|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վերեւից եկած ամեն բան չէ, որ Աստծուց է գալիս14:54 Yerevan | 10:54 GMT | Monday 10 March 2008 Արամ Ամատունի
Սրանք, վերնագրի բառերը, տողեր են Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունից: Մեր ժամանակներում իսկապես պակասում են վիսոցկիները, ավելի ճիշտ` ստեղծագործողները:
Բայց նրա տողերը հիշեցինք մեկ այլ պակասի մասին խոսելու համար: Հայաստանի ներքաղաքական, նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներում բավական հետաքրքրական դերակատարում ունեցավ Հայ Առաքելական եկեղեցին, իսկ ավելի կոնկրետ, այդ եկեղեցու վերնախավը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Սակայն այդ դերակատարումը, ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, ամենեւին այն չէր, ինչ սպասում էր հավատացյալ հայ ժողովուրդը, որ կամ անմիջականորեն մասնակից էր ընտրական գործընթացներին կամ հետեւում էր դրանց կողքից, միայն ընտրության օրը կատարելով իր պարտքը: Հավատացյալ հայության ակնկալիքը հայոց եկեղեցուց, նրա վերնախավից, ըստ երեւույթին այն էր, ինչ որ ենթադրվում էր եկեղեցու բուն էությունից ելնելով: Այսինքն` Հայ Առաքելական եկեղեցին պետք է նախընտրական գործընթացում ստանձներ բացառապես չեզոք, բացառապես ապաքաղաքական դիրքորոշում, եւ որեւէ տարբերություն չդնելով որեւէ թեկնածուի միջեւ, պետք է բոլորին հավասարապես կոչ աներ լինել միմյանց հանդեպ հանդուրժող, եւ նախընտրական արշավի ընթացքում առաջնորդվել բացառապես քրիստոնեական արժեքներով, հարգելով տասը պատվիրանները: Բայց ինչ եղավ իրականում: Իրականում եկեղեցին ինքն էր դեմ գնում այդ արժեքներին, իր բարձրաստիճան սպասավորների միջոցով դառնալով քաղաքական գործընթացի անմիջական մասնակից: Դրա լավագույն վկայությունը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությունն էր Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Ավելին, արքեպիսկոպոսը նույնիսկ փորձ էլ չէր անում ինչ-որ կերպ սքողել իր այդ մասնակցությունը, այլ բացահայտ հայտարարում էր իր նախընտրության մասին, օրհնում էր Հանրապետականի համագումարը, հաջողություններ մաղթում Սերժ Սարգսյանին: Իհարկե, արքեպիսկոպոսն էլ քաղաքացի է, բայց եթե նա կատարում է իր քաղաքացիական գործը, ապա գուցե բարի լիներ հանել եկեղեցական հագուստը, որպեսզի հայ հավատացյալը թյուրըմբռնումների առիթ չունենար: Բայց եթե արքեպիսկոպոս Կճոյանը գոնե ասում էր այն, ինչ մտածում էր, ապա առավել զարմանալի էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեցվածքը: Լինելով քաղաքականության մեջ անմիջականորեն ներգրավված արքեպիսկոպոս Կճոյանի ղեկավարը, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը բացարձակապես չէր փորձում զսպել նրա քաղաքական պոռթկումները կամ հոգ տանել, որ դրանք տեղի ունենան առանց եկեղեցու հետ ասոցացվելու: Դա էլ հիմք է տալիս եզրակացնել, որ կամ Հայ Առաքելական եկեղեցում Կաթողիկոսը չի տիրապետում իրավիճակին կամ նա էլ իր լռությամբ հավանություն էր տալիս այն հանրապետական կողմնորոշմանը, որ դրսեւորում էր Արարատյան թեմի առաջնորդը: Դրանից հետո իհարկե միայն Աստծուն է հայտնի, թե եկեղեցու մասին ինչ պետք է մտածի հավատացյալ հայը, որի համար իր բարձրաստիճան հոգեւորականները, համենայնդեպս մինչեւ վերջին իրադարձությունները, եղել են եթե ոչ սուրբ, ապա համենայնդեպս ավելի բարձր, քան սովորական մարդը: Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 19-ից հետո ուներ իր այդ նախընտրական կեցվածքը ուղղելու հնարավորություն, եթե համարձակություն ունենար զատվել օտարերկրյա քաղաքական ղեկավարներից, ու Սերժ Սարգսյանին գոնե շնորհավորեր Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այդ օտարերկրացիները քաղաքական խնդիրներ են լուծում, դա պարզ է: Պարզ չէր միայն, թե ինչ խնդիրներ է լուծում Հայ Առաքելական եկեղեցին, որը պետք է որ տեղյակ լիներ, որ փետրվարի 19-ի հենց հաջորդ օրը Երեւանում տեղի ունեցավ մի բազմամարդ բողոքի խաղաղ երթ, ընդդեմ ընտրակեղծիքների ու բռնությունների, որը մոտ 45 րոպե շարունակ անցնում էր ԿԸՀ շենքի դիմացով ու դեռ չէր ավարտվում: Չէ՞ որ այդ երթի մասնակիցներն էլ հավատացյալ հայեր էին, ու եկեղեցին գուցե պետք է լիներ եթե ոչ միակը, ապա հաստատ առաջին կառույցը, որ հաշվի առներ նաեւ այդ հայորդիների կարծիքը ու չշտապեր: Բայց հնարավոր է, որ այդպիսի ցուցում իշխանությունները եկեղեցուն չեն տվել: Իսկ այն, որ որոշակի ցուցումներ տրվում են, երեւի թե հաստատվեց մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի տված ասուլիսի ժամանակ, երբ նախագահը անդրադարձավ այն դեպքին, որ տեղի էր ունեցել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ: Ինչպես հայտնի է, Կաթողիկոսը հանդուրժողականության կոչով գնացել էր Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու, իսկ վերջինս էլ մերժել էր ընդունել Կաթողիկոսին` ասելով, որ ինքը չէ, որ ժողովրդի դեմ ոստիկաններին ու զինվորներին է հանել, այլ իշխանությունները, հետեւաբար հանդուրժողականության կոչով պետք է նրանց դիմել, ոչ թե իրեն: Շատերին կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ դիրքորոշումը թվալ խիստ, շատ խիստ: Սակայն, մյուս կողմից կարող է հարց առաջանալ, թե ինչու նույն այդ հանդուրժողականության կոչը չի ուղղվում այն կրիմինալ տարրերին, որոնք երկրում մոլեգնում են ընտրական գործընթացի ամբողջ ժամանակահատվածում, ընդ որում` իշխանությունների թողտվությամբ: Ինչու եկեղեցին կրմինալին ոչ թե հանդուրժողականության կոչ է ուղղում, այլ նույնիսկ իր առանձին սպասավորների, իսկ որոշ դեպքերում էլ ասում են Կաթողիկոսի մասնակցությամբ, օրհնում է կրիմինալ հավաքները: Հայաստանյան մամուլում եղել են այդ մասին հրապարակումներ, որոնք չեն հերքվել առ այսօր: Սակայն ամենից հատկանշականն այդ ամբողջ պատմության մեջ այն է, որ ինչպես պարզվեց, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման է գնացել Ռոբերտ Քոչարյանին տեղյակ պահելուց եւ նրա համաձայնությունը ստանալուց հետո: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Կաթողիկոսը զանգահարել է իրեն ու տեղյակ պահել Լեւոն Տեր-Պետրոսյանին այցելելու իր այդ մտադրության մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ` ինչպես ինքն է նշել ասուլիսի ընթացքում, ասել է, որ դեմ չէ հանդիպման գաղափարին: Այդքանից հետո արդյոք չի կարելի եզրակացնել, որ Կաթողիկոսը այլ հարցերի կապակցությամբ էլ իր գործողությունների մասին նախապես տեղյակ է պահում իշխանություններին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սովորական հանդիպումից առաջ նա իշխանություններին իրազեկում է իր այդ մտադրության մասին: Այդ պարագայում արդեն իսկ հստակ են դառնում նախընտրական շրջանում, ինչպես նաեւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու պահվածքի դրդապատճառները: Մինչդեռ խնդիրն ամենեւին այն չէ, որ եկեղեցին սատարել է իշխանություններին ու անտեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ժողովրդական Շարժումը: Խնդիրն այն է, որ եկեղեցին նախ ի ցույց է դրել իր կախվածությունն իշխանություններից ու նաեւ իր միակողմանի, ակնհայտ քաղաքական մոտիվացիաներով վկայել, որ համենայնդեպս այսօր ի վիճակի չէ լինել այն կառույցը, որը կարող է վեր կանգնել ցանկացած քաղաքական գործընթացներից, եւ առաջին հերթին լինել ժողովրդի, իր հավատացյալ հոտի տերը` անկախ, թե որ քաղաքական ճամբարում կլինի այդ հոտը: Վերջին հաշվով, երեւի թե ավելի առարկայական ու ավելի արդյունավետ կարող էր լինել այն, որ երբ եկեղեցին տեսնում է երկպառակության թույլ իսկ նշույլ, ոչ թե փորձի հանդես գալ անորոշ ու անդեմ կոչերով, հանդուրժողականության մասին բազմաշերտ ու գույնզգույն հայտարարություններով, այլ հենց ինքը փորձի հստակ դիրքորոշումով համախմբել քրիստոնյա հայությանը, այն գործնականում զերծ պահելով երկպառակությունից, համախմբել քրիստոնեական արժեքների շուրջ, որոնց առանցքում մարդն է, իր իրավունքներով:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |