|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ազգային աւանդութիւնների ոգով12:45 Yerevan | 8:45 GMT | Friday 14 March 2008 Մարդկային քաղաքակրթութիւնը իր դարաւոր հոլովոյթի ընթացքում մշակել է ոսկեայ մի հրաշագործ սկզբունք, որը խտացուել է հետեւեալ արտայայտութեան մէջ. «Ներողութիւն խնդրիր, երբ դիտաւորեալ կամ պատահաբար սխալ ես գործել»:
Բայց ինչպէս ակնյայտ է դառնում` ՀՀ արդի ղեկավարները, ի մասնաւորի Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը, չեն ընդունում հրաշագործ ոսկեայ այդ սկզբունքը, որի միջոցով հնարաւոր կը լինի լուծել բոլոր բարդ խնդիրներն ու վիճելի հարցերը: Նախագահութեան իննը թեկնածուներից յեօթն հաստատեցին, որ գործադրուել են ընտրական բազմաթիւ օրինախախտումներ, որոնք քաղաքացիներին զրկել են իրենց իրաւունքներից ու լուրջ վնաս հասցրել երկրի իրաւական, քաղաքական, ընկերային, բարոյական ու տնտեսական կառոյցին: Ժողովուրդից ու թեկնածուներից ներողութիւն խնդրելու փոխարէն հանրապետութեան ղեկավարները գործադրեցին նորանոր օրինախախտումներ ու բռնութիւններ: Այդպիսով, ՀՀ անօրինական ղեկավարները մի աւելորդ անգամ հաստատեցին, որ իրենք Հայաստանի խորհրդարանում մարդասպանութիւն կատարած «հերոսներն են»: Նրանց արարքները բնորոշ են այնպիսի բռնատիրական վարչակարգերին ինչպիսին են ստալինականութիւնը, հիթլերականութիւնը, մուսոլինականութիւնը, մաօկանութիւնը եւ այլն: Յիշենք, որ ֆաշականները Ռեյխստակը հրկիզեցին, որպէսզի իրականացնեն իրենց անմարդկային ծրագրերը: Այդ վարչակարգերի առաջացման, պահպանման ու ծաւալման անցեալում նպաստած որոշ արեւմտեան ուժեր սատար կանգնեցին նոր բռնարարքների հայ վարպետներին, որպէսզի վատթարացնեն ժողովրդական լայն զանգուածների վիճակը Հայաստանում: Զաւեշտականն այն է, որ անարդար ընտրութիւնների մասին վկայող ուժերի մեծ մասը, վեցը, «արդարութեան իր բողոքը» վերածեց դրամագլխի ու սկսեց այն սակարկել ստեղծուելիք անօրինական կառավարութեան մէջ պաշտօններ ձեռք բերելու համար: Եվ այդ բարոյազուրկ առեւտուրը անուանւում է «համախոհական կառավարութիւն ստեղծելու արդարամիտ ձգտում»: Մոռացւում է այն ճշմարտութիւնը, որ ծուռ կարկինից ուղիղ գիծ անհնար է ստանալ: Հայ դասական գրականութիւնը հարուստ է այնպիսի դրուակներով, որտեղ խստօրեն քննադատւում է այն մօտեցումը, որ այսօր որդեգրում են ՀՀ արդի ղեկավարները: Հայ առաջաւոր միտքը անընդունելի, անբարոյական, հակամարդկային ու անարդար է համարում այն դէպքերը, երբ գիւղապետը մերժում է իր նկատմամբ արուած արդար քննադատութիւնը ու յանուն արդարութեան հանդէս եկողներին սպառնում է աքսորով, բանտարկութեամբ ու մահապատիժով: Երիտասարդ գաղափարապաշտ ու արդարամիտ երիտասարդ մտաւորականը գալիս է գիւղ ու նկատում թէ ինչպէս գիւղապետը կեղեքում է գիւղացիներին: Երբ երիտասարդը ողջ իրողութիւնը դնում է գիւղապետի առջեւ ու պահանջում արդար մօտեցում, վերջինս կատաղում է ու բողոքում, թէ ինչպէս է նա համարձակւում բացայայտել իրականութիւնը: Նա գործի է դնում բոլոր իր պաշտօնական կապերը, երիտասարդին մեղադրում է ընկերային ու քաղաքական կարգը խախտելու մէջ ու նրան դաժանօրէն պատժում՝ խաթարելով իր դստեր երջանկութիւնը: Նոյն իրողութիւնը բացայայտւում է նաեւ Շիրվանզադէի «Քաոս» վէպում: Գործընկերոջ որդին հաւաստի փաստերով ապացուցում է, որ միւս ընկերը իւրացնելով իրենց իրաւունքը հարստացել է ու դարձել ընկերութեան ազդեցիկ ու անուանի անդամ: Իր կեղծ «պատիւը» ու «հեղինակութիւնը» պահպանելու համար հարստացած գործընկերը նախընտրում է ոտնահարել իր դստեր պատիւը ու քայլել նրա դիակի վրայով: Նոյն ձեւով են այսօր գործում ՀՀ արդի անօրէն ղեկավարները, որոնք ոտնահարում են հայ ազգի պատիւը, հայ ժողովրդապետական աւանդոյթները, որպէսզի պահեն իրենց դիզած հարստութիւնը եւ զաւթած պաշտօնները: Յակոբ Պարոնեանը «Պաղտասար Աղբար» երկում քննադատում է այն իրաւարարներին, որոնք գտնում են, որ խաղի բոլոր մասնակիցները, անկախ նրանց դերակատարման բարոյական ու իրաւական բովանդակութիւնից, արդար են: Եղածը պարզ դիւրատեսութիւն է: Այսպէս են այսօր Հայաստանում տեղի ունեցած երեւոյթներին ձգտում մօտենալ ինչպէս տեղական, այնպէս էլ միջազգային որոշ իրաւարարներ: Հայաստանում արդար ու ժողովրդավարական կարգեր հաստատելու ու անօրէն ղեկավարներից ազատուելու համար խիստ անհրաժեշտ է ղեկավարուել հայ առաջաւոր աւանդոյթներով: Լոս Անջելես
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |