|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Օրենքը ենթակա է մի քանի իշխանավորների կամքին»14:58 Yerevan | 10:58 GMT | Friday 7 March 2008 Հեղինե Մանուկյան
Հատկապես մարտի 1-ին արձանագրված անցքերն ու իշխանությունների կողմից դրանց տրվող «իրավական» գնահատականները, որոնք դրսեւորվում են մի կողմից կատարվածին իրենց միանձնյա մեղսակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների գլխին բարդելու փորձով, մյուս կողմից էլ` Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների մասսայական ձերբակալություններով ու նրանց մեղադրանքներ առաջադրելով, մի բան են վկայում` «իրավական համակարգ» հասկացությունը, որպես այդպիսին, մեզանում այլեւս լիկվիդացված է, գոյություն չունի: Մեր զրույցը փաստաբան Հովիկ Արսենյանի հետ է, ով ստանձնել է քաղաքական վերջին իրադարձությունների բերումով մեղադրյալի աթոռին նստած մի շարք քաղաքացիների պաշտպանի առաքելությունը:
-Պրն Արսենյան, կասե՞ք Ձեր պաշտպանյալներն ովքե՞ր են եւ քանի՞սն են: - Արդեն 20 հոգուց անցնում են: Սկսած քարոզարշավի մեկնարկից, նկատելի էին այս օրերին տեղի ունեցող գործընթացների հիմքերը: Ձերբակալությունների շղթան սկսվեց հունվարի 27-ին` Թալինում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ ձերբակալվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները, այնուհետեւ շարունակվեց ընտրությունների օրը եւ շարունակվում է մինչեւ այսօր: Կարելի է նույնիսկ դասակարգել կալանքի տակ վերցվածներին: Օրինակ` Մարզպետունի Այվազյան, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր փետրվարի 19-ի ընտրություններին, որին էլ նույն օրը ընտրատեղամասում մոտեցել են ոստիկաններն ու ձերբակալել: Գիտե՞ք, թե որն է եղել ձերբակալության հիմքը. բանից պարզվում է` Այվազյանը 1997-2008թթ. ընթացքում զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ եւ մեր իրավապահները հենց այդ օրն են դա պարզել ու որոշել, որ անհապաղ, հենց այդ օրը պետք է կալանավորեն Այվազյանին: Այն դեպքում, որ դեռ փորձաքննություն չի նշանակվել ու չի պարզվել, թե նա ի՞նչ չափով է հարկերից խուսափել, չնայած հարկերից խուսափել էլ չկար, այլ ընդամենը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել: Խնդիրն այս դեպքում այն է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը հեռացվեր ընտրական տեղամասից: Հաջորդը` Սմբատ Այվազյան` մեր օրերի քայլող լեգենդ, Վազգեն Սարգսյանի զինակիցը, ԼՂ մարտական գործողությունների մասնակից, շքանշանակիր եւ այլն... Ու հանկարծ նրան 316 հոդվածի առաջին մասով մեղադրանք են առաջադրում, ըստ որի նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Մինչդեռ իրականությունն այս է. վաղ առավոտյան տուն գնալու ճանապարհին 6-րդ վարչության հատուկ ջոկատայինները շրջապատում են նրա մեքենան ու Այվազյանին եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկում 6-րդ վարչություն: Սակայն ճշտում են, որ այն զենքը` «Մակարով» տեսակի ատրճանակը, որը համարում էին ապօրինի, անվանական է եւ Այվազյանն այն օգտագործելու անժամկետ թույլտվություն ունի: Չնայած դրան, այնուամենայնիվ, Այվազյանին 10 ժամ պահում են 6-րդ վարչությունում` անհայտ պատճառներով, այնուհետեւ իր վարորդի ու թիկնապահի հետ մեկտեղ տեղափոխում Կենտրոնի ոստիկանություն` փորձաքննությունների բյուրո, որպեսզի նրանից նմուշ վերցնեն` կասկածելով, թե նա կարող է թմրանյութ օգտագործած լինել: Սակայն, քանի որ Այվազյանն իրեն շատ բարեխիղճ է պահում, ստիպված օպերատիվ երեք աշխատողներ զեկուցագրեր են գրում, թե փորձաքննությունների բյուրոյից վերադառնալու ճանապարհին եւ Կենտրոնի ոստիկանատան դիմաց Այվազյանը դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատողներին` այն դեպքում, երբ ինքս եմ անձամբ տեսել, թե ինչպես էր ձեռնաշղթա հագցված Այվազյանի ձեռքերին: Մեղադրանքի մեջ գրված է, որ Այվազյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ի՞նչ օրինական պահանջի մասին կարող է խոսք լինել, երբ որ անձը ապօրինի է պահվում ոստիկանությունում, իսկ դա նշանակում է, որ նա իրավասու է ամեն ինչ կատարել ոստիկանների դեմ եւ դա չի կարող համարվել որպես դիմադրություն: Սակայն դատարանը, անտեսելով այս ամենը, Այվազյանին կալանավորելու մասին սանկցիա տվեց: Հաջորդը` Սուրեն Սուրենյանց, նա ընդամենը փետրվարի 24-25-ին է, որ ելույթներ է ունեցել Ազատության հրապարակում: Եվ հանկարծ նրան մեղադրանք է առաջադրվում Քր.օր.-ի 225 պրիմ հոդվածով, որը նույնիսկ չի նախատեսում ազատազրկում: Այնուամենայնիվ, գիտենալով, որ այդ հոդվածը ազատազրկում չի նախատեսում, դատարանը 20-օրյա կալանքի սանկցիա տվեց: Պատճառաբանությունը հետեւյալն է` քանի որ շարունակվում են հանրահավաքները եւ զանգվածային միջոցառումները, նույնիսկ գրած էլ չի, թե այդ ինչ միջոցառում նկատի ունեն... Դուք պատկերացրեք, այնքան անհիմն են ու աբսուրդային այդ պատճառաբանությունները, որ նույնիսկ միջնորդեցի` ասելով, թե եթե վաղը Մալաթիայի կամ մեկ այլ վայրի տոնավաճառի աշխատակիցները որոշեն զանգվածային միջոցառումներ կազմակերպել, ինչ է Սուրենյանցն այդ միջոցառումների պատճառով պետք է շարունակի մնալ կալանքի տա՞կ: Կարճ ասած` աբսուրդն աներեւակայելի աստիճանի է հասել: - Պրն Արսենյան, իրավական ի՞նչ գնահատական կտաք մարտի 1-ի եւ դրան հաջորդած իրադարձություններին: - Ինձ մոտ մինչ այդ այն տպավորությունն էր, թե կարծես կրկնվում են 2003թ.-ի ապրիլի 12-ի միջոցառումները, երբ խաղաղ երթ էր, խաղաղ հանրահավաք, մարդիկ երգում ու պարում էին ու իշխանությունները որոշեցին, որ պետք է ջարդ կազմակերպեն: Միանշանակ այդ նույն ձեռագիրն էր նաեւ մարտի 1-ին: Ես մի համեմատություն պիտի անեմ, նույնիսկ որսորդը չի կրակում քնած որսի վրա: Այդ օրը քնած մարդիկ են եղել վրաններում, իսկ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, թե նախազգուշացրել են, որ եկել են խուզարկություններ անելու, քանի որ, «ըստ ստացված օպերատիվ տվյալների», հանրահավաքի մասնակիցների մոտ իբրեւ թե զենք ու զինամթերք կա: Ի՞նչ է, խուզարկության են գնում նախագահի անվտանգության վարչության աշխատակիցների միջոցո՞վ: Խուզարկության պետք է քննիչները գնային: Ինձ համար շատ տարօրինակ էր, երբ մարտի 1-ին առավոտյան Մաշտոցի պողոտայով քայլում էի եւ տեսնում, թե ինչպես քննիչները «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենաների մեջ նստած արձանագրություններ կազմում եւ Աստված գիտե, թե ինչ արձանագրություններ էին դրանք: Եվ ամենակարեւորը, որ շատ ականատեսներ եւ նույնիսկ օտարերկրյա լրագրողներն են ֆիքսել, թե ինչպես են ոստիկանական մեքենաներից մետաղաձողեր իջեցվում հրապարակ, դրվում նստարաններին, նկարահանվում, այնուհետեւ նորից դրվում մեքենայի մեջ եւ բնականաբար այդ նկարահանումները ցուցադրվում են հեռուստատեսությամբ: - Պրն Արսենյան, մարտի 1-ին` հանրահավաքը ցրելուց հետո Ազատության հրապարակում արված նույն այդ նկարահանումներում, որոնք կատարվել են ոստիկանության կողմից, ցուցադրվում էին նաեւ ատրճանակներ, նռնակներ, փամփուշտներ, ներարկիչներ եւ այլ պարագաներ: Ի՞նչ կասեք այդ մասին: - Թող գեթ մի հատ նռնակ ցույց տան, որը պայթել է: Ի~նչ մի դժվարություն էր նռնակ պայթեցնելը, եթե այդ նռնակը լիներ ցուցարարների ձեռքում: Բոլոր այդ կադրերը շինծու են, հատուկ բեմադրված: Ինձ համար շատ զարմանալի էր Ռոբերտ Քոչարյանի նախորդ օրվա ելույթը, երբ նա ասաց, թե բանակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ վերջինս առաջարկել է իրեն թույլ տալ, որպեսզի գնա եւ հանգստացնի Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված բազմությանը: Հարց` ինչու՞ դա թույլ չտվեցին իշխանությունները, եթե իսկապես նպատակ ունեին, որ անկարգություններ չլինեին ու գործողությունները չավարտվեին այնպես, ինչպես ավարտվեցին: Դա այն նույն բազմությունն էր, որը ընդամնեը մեկ օր առաջ Ազատության հրապարակում շատ խաղաղ հանրահավաք էր անում, երգում ու պարում էր եւ կոպիտ բառ ասեմ` կառավարելի էր: Սակայն մարտի 1-ի բռնի գործողությունները ստիպեցին, որ այդ բազմությունը դառնա անկառավարելի: Մեր իշխանությունները, դժբախտաբար, ընդունակ չեն դեպքերը դիտարկելու եւ դրանք գնահատելու պատճառահետեւանքային կապի մեջ, նրանք դիտարկում են միայն հետեւանքն ու դա վերլուծում: Ես էլ հուշում եմ` պատճառահետեւանքային կապ գտեք կատարվածի միջեւ, ի՞նչն էր պատճառը, որ այդպես եղավ: - Պրն Արսենյան, ըստ ձեզ համարժե՞ք են արձանագրված դեպքերն ու դրանց տրված իրավական գնահատականները: - Իհարկե ոչ, մեզանում իրավական համակարգ ասվածը, ես վերստին համոզվում եմ, գոյություն չունի: Այսօր արդեն մարդկանց մասսայական ձերբակալում են, տրցակներով քրեական գործեր հարուցում ու նույնաբովանդակ մեղադրանքներ ներկայացնում` սահմանադրական կարգը բռնի ուժով զավթելու ու այլ անհեթեթ մեղադրանքներ: Ձեզ մի օրինակ բերեմ` ձերբակալվածներից մեկը Արարատի մարզից է, Ալեքսան Վարդանյանը, որին մարզում գիտեն Հենրիկ անունով: Երբ իմացա, որ նույնիսկ այդ մարդուն են ձերբակալել ու արդեն մեղադրանք առաջադրել 225 հոդվածի երկրորդ մասով, մարդ, որի ձեռքի մեջ եթե պարսատիկ դնես` ուշագնաց կլինի, սակայն նրան մեղադրում են սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մեջ: Դա նշանակում է, որ մեր իշխանություններն արդեն աչքները փակ են մարդ կալանավորում` կապ չունի թե ում: Ես մի միջնորդություն ունեմ ներկայացնելու, որպեսզի Ա.Վարդանյանին բաց թողնեն ու ինձ կալանավորեն: Հիմա եմ հասկանում, թե Կոմիտասն ինչու էր ժամանակին խելագարվել: Եթե նա թուրքերի ձեռքով է խելագարվել, ապա ես չգիտեմ, թե մենք հիմա ում ձեռքով ենք խելագարվելու: Այս ամբողջի հայտարարն այն է, որ մենք երբեք չենք եղել իրավական պետություն, չնայած ԱԺ-ն տարեկան չգիտես քանի օրենք է ընդունում: Թող լինեն մի քանի օրենքներ, գուցե մի քիչ կոպիտ բովանդակությամբ, սակայն դրանք կիրառվեն: Օրենքը ենթակա է մի քանի իշխանավորների կամքին եւ այսօր նրանց կամքն ու ցանկությունն է բարձրացվում օրենքի աստիճանի ու գործում:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |