“Zhamanak” Armenian-American Political Daily

Չեն վստահում մարտի 1-ի դեպքերի քննությանը

12:53 Yerevan | 8:53 GMT | Friday 14 March 2008

Մարտի մեկին Երեւանի կենտրոնում կատարված ոճրագործության քննությունն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրել է ոչ թե քննության անաչառության առթիվ հասարակության թերահավատությունը վերացնելու, այլ այն առավել խորացնելու ճանապարհը:

Այսպես՝ դատախազության վերջին ձեռքբերումը, ավելի ճիշտ` մտքի թռիչքն այն է, որ մարտի մեկի ցերեկը Մյասնիկյանի հրապարակում ոչ մի վրաերթ էլ չի եղել ու ոստիկանական մեքենան վրաերթի չի ենթարկել այնտեղ հավաքված մարդկանց: Ավելին` դատախազությունը լարել է ողջ կարողությունը ու այդպես էլ Երեւանի հիվանդանոցներում չի գտել վրաերթի ենթարկված կնոջն ու տղամարդուն: Կարող է անգամ հարց առաջանալ, թե եթե հայրենի դատախազությունն անկարող է անգամ օրը ցերեկով, հազարավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցած վրաերթը բացահայտել, էլ դրան հաջորդած ոճրագործությունն ինչպե՞ս է բացահայտելու: ՀՀ «անկախ» դատախազության որդեգրած քաղաքականությունը որքան էլ հասկանալի է, անհնար է չնկատել ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը. ի դժբախտություն դատախազության, վրաերթի պահը ոչ միայն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, այլեւ այն սեփական աչքերով տեսել են հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ: Իսկ քանի որ այսօր շատերը ավելի հավատում են ականատեսների կամ նրանցից տարածած տեղեկություններին, քան պաշտոնական լրատվությանը, ապա կարելի է փաստել, որ այդպիսով դատախազությունն ինքն իր դեմ է աշխատում՝ արդեն իսկ իր վարած քննության անաչառությունը կասկածի տակ դնելով: Թվում է՝ պաշտոնական լրատվությունն ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ իրականության հետ ոչ մի կապ չունի:

Երեկ արդեն պաշտոնական տվյալներով գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել 97 անձի: Երեւանի փողոցներում զրուցեցինք պատահական քաղաքացիների հետ՝ փորձելով պարզել, թե կա՞, արդյոք, վստահություն մարտի մեկի գործի քննության առթիվ ու մեր քաղաքացիները հավատու՞մ են այդ դեպքերի անաչառ բացահայտմանը: Ի դեպ, մեզ հետ զրուցած քաղաքացիների մի մասը այս օրերին գերադասում էր չնայել հեռուստացույց: «Չէ, գիտեք ինչ, ես հասկացա, որ մի կողմի տեղեկությունն ենք մենք ստանում եւ դրա վրա հիմնվել, ասել, որ ամեն ինչ ճիշտ է, ընդունել դա պարզ ջրի տեղ ես չեմ կարող», - մեզ հետ զրույցում ասաց 46-ամյա Անահիտը՝ հավելելով. «Ես ուղղակի շատ մեծ ցավ ապրեցի այդ օրերին: Ոնց որ հարազատ կորցրած լինեի: Պատկերացրեք՝ 10 օր է լուրեր չեմ լսում, հիասթափվել եմ, որովհետեւ ներքուստ զգում եմ, որ ճիշտ ոչինչ չկա: Ես մի պահ հեռուսատեսությամբ տրվող տեղեկություններին հետեւեցի, այնքան նյարդայնացա, նույնիսկ մի պահ ամաչում էի, որ ինքս հայ եմ: Ինչ սպասելիքներ կան` ես չգիտեմ: Վաղվա օրվա հավատ այսօր չունեմ: Մի բան, որ ինքս աշխատանք եմ փնտրում, աշխատանք չեմ գտնում, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, չեմ կարողանում իմ երեխաներին հասցնել իրենց ուզածին, բավարարել մինիմալ պահանջները, ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել»: Մարտի մեկի իրադարձությունների իրական, անաչառ բացահայտմանը հավատու՞մ եք` հարցիս 20-ամյա մի աղջիկ այսպես պատասխանեց. «Ոչ: Ինչ ծնվել եմ, 20 տարեկան եմ, խոստումները տալիս են, բայց Հայաստանում ոչ մի բան չի փոխվում»: Մեկ այլ երիտասարդ նույնպես թերահավատ էր Հայաստանում արդարադատության իրագործման հարցում. «Որովհետեւ դրա համար ժամանակ է պետք, որ կատարելագործվի, բայց մենք դեռ ամենալավ ժամանակում չենք»: Մի տղամարդ էլ հավելեց. «Հետեւելով կատարվող գործընթացներին՝ չեմ հավատում, որովհետեւ միանգամից երեւում է, որ ներքին ինչ-որ պայմանավորվածություններ, տրամադրվածություններ կան, որոնք աշխատում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը չկայանա»: Մեր հարցին, թե հեռուստատեսությամբ սփռվող տեղեկատվությանն ինչպե՞ս է վերաբերվում, մեր զրուցակից տղամարդն ասաց. «Շատ վատ, ամբողջն իշխանամետ, այն, ինչն իրենց ձեռք է տալիս: Ինֆորմացիաները իրենց ուզած ձեւով են ներկայացնում»:

«Ոչ միշտ է օբյեկտիվ պաշտոնական լրատվությունը, բայց այլ կերպ, կարծում եմ, չէր կարող լինել», - տեսակետ հայտնեց մի կին: «Հեռուստատեսություն չեմ նայում, ժամանակ չունեմ», - քայլելով ասաց մի տղամարդ: Կային նաեւ քաղաքացիներ, որոնք խուսափեցին կամ դժվարացան պատասխանել մեր հարցերին: Ինչպես նկատեցիք, մեր զրուցակիցների անունները չենք նշում, քանի որ եթե այսօր Հայաստանում մարդուն sms գրելու համար են ոստիկանություն տանում ու ստիպում հեռուստատեսությամբ զղջալ դրա համար, ապա մենք չենք կարող ապահովել մեր զրուցակիցներին նման հետապնդումներից:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.