|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Պահը կորցրեցինք», բայց` «շատ բան կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ց»12:51 Yerevan | 8:51 GMT | Friday 14 March 2008 «Մեզ շատ խիստ մտահոգում են դրսի ընկալումերը... Մեր առաջ բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ կան իսկապես, երկիրը չի կարող տեղում քայլ անել, էլ չեմ ասում` մենք պետք է կարողանանք այդ մարտահրավերները դիմագրավել եւ առաջ շարժվել», - երեկ նման գնահատականներ էր հնչեցնում արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում: Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՍԴ-ում հայտարարել էր, որ ԵՄ նախագահության հայտարարության բոլոր առաջարկները ընդունում է: Հիշեցնենք. սույն փաստաթղթում ԵՄ պետությունները պահանջել էին դադարեցնել արտակարգ դրությունը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել տեղեկատվական հավասար պայմաններ, իրականացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն եւ իշխանություն-ընդդիմություն երկխոսություն: Ուստի երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին հիշեցրինք, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանի լուրջ գործընկերն է, հետաքրքրվեցինք` ԵՄ նախագահության հայտարարության կետերը ի վերջո կատարվելու՞ են, թե՞ ոչ: ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ մեկնելու է Բրյուսել` մասնակցելու «Բրյուսելյան ֆորում-2008»-ին, որում ինքը եւ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեն հիմնական զեկուցողներ են լինելու, այս միջոցառման շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ են սպասվում, այդ թվում եւ ԵՄ պաշտոնյաների հետ. «Հայաստանի ներքին իրավիճակը եւ ԼՂ-ի հարցը կլինեն օրակարգային երկու հիմնական հարցերը, եւ այս թեման, որ դուք բարձրացրիք անպայման կքննարկվի: Ես շատ նորմալ եմ համարում ԵՄ-ի հայտարարությունն ու պահանջները, բնական է` արտակարգ իրավիճակը դա նորմալ իրավիճակ չէ, սա չի կարող երկար տեւել, դա արվել է ուղղակի իրավիճակից թելադրված` ապահովելու երկրի կայունությունը եւ նաեւ ժողովրդի անվտանգությունը: Այն պահին, երբ այդ վտանգները կվերանան, նաեւ արտակարգ իրավիճակը կվերանա, արդեն համապատասխան քայլեր կամաց-կամաց արվում են, եւ մենք կվերադառնանք մեր կյանքի նորմալ հունին: Այդ հինգ պահանջներից կամ առաջարկություններից չորսը վերաբերում են արտակարգ իրավիճակի խնդրին` եթե արտակարգ իրավիճակը ամբողջությամբ վերանում է` դրանցից մեծ մասը արդեն համարվում է կատարված: Բանտարկյալների խնդիրը իրավական դաշտում է գտնվում, այնտեղ մեկնաբանություն չեմ ուզում անել, պետք չի քաղաքականացնել, որովհետեւ եթե այդ հարցը իրավական ապացույց չունենա եւ բոլորը դրանում չհամոզվեն` քաղաքական բանտարկյալի այդ պիտակը մեր վրա կպցվելու է, եւ դա ես կարծում եմ, որ Հայաստանի համար դրական բան չի», - հայտարարեց Վ.Օսկանյանը: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա նա ընդգծեց. «Դժբախտաբար երկխոսության ճիշտ պահը, առիթը կորցրեցինք, առանց որեւէ մեկին մեղադրանք դնելու, այդ պահը կար, ես դրանում իսկապես համոզված եմ` դժբախտաբար կորցրեցինք, եթե այդ պահը ճիշտ օգտագործվեր, ես կարծում եմ մենք կխուսափեինք մարտի մեկի իրադարձություններից, ոչ միայն նորմալ կլիներ Հայաստանի համար, այլեւ` լավ կլիներ: Վստահ եմ` մենք բոլորս պիտի կարողանանք գնահատականը տալ իրադարձություններին, երբ սթափվենք, իրավիճակը հանդարտվի: Այնպես որ, երկխոսության պահը կորցվել է: Բայց համենայնդեպս հաշվի առնելով` մենք վերջիվերջո այս երկրում ենք ապրելու, մենք ունենք ընդհանուր խնդիրներ, չենք կարող բաժանված մնալ, համենայնդեպս երկխոսությունը միշտ պետք է օրակարգի վրա լինի: Այստեղ իրոք շատ բան կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից: Հուսով եմ, որ երկխոսությունը տեղի կունենա, մենք կկարողանանք քայլեր անել», - ոչ այնքան հոդաբաշխ ասաց Վ.Օսկանյանը: Մարտի 1-ին նախ Ազատության հրապարակից իրավապահների գործադրած դաժան բռնություններից, ապա նույն օրը Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում կրակահերթերի արդյունքում զոհերի մասին տեղեկություններիեց հետո, արտասահմանյան լրատվամիջոցին նախ ԱԳ նախարարի օգնական Սալբի Ղազարյանը փորձել էր համոզել, որ ցուցարարները զիված էին, երկու օր առաջ էլ ՀՀ արտգործնախարարությունը` նորանշանակ մամլո խոսնակի միջոցով հայտնեց, որ ապշած են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի «կամայական հայտարարություններից» ու դարձյալ հայտարարեց, որ «ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով»: Երեկ Վարդան Օսկանյանին այս առնչությամբ հարց ուղղեցինք, թե այդ երբվանի՞ց է արտգործնախարարությունը գլխավոր դատախազի պարտականություններ ստանձնել եւ նման հայտարարություններ է անում: Վ.Օսկանյանը, ով րոպեներ առաջ նշել էր, թե «բանտարկյալների խնդիրը իրավական դաշտում է գտնվում», «մեկնաբանություն չի ուզում անել, պետք չի քաղաքականացնել»` այս հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Դա դատախազի ֆունկցիա չէր, այն, ինչ որ ասվեց, վերջիվերջո արտաքին աշխարհին ո՞վ պետք է բացատրի` ԱԳՆ-ն», ապա մեզ հարց ուղղվեց` խնդրելով անկեղծ պատասխանել` «Դուք համոզված չե՞ք, որ ցուցարարները զինված էին այդ օրը», պատասխանեցինք` «մասնակիցն եմ եղել` նման բան չեմ տեսել», Վ.Օսկանյանը շարունակեց. «Չէ, դուք զինված չեք եղել` ես վստահ եմ», հավելելով. «40 ոստիկան զենքի փամփուշտից վիրավորված այսօր հիվանդանոցում պառկած են: Այսինքն` մի բան էր մնում` որ պետությունը կազմակերպել է, որ մարդիկ այդ ոստիկանների վրա կրակեն, եթե մենք դրան ենք հավատում, ես ասելիք չունեմ, թեման փակենք, բայց եթե դա մենք բացառում ենք, որ այդպիսի սատանայական ինչ-որ խաղեր է արվել, եկեք արձանագրենք, սիրելիներ: Մարդիկ պառկած են հիվանդանոցում, մի հատ գնացեք, այցելեք, նայեք, դրանք արհեստածին չեն, չէ՞: Ամենամեծ պատասխանատվությունը պետության վրա է, եւ մենք տեսնում ենք միջազգային հանրության արձագանքը, մենք փորձում ենք դրան հակադարձել` ասելով, որ օբյեկտիվ չեք, բայց այդպես է, չկա այլ օրինակ երկրագնդում, որ նման դեպք լինի եւ միջազգային հանրությունը միակողմանի պետության չմեղադրի, որովհետեւ վերջիվերջո պետությունն է պատասխանատու այս ժողովրդի անվտանգության համար»: Այնուհետեւ` բանը հասավ նրան, որ Օսկանյանը հետին թվով «պատասխանատուներ» էլ գտավ. «Եթե մենք ահազանգեինք, նախագահական ընտրարշավի առաջին օրվանից այն ոճը, որը որդեգրվել էր, եթե հանրային ահազանգ բարձրացնեինք եւ ասեինք, որ դա անընդունելի ոճ է», ըստ նրա նման իրադարձություններ չէին լինի: Այսինքն` ընդդիմությունն է մեղավոր «արտառոց ընտրարշավի» իրականացմամբ:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |