“Zhamanak” Armenian-American Political Daily

Երբեք չմոռանալ, երբեք չներել

12:56 Yerevan | 8:56 GMT | Friday 14 March 2008

Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:

Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքն այն էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամենագիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրաստ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց:

Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա, ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկյանի արձանի շրջակայքում` զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պառկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային ներքին տապի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր «Նեմեսիս» է: Երբեք չենք ների սեփական ժողովրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մոլագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:

2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիջման անարժան բիդլո, խաժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցների սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարիկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած «մտավորականները», ոչ ժողովրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ «մասնագետները», ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը...: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էինք պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտացեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խաղաղ քնած մարդկանց ծեծ ու ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկու՞, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը` սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ...: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:

Հրանտ

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.