|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խոստովանելով հերքում են, հերքելով` խոստովանում12:55 Yerevan | 8:55 GMT | Friday 14 March 2008 Այն ցածրամակարդակ ու թերզարգացած հասարակություններին բնորոշ հակաքարոզչությունը, որը յոթ ամիս շարունակ ու այսօր էլ եթերից եւ հնարավոր այլ տեղերից թափվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, եւս մեկ անգամ փաստում է երիցս փաստարկված իրողությունը` իշխանությունների համար միակ ահուսարսափ ներշնչող անհատը, որի դեմ մղվող գլխապատառ պայքարը այդպես էլ արդյունք չի տալիս, Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
Հայրենի իշխանությունների եւ նրանց կողմից թելադրվող տարբեր քաշի, սեռի, տրամաչափի, ծագման, մտավոր ունակությունների ու հիգիենայի չինովնիկների վերջին օրերի արած հայտարարություններին ու վարքին հետեւելով այն տպավորությունն ես ստանում, որ կառավարող «էլիտան» հալյուցինացիաների, խելացնորության մեջ է, քանի որ վերջին օրերին նրանց կողմից հնչեցվող ցանկացած հայտարարություն, մեղմ ասած, չի կարելի որակել որպես բանական, նորմալ հոգեկան վիճակ ունեցող մարդկանց բերանից դուրս եկած խոսք: Կամ էլ` նույն այդ հայտարարությունների հեղինակները փորձում են իրենց լսողներին հիմարացնել, ընդ որում` չտիրապետելով նույնիսկ հիմարացման տարրական նրբություններին: Այդպիսի հայտարարություն կարող են անել շամանները կամ, ասենք, անտիկ ժամանակների գրբացները: Զորօրինակ ՀՀ գլխավոր դատախազը, որն իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպիչների կողմից հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է հոգեբանական դիվերսիա, որի ընթացում կիրառվել են «բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ստի մեխանիզմները, սուտ, որի վրա հիմնված է եղել զանգվածային հոգեխանգարմունքի` փսիխոզի վիճակը»: Ավելին` ՀՀ գլխավոր դատախազը հիմնավորեց, որ դիվերսիան քրեական գործով հիմնավորված է, որպես այդպիսին վկայակոչելով հեռախոսներով եւ կարճ հաղորդագրություններով տարածվող լուրերը, մասնավորապես` մարտի 1-ին զոհված քաղաքացիների թվի վերաբերյալ: (Այս օրերին էլ իշխանությունների աղախին հեռուստատեսության` Հ1-ի եթերում կարելի է տեսնել տեքստն անգիր արած մարդկանց, ովքեր իբրեւ թե կարճ հաղորդագրություններ են ուղարկել վերն ասվածի մասին եւ տեսախցիկի առաջ մեղա են գալիս իրենց այդ անհեռատես արարքի համար): Դիվերսիայի մասին դատախազի պատկերացումները, փաստորեն, սահմանափակվում են սոսկ SMS հաղորդագրությունների բովանդակության շրջանակներում, ինչը վկայում է այն մասին, որ այս օրերին ՀՀ Սահմանադրության 23-րդ դրույթն է խախտվում, ըստ որի «յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»: Մյուս կողմից էլ եթե որեւէ տեղեկություն դեռ չի հաղորդվել «Հայլուրի» եթերում, ուրեմն դրա տարածումն այլ ճանապարհով համարվում է դիվերսիա: Ի դեպ, գլխավոր դատախազի կողմից հնչեցված «փսիխոանալիտիկ» «վերլուծությունը» երկու օր անց նույն «Հայլուրը» փորձեց հաստատել «մասնագետի»` հոգեբան Կարինե Նալչաջյանի բերանով: Վերջինս տարբերակելով հիպնոսի տեսակները` կանգ առավ զանգվածային հիպնոսի տարատեսակի վրա եւ մի երկարաշունչ ու փշաքաղեցնող թեզ կարդաց: Ի դեպ, նույն այդ տիկինն իր մասնագիտական հմտություններով օգնության էր հասնում Հ1-ի եթերում փետրվարի19-ից հետո էլ ավելի լայն թափով ծավալված ուղեղների լվացման ակցիային եւ որակումներ էր տալիս Ազատության հրապարակում հաշտ ու խաղաղ նստացույց անցկացնող բազմահազար քաղաքացիներին, մոտավորապես այսպես` բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ հանրահավաքներին, այսպես ասած` կիսախելագար ու երգել-պարելու ցանկությունից ուշքները կորցրած մարդիկ են եւ գալիս են հրապարակ ընդամենը գոռալու իրենց անհագ ցանկությանը հագուրդ տալու համար: Օրեր առաջ էլ հերթական «ցնցող» հայտարարությունն է արել ««Դատախազներից ձեւավորված խումբ» դատավարական ղեկավարումը եւ հսկողությունը նախաքննության օրինականության նկատմամբ իրականացնող խմբի» ղեկավար Հակոբ Ղարախանյանը: Վերջինս իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե փետրվարի 20-ից մարտի 1-ի ընթացքում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ կիրառվել են «լուրջ հոգեբանական ազդեցության ներոլեզբվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաներ»: Այս պարոնի հայտարարությունն առավել քան զավեշտական է, ըստ այդմ հանրահավաքների ընթացքում գործածվել են գունավոր հեղափոխության իրականացման տեխնոլոգիաներ (փաստորեն, ըստ ասվածի, գունավոր եւ անգույն հեղափոխությունները միմյանցից հնարավոր է տարբերել ըստ գործածվող տեխնոլոգիաների), որոնք հարմարեցված են եղել մեր ազգային առանձնահատկություններին: Այդ տեխնոլոգիաների միջոցով, ըստ «մեդիում» հիշեցնող «էքսպերտի», «ստեղծվում են կոդային բառեր, որոնց օգտագործումը ազդում է հոգեբանության վրա եւ ուղղում է գրոհի կամ կրքերի բորբոքման»: Պարոնը հայտարարել է նաեւ, որ ներոլեզվաբանական այդ հնարքի ժամանակ կիրառվել է որոշակի բառերի կրկնությունը, որպես այդպիսիք նշելով` «հաղթել ենք», «հայրենիք», «դուք թուրքեր եք» եւ այլն: Պրն Ղարախանյանի խոսքի հետագա ընթացքը, թեեւ բառացիորեն կրկնելով ոստիկանության, դատախազության եւ մինչեւ այժմ վերջին դեպքերի կապակցությամբ ելույթներ ունեցած պաշտոնյաների արած հայտարարությունները` վերջին բոլոր գործողությունները նախապես ծրագրավորված են եղել եւ իրականացվել են մեկ կենտրոնի կողմից, ուշագրավ մի լրացում է պարունակում` «այդ գործողությունները նպատակ ունեին ապակայունացնել Հայաստանը»: Փորձագետի մտքի վերջին փայլատակումը թույլ է տալիս եզրակացնել, որ բացի այն, որ «հաղթել ենք, հայրենիք կամ թուրք» բառերն ունեն մոգական ազդեցություն եւ ունակ են մոտ կես միլիոն մարդու ձգել դեպի Ազատության հրապարակ եւ այդտեղ 10 օր նստացույց անել տալ, նաեւ դրանց գործածումն առօրյա խոսքում բերում է մեր երկրի ապակայունացմանը: Եթե առաջնորդվելու լինենք վերն ասվածի տրամաբանությամբ, պետք է այրենք Չարենցի, Շիրազի, Թումանյանի բոլոր երկերի ժողովածուները, որոնցում տասնյակ հազարավոր անգամներ կրկնվում է հայրենիք բառը, պետք է լռեցնենք հայրենիքի մասին երգեր երգող բոլոր երգիչներին, հրաժարվենք թուրք բառի եւ դրանով բաղադրված մյուս կապակցությունների գործածումից` մեր երկրում կայունություն պահպանելու համար: Երկու խոսք էլ «նույն կենտրոնից ղեկավարված եւ կազմակերպված» լինելու հայտարարությունների մասին: Այս կերպ դրանց հեղինակները հաստատում են այն, ինչը հերքելու համար գործող ռեժիմը արդեն 7 ամիս է, ինչ կաշվից դուրս է գալիս. դա այն է, որ ռեժիմը հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, փաստորեն պայքարում է գերմարդու դեմ: Ի դեպ, եթե ոչ գերմարդը, ապա ո՞վ է ընդունակ 10 տարվա լռությունից հետո կարճ ժամանակում, չնայած իր մասին օրինիբուն տարվող խիղճը կորցրած հակաքարոզչությանը, ոչ միայն «իրենով անել» մոտ 500 հազար մարդու, ստանալ նրանց քվեները, 9 օր շարունակ ընդամենը խոսքի ուժով Ազատության հրապարակում պահել, խաղաղ երթեր կազմակերպել, դա էլ քիչ է, մարտի 21-ից հետո էլ նորից նույնքան բազմամարդ հանրահավաք հրավիրելու հեռանկարի մասին խոսել: Ռեժիմը, փաստորեն, բոլոր` պայքարի, հակաքարոզչության եւ իշխանությունն իր ձեռքում պահելուն ուղղված բոլոր առումներով կանգնել է կրախի առաջ: Ուստի, թերեւս արժե, որ իշխանությունները վերաիմաստավորեին իրենց ներկան` անցյալ դառնալուց առաջ, ինչպես որ Տեր-Պետրոսյանը վերաիմաստավորեց անցյալը` ներկայում արդյունավետ գործելու համար:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |