|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եզրակացություններ եւ կանխատեսումներ12:44 Yerevan | 8:44 GMT | Friday 14 March 2008 Մի խումբ հոգեբաններ բավականին թմբկահարեցին ամբոխավարության, սեւ մոգության մասին պատումներ: Մինչդեռ տարիներ շարունակ ոչ մի հոգեբան չանդրադարձավ հասարակական թմբիրի, հիվանդագին հանդուրժողականության վտանգավոր խնդիրներին: Ու երբ հանկարծ զարթնեցին, ըմբոստացան մարդիկ` որակվեցին տգետ ամբոխ` վայրենի վարքուբարքով:
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Գայանե Ղազարյանը «Մեր ժամանակի հերոսները, իդեալական եւ իրական կերպարները» գիտական թեզում, ուսումնասիրելով վերջին տարիներին հասարակական արձագանքները քաղաքական, սոցիալական երեւույթներին, հանգել է վտանգավոր եզրակացության` «հասարակական փաստացի հանդուրժողականություն»: Սա նշանակում է մեր հասարակությունը օրինախախտ, նաեւ` օրենքների միջոցով ոչ օրինական ձեւերով հաջողության հասնելու վարքի հանդեպ շատ հանդուրժողական վերաբերմունք ունի: «Երբ հասարակությունն սկսում է հանդուրժել վերնախավի օրինախախտ վարքը եւ այդ օրինախախտության արդյունքում իր սեփական ճնշվածությունն ու իր իրավունքների ոտնահարման ճանապարհը տեսնում է նաեւ իր կողմից օրենքները խախտելու արդարացվածության մեջ, այդ դեպքում հասարակությունը կանգնում է ապակայունացման եւ դեգրադացիայի առջեւ», - համոզված է Գայանե Ղազարյանը: Հանդուրժողականության ու խաղաղության կոչերը Գայանեն` որպես սոցիոլոգ, դիտարկեց դեգրադացիան խորացնելու, հասարակության սոցիալական, քաղաքացիական գիտակցությունը բթացնելու հերթական միտում: «Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում հանդուրժող լինել, ու՞մ, ինչի՞ հանդեպ` չընտրված նախագահի՞, ընտրակեղծիքների՞, զոռբայությա՞ն, ալան-թալանի՞, ապաբարոյականացմա՞ն, խորհրդարանում տգետների, օլիգարխների առկայությա՞ն... Եվ կոնկրետացումը չկար, ուղղակի կոչ էին անում: Ստացվում է` պիտի հանդուրժող լինենք հենց այդ ամենի հանդեպ», - փաստում է Գ.Ղազարյանը: Իհարկե, նման երեւույթների հանդեպ ոչ մի նորմալ հասարակություն հանդուրժող չի լինում: Սրանց դեմ մարդիկ ըմբոստանում են. ասպիսին պիտի լինի նորմալ հասարակության արձագանքը: Հասարակություն լինելու լավագույն ինդիկատորը նման երեւույթների հանդեպ անհանդուրժողականությունն է: Վերջին իրադարձություններից հետո Գ.Ղազարյանը` որպես մասնագետ, ցնծության մեջ էր, քանի որ իր թեզում եզրահանգած վտանգներից մեկը կարող էր արդեն ջնջել` հասարակությունը հանդուրժող չի: Հասարակությունը դրանով ցույց է տալիս, որ ինքն է պետության տերը, իշխանությունները իր կամակատարներն են: Ֆրանսիայում, երբ մուսուլմանների հետ կապված խնդիրների շուրջ դժգոհություններ եղան, էմիգրանտները դուրս եկան, մոտ 500 մեքենաներ այրեցին, ընդ որում` այդ մեքենաների տերերը կապ չունեին իրենց դժգոհության հետ: Բայց դրանով նրանք իշխանությանը հասկացրին. «Դու ինձ դուր չեկար, քո պահվածքը ինձ դուր չեկավ: Դու պարտավոր ես պատասխան տալ»: Նույնը տեղի ունեցավ մեզանում` շատ ավելի մեղմ ձեւերով, քանի որ հասարակությունը վառեց կոնկրետ թիրախի` ոստիկանության մեքենաները, ոչ թե ուղղակի բողոք արեց, ուղղակի ջարդարարություն: Այս իմաստով հայերը բարեպաշտ են, պատիժ եւ պատժել չեն սիրում. մենք ներում ենք բոլորին... Ըմբոստացումը հասարակության` թմբիրից արթնացման լավագույն դրսեւորումն է: Սա նշանակում է` հասարակությունը մեկ քայլ առաջ կատարեց քաղաքացիական հասարակության կայացման հարցում, վերջապես թոթափեց քաղաքացիական հասարակության դեմքը դեգրադացնող հանդուրժողականությունը: «Բայց եթե պետական քարոզչամեքենաները շարունակեն նույն ինֆորմացիոն քարոզարշավը, որով ըմբոստ, իրավունքների պաշտպան, քաղաքացիական ինքնագիտակցությամբ օժտված տեսակին շարունակեն համարել շիզոֆրենիկ եւ շարունակեն բոլորին ապացուցել, թե պետության մեջ ժողովուրդը կարող է զինված լինել, ոտիկանությունը` ոչ, դրանով հասարակությանը նորից կգցեն նույն թմբիրի մեջ: Հասարակության ըմբոստացումը չի կարելի կոտրել: Շատ հնարավոր է, որ այդ հարվածից հետո հասարակությունն այլեւս ոտքի չկանգնի», - կանխատեսում է սոցիոլոգը:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |