“Zhamanak” Armenian-American Political Daily

Արդարության քաղց ու ծարավ

14:51 Yerevan | 10:51 GMT | Friday 7 March 2008

Մարինա Բաղդագյուլյան

Հուդան, իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, Հիսուսի ետեւից եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով:

«Հուդան», իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, ժողովրդի ետեւից եկավ զենքերով` առանց ջահերի եւ լապտերների: Արյուն եղավ, սոսկալի, դաժան ջարդ:

Հիսուսն իմանալով, որ Հայրը ամեն բան իր ձեռքն էր հանձնել, վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով` մեջքին կապեց: Ապա ջուր վերցնելով` լցրեց կոնքի մեջ, սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով: Հիսուս ասաց. «Եթե ես` Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ»...

Աստծուց կարգված իշխանությունները, որ ամեն բան իրենց ձեռքն էին առել, խփեցին ժողովրդի ոտքերին, ծնկի բերեցին, նորից խփեցին: Նրանք կրակեցին ժողովրդի ոտքերին...

Հիսուս ասաց. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանություն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված» (Թուղթ առ Հռովմեացիս, 13):

Ինչպե՞ս պիտի հպատակվենք այս իշխանություններին, ի՞նչ ուժով: Եվ արդյո՞ք նրանք պիտի կարգվեն Աստծուց: Արյունոտ ձեռքը պիտի դնեն Սուրբ գրքին ու կարգվե՞ն, ինչպե՞ս, ի՞նչ ուժով...

«Իշխանությունը օրենքի երաշխավորն ու իրականացնողն է եւ դրանով է, որ ծառայում է ժողովրդին, - ասաց Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, - Եթե որեւէ դատավոր կամ թագավոր անժամանակ, մինչեւ թագադրվելը օրենք է խախտում, ժողովուրդը պետք է հնազա՞նդ լինի... Ասված է` հնազանդ եղիր երկրիդ օրենքներին: Բայց եթե այդ օրենքները խախտվում են հենց իշխանությունների կողմից, ժողովուրդը կարող է չգնալ այդ իշխանավորի ետեւից մեղքի ճանապարհով»:

Միջազգային լուրերով հաճախ եմ տեսել, թե ինչպես ուրիշ ժողովուրդներ հերթական ֆուտբոլային խաղից հետո, երբ անարդար է թվացել մրցավարի որոշումը, հեղեղի պես թափվել են փողոց, մեքենաներ շրջել, հրդեհել, ապակիներ ջարդել: Միշտ մտածել եմ, որ զարմանալի զուսպ ու համբերատար ժողովուրդ ենք: Տարիներ շարունակ անարդարության բեռը լուռ կրում ենք, գլխներիս երկանք են աղում` լռում ենք: Ու վախեցել եմ այդ լռությունից, միշտ հիշել եմ այն ուղտին, որի մորթին այրում էին ինչ-որ խուժան լակոտներ ու հռհռում, իսկ նա լուռ էր: Ծաղրում էին, պոչը քաշքշում, նա լուռ էր: Հետո աքացիներ էին տեղում ուղտի գլխին, կողերին... Մեկ էլ ուղտը մռնչաց, ելավ տեղից. լռությունից հետո սարսափելի էր այդ մռնչյունը: Ոնց վախեցան այդ լակոտներն ու փախան: Ու քանի որ շատ վախկոտն էին, ուղտին պարզապես սպանեցին: Ես շատ էի վախենում մեր լռությունից ու նրանցից, որ պիտի սպանեին... Բայց երբ խախտվեց մեր լռությունը, հպարտ էի` ինչպես ոչ մի անգամ, որովհետեւ մռնչյուն չէր, արդար որոշում էր, հրաժարում` գնալ մեղքի ճանապարհով:

«Քանի տարի է խոսում ենք, որ հասարակությունը դարձել է սպառող, այսինքն` վերցնող, տեղը ոչինչ չդնող: Բայց երբ Տեր չկա, երկիրը անտերության է մատնվում: Անշուշտ, ինչ-որ մարդիկ դրանից օգտվում են: Ժողովուրդը գիտակցաբար եւ բնազդով փորձեց դուրս գալ սպառողի վիճակից: Այս ընդվզման մեջ մի բան տեսա` ժողովուրդը փորձեց տեր լինել իր ձայներին: Ժողովուրդը արդարություն էր ուզում», - ասաց Տեր Կյուրեղը:

...Հիսուս, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա եւ ասաց. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի հագենան» (Ղուկ. 6: 20-23):

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.