“Zhamanak” Armenian-American Political Daily

Լեռնային Ղարաբաղը արտերկրի փորձագետների տեսադաշտում

12:49 Yerevan | 8:49 GMT | Friday 14 March 2008

Մարտի 4-ի իրադարձություններից հետո կրկին ակտիվացան արտերկրի մամուլի եւ փորձագետների հրապարակումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:

Ադրբեջանում գերիշխող դարձավ այն մտայնությունը, թե մարտի 4-ի ռազմական միջադեպը Հայաստանում գործող իշխանությունների լիազորությունների երկարաձգման գործոն է: Իսկ Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Մագդալենա Ֆրիչովան կարծիք է հայտնել, թե «քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, եւ երկու բանակները կանգնած են դեմ-դիմաց, մենք չենք կարող բացառել մեծամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը: Միջազգային ճգնաժամային խումբը մարտի 4-ի իրադարձությունները համարում է 1994 թվականի հրադադարից հետո ամենախոշոր ռազմական առճակատումը: Կողմերը տեղեկացրել են ծանր զենքի օգտագործման մասին: Հարկ է նշել, որ Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Մագդալենա Ֆրիչովան կարծիք է հայտնել, որ երկու հանրապետությունների համար դեռեւս կարեւոր են ներքին խնդիրները: Այս համատեքստում ուշագրավ է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովի այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժացումը թույլ է տվել Մոսկվային վախեցնել Եվրոպայում ադրբեջանական եւ թուրքմենական գազի սպառողներին: Ադրբեջանցի փորձագետը նոր լարվածությունը բացատրում է 2 գործոնով. նախ` Քոչարյանը կամենում է հասարակության ուշադրությունը շեղել Հայաստանի ներքաղաքական վիճակից, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը ապակողմնորոշել ներքին անօրինություններից, երկրորդ գործոնը պայմանավորված է ամերիկյան «Նաբուկո» էներգետիկ նախագծով, որին մասնակցում են Ադրբեջանը եւ Թուրքմենստանը: Եվրոպացիների համար գերխնդիր է էներգետիկ անվտանգությունը եւ «Նաբուկո» նախագծի հետ այս առումով մեծ հույսեր են փայփայում: Ամերիկացիները փորձում են եվրոպացիներին համոզել հրաժարվել ռուսական «Հյուսիսային հոսքից»: Դա է պատճառը, որ Մոսկվան կամենում է ապակայունացնել տարածաշրջանը, որպեսզի Նաբուկոյի համար ակտիվացման հնարավորություններ չտա: Ուշագրավ է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովի այն դիտարկումը, թե Մոսկվան այս առումով ավելիր մոտ է իր մտահղացման իրականացմանը, քան Քոչարյանը: Նա նշում է, որ Ադրբեջանը այժմ շահագրգռված չէ մարտական գործողությունների սկսմամբ, որովհետեւ դեռեւս մեծ ակնկալիքներ ունի էներգետիկ շահույթներից: Իլգար Մամեդովը ընդգծում է, որ եթե պատերազմը այժմ սկսվի, ապա հայկական կողմը կհարվածի ադրբեջանական էներգետիկ ենթակառույցներին, ինչը շահեկան չէ նախեւառաջ Ադրբեջանի համար: Քաղաքագետը 2 գործոնների առկայության պայմաններում հնարավոր է համարում լարվածության խորացումը: «Առանց Մոսկվայի անվտանգության երաշխիքների` Հայաստանը լարվածության խորացման չի գնա», - եզրաբանել է Մամեդովը: Եթե ուշիուշով հետեւենք Մոսկվա-Բաքու հարաբերություններին, ապա կնկատենք, որ երկուստեք վարում են երկակի չափորոշիչների քաղաքականություն. Ադրբեջանի համար նավթային գործոնը Մոսկվային թելադրանք հրամցնելու հաջողված ձեւ է, միաժամանակ` Ադրբեջանը խորացնում է ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները` անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում: Այսինքն` Բաքուն, վերջին հաշվով, խնդիրներ չունի ոչ Վաշինգտոնի, ոչ էլ Մոսկվայի հետ: Նա հմուտ դիվանագիտություն է վարում եւ նրա դիրքերը շահեկան են: Իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի, այսպես ասած` չճանաչված հանրապետություններում` ի դեմս Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի: Լեռնային Ղարաբաղի մասին ակնարկ անգամ չկա: ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդու իրավունքներին վերաբերող հաշվետվությունը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով հայկական դիվանագիտությունը մեծ պարտություն է կրել, եւ խնդիրը ազգերի ինքնորոշումից իջել է ադրբեջանական տարածքների բռնազավթման հարթություն:

Փորձագետ Մարիանա Գուտովնիկը հարցը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով: Մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մեղադրել է Ադրբեջանին զրահատանկային զորամասեր կիրառելու համար: Նրանց հարձակման հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել 15 հայ զինվոր: Ադրբեջանը զեկուցել է զինվորներ կորցնելու մասին: Օսկանյանը Երեւանում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտվեցին Հայաստանի ներքաղաքական անկայունությունից: Վերջին շաբաթներս Երեւանը լեփ-լեցուն էր հանրահավաքին մասնակցող ընդդիմադիրներով, ովքեր փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ էին պահանջում: Ոստիկանությունը կրակ բացեց եւ կիրառեց ոստիկանական մահակներ` Ազատության հրապարակի վրանների վրա հարձակվելու ժամանակ: Մարտի 1-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 շաբաթով հայտարարեց արտակարգ դրություն: Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են այն հայտարարությունները, թե Ադրբեջանն է նախաձեռնել հարձակումը եւ միջադեպի համար մեղադրում են Հայաստանին. «Հայաստանի ղեկավարները փորձում էին հանրության եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական հիմնախնդիրներից»: «Հայաստանը Ադրբեջանին օգտագործում է որպես արտաքին թշնամի», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Ղազար Իբրահիմը` մարտի 5-ին «Կոմերսանտին» տված հարցազրույցում: Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ադրբեջանը հաջողությամբ դիմակայել է Հայաստանի սադրանքը: Միեւնույն ժամանակ Մինսկի խմբի պաշտոնյաները առաջիկայում երկկողմ բանակցությունների հույս են հայտնել: «Քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող են շարունակվել Հայաստանում իրավիճակի պարզեցումից հետո», - մարտի 5-ին Բաքվում հայտարարել է Մեթյու Բրայզան:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.