միջոցով կազմակերպված մի խայտառակ բան, որը իրենք փորձում էին իրենց կարճ խելքով հրամցնել նաեւ միջազգային հանրությանը: Սակայն կարող եմ ասել, որ Եվրոպայում, սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած քաղաքական գործիչներով, բոլորը միանշանակ համոզված են, որ այդ ամենը սադրանք էր եւ իրականացված էր բավականին ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Նույնիսկ եթե իրենք նման մտքեր էին փայփայում, գոնե պետք է նախապատրաստվեին: Բայց իրենց խելքի չափով կարողացան անել: Իսկ գործից հասկացող մարդը տեսնում է, որ այդ նկարահանումները սարքված են, ընդ որում` վատ են սարքված: Եվ զուր հույսեր չփայփայեն, թե իրենց հաջողվեց որեւէ մեկին խաբել:

- Ի՞նչ ելք կա: Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը այսուհետ:

- Ոչ միայն ընդդիմությունը, այլեւ բոլորս պետք է աշխատենք միջազգային հանրությանը ցույց տալ, թե ովքեր են այսօր Հայաստանում իշխանավարողները: Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ապրող հարյուր հազարավոր մեր հայրենակիցները ծայրաստիճան զայրացած են եւ կանեն ամեն ինչ, որպեսզի միջազգային ատյաններին հասցնեն այն իրականությունը, որը տեղի է ունեցել Մարտի 1-ին եւ 2-ին: Բազմաթիվ փաստեր ունենք` տեսագրություններ, լուսանկարներ, որոնք կհամոզեն մարդկանց, որ այն, ինչ կատարվել է Հայաստանում` ուղղակի անընդունելի է: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ եւ գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հասնենք մեր նպատակին:

Այդ երկու մարդիկ իրենց քայլերով ապացուցեցին մեր ազգին, որ իրենք այլեւս ճանապարհ չունեն ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ այս կյանքում: Նրանք ելք չունեն:

- Ինչպե՞ս եք գնահատում Երեւանում արտակարգ դրության իրողությունը եւ այդ պայմաններում կատարվող քաղաքական ձերբակալությունների, հետապնդումների փաստը:

- Իշխանությունների այդ քայլը ուղղակի քաղաքական վայրագություն է: Վայրագություն, որն օգտագործվել է սահմանադրական նորմերի ոտնահարմամբ: Դա միտումնավոր արվեց: Փորձում էին վախեցնել մարդկանց եւ հասարակությանը վերջնականապես ճնշել, ստորացնել: Բայց դա շատ խոշոր սխալ էր իրենց կողմից:

- Վարկած է շրջանառվում, որ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած ընդհարումները Քոչարյանը կարող է օգտագործել Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու եւ իշխանությունը իր ձեռքը պահելու համար: Ի՞նչ եք կարծում, Քոչարյանը կգնա՞ դրան:

- Ես բոլորովին չէի զարմանա, եթե այդ լուրերը հաստատվեին: Նա ամեն ինչի ընդունակ է: Նա քրեական եւ պետական շատ խոշոր հանցագործ է, ինչպես եւ իր ընկեր Սերժիկ Սարգսյանը: Եվ բոլորիս համար միանգամայն պարզ է, որ նրանց համար իշխանությունից զրկվելը մահվանը հավասարազոր բան է:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.