|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հարցուպատասխաններ` ՍԴ-ում16:38 Yerevan | 12:38 GMT | Friday 7 March 2008 Էմմա Գաբրիելյան
ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվում էր` «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը:
Երեկ օրվա գերակշիռ մասը պատասխանող կողմի, հարակից պատասխանողների, երրորդ անձի ներկայացուցիչների բացատրություններն ու պատասխանները հնչեցին: Դիմող կողմի` ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների եւ ՍԴ անդամների հարցերին էին պատասխանում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կորյուն Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ` Արարատ Մահտեսյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ` Գրիգոր Ամալյանը եւ երրորդ անձի` Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ` Դավիթ Հարությունյանը: Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները միջնորդել էին, որպեսզի ՍԴ-ն արգելի տեղեկատվության սահմանափակումը, սակայն ՍԴ-ն խորհրդակցական սենյակ անցնելուց հետո, պատճառաբանելով, թե բարձրացված հարցերի լուծումը դուրս է ՍԴ-ի իրավասություններից, մերժեց սույն միջնորդությունը: Այժմ` պատասխանող կողմի մի քանի ուշագրավ պատասխաններ ներկայացնենք: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Երեւանի մամուլի ակումբը երեքական զեկույցներ են հրապարակել, որոնցում պահպանվել են նույն գնահատականները` հիշեցրեց Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եւ Գրիգոր Ամալյանին հարց ուղղեց` արդյոք կազմակերպվել են քննարկումներ այդ զեկույցները կազմողների մասնակցությամբ: Պարզվեց, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը քննարկել է այդ զեկույցները, սակայն ոչ` հեղինակների մասնակցությամբ: Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե հունվարի 21-ից փետրվարի 17-ը ԶԼՄ-ի վերաբերյալ որեւէ խախտում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը արձանագրե՞լ է: Ի՞նչ եք կարծում` մինչեւ պաշտոնական քարոզարշավը եւ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հեռուստադիտողի համար ապատեղեկատվության գրոհի, սեւ PR-ի, Ս.Սարգսյանի քարոզչության ակնհայտ առավելության պայմաններում, Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ բացահայտ տեղեկատվական տեռորի պայմաններում Գ.Ամալյանի ղեկավարած հանձնաժողովը ի զորու՞ է եղել գոնե մեկ խախտում արձանագրել... Իհարկե` ոչ: Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը դեռ քարոզարշավի շրջանում ահազանգել էր Ս.Սարգսյանի կողմից ընդունված մի որոշման մասին. հիշեցնենք` «ՀՀ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ ՀՀ վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով` աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ»: Վերոնշյալ խմբում ընդգրկված էին պետական ծառայողներ, այս խումբը, ըստ էության, Ս.Սարգսյանի նախընտրական շտաբին կից օղակներից մեկն էր եւ կազմակերպում էր քաղաքացիների ընդունելություն, մեծ աշխատանք էր իրականացնում նաեւ` ՄԻԱԿ-ը, որը տնից տուն անցնելով դիմումները մշակում, հասցնում էր աշխատանքային խմբին: Հայտնի է, որ մինչեւ 2008թ. հունվարի 29-ը ՄԻԱԿ-ի կողմից աշխատանքային խմբին է փոխանցվել մոտ 10 000 դիմում` ֆինանսական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակարանով կամ ժամանակավոր կացարանով ապահովելու, ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու, վիրահատության կամ բժշկական օգնություն ստանալու, բնակարանի գազաֆիկացման եւ գազատաքացուցիչներ տրամադրելու եւ այլ պահաջներով: Երեկ ՍԴ-ում Դ.Հարությունյանը այս առիթով, բառացիորեն հայտարարեց, որ այն դիմումները, որոնք ուղղված էին թեկնածուին, այլ ոչ թե վարչապետին, աշխատանքային խումբը ուղարկում էր` նախընտրական շտաբ: Մյուս հարցը` արդյո՞ք նախագահի թեկնածուների միջեւ նախընտրական քարոզչությանը մասնակցելու պայմանները հավասար են ապահովվել նախընտրական քարոզչության ընթացքում, այս հարցը ուղղեց Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Դ.Հարությունյանը նախ փաստեց, որ հավասարությունը պետք է ԿԸՀ-ն, դատարանը, ՍԴ-ն գնահատեն, եւ խնդրեց հանել այդ հարցը, իսկ Ս.Սարգսյանի կարծիքով` առկա է եղել «հարաբերական հավասարություն», փոխանցեց Դ.Հարությունյանը: ՍԴ-ում գործի դատաքննությունը կշարունակվի նաեւ այսօր` մարտի 7-ին, կողմերը հանդես են գալու եզրափակիչ ելույթներով:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |