|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լռությունը եւ անտարբերությունը խախտվեց14:48 Yerevan | 10:48 GMT | Friday 7 March 2008 Գոհար Բարսամյան
Բրյան Ուայթմորի «Ղարաբաղի կլանի ճգնաժամը ուշադրության կենտրոնում է» հոդվածում մասնավորապես ասվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության կառավարություն եկան:
Իսկ այսօր ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղի կլանի» շիտակ քննադատն է. այս կլանը ներխուժում է պետական գանձարան, շնչահեղձ է անում երկրի տնտեսությունը եւ ժողովրդավարությունը: Ուշագրավ է այն դիտարկումը, որ Քոչարյան-Սարգսյան լծակառքը տասը տարիների ընթացքում Ղարաբաղից Հայաստան բերեց 15 հազար մարդու, որոնցից ոմանք ընդգրկվեցին բիզնես ոլորտում: Եվ այսպես, ըստ էության, ձեւավորվեց հանրապետության ֆինանսական օլիգարխիան: Սարգսյանը հաստատում է իր ղարաբաղցի լինելը, միաժամանակ ընդգծելով, որ ինքը նախեւառաջ Հայաստանից է: Քննադատները հայտարարում են, որ ղարաբաղցի հայերը օգուտներ են քաղում կառավարության ֆավորիտիզմից, իսկ Քոչարյան-Սարգսյան լծակառքը պաշտպանում է իրենց բարեկամների բիզնեսի շահերը: Հոդվածագիրը վկայաբերում է «Առավոտ» թերթի խմբագրի այն միտքը, թե Հայաստանի տնտեսությունը գտնվում է 20-30 ընտանիքների ձեռքում: Աբրահամյանը, սակայն, նշում է, որ նրանք բոլորը չեն, որ ղարաբաղցի են, սակայն բոլորը ծառայում են իշխանություններին: Աբրահամյանը եւ մյուս փորձագետները ասում են, որ այդ օլիգարխները օգտվում են Ղարաբաղյան հակամարտության չհանգուցալուծված կարգավիճակից եւ նպաստում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելուն, ինչն էլ, իր հերթին, նպաստում է Ասիայի եւ Եվրոպայի հետ ունեցած սահմանների անուղղակիորեն փակ լինելուն` թերեւս արտաքին աշխարհի հետ Հայաստանը կապվում է Վրաստանի եւ Իրանի միջոցով: Հոդվածագիրը ներկայացնում է, որ ղարաբաղցիները Հայաստանում զբաղեցնում են ոչ միայն բիզնեսի կարեւոր ոլորտները, այլ նաեւ իշխանությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այս հանգամանքը, բնականաբար, վրդովմունք է առաջացնում Հայաստանում:
«Միջնորդները պայքարում են արձանագրելու Հայաստանի ճգնաժամը» խորագիրը կրող հոդվածը նշում է, որ միջազգային միջնորդները փորձում են կարկատել Մարտի 1-ի բռնությունները: Մարտի 1-ը պատմության մեջ համարվեց Հայաստանի արյունոտ կիրակին: Հոդվածագիրը իրազեկում է, որ դիվանագետ Հեյկի Թալվիտիեն Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Մենք փորձում ենք համոզել Հայաստանի իշխանություններին` կրճատել արտակարգ դրության 20-օրյա ժամկետը»: Նա ընդգծել է. «Միակ բանը, որ կարող ենք պատասխանատվությամբ ընդունել` այն է, որ շատ մարդ է մահացել: Այժմ շատ կարեւոր իրողություն է ուղի փնտրել քաղաքական հարթակ վերադառնալու համար», - ասել է նա: The Economist» պարբերականը եւս մարտի 5-ին անդրադարձել է Հայաստանի իրադարձություններին` «Արյունը փողոցներում» վերնագրի ներքո: Հոդվածը ընդգծում է, որ Հայաստանի ոստիկանությունը եւ բանակի ստորաբաժանումները սպանել են 8 ցուցարարի, ովքեր դուրս էին եկել բողոքարկելու նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: «Բռնությունները մահացու էին», - ընդգծում է թերթը: Կոմերսանտ թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե դեռ չի պատրաստվում չեղյալ համարել մարտի 1-ին ընդունած արտակարգ դրությունը, քանի որ համոզված չէ, որ անկարգությունները չեն կրկնվի: Այնուհետեւ թերթը վկայաբերում է Քոչարյանի դիրքորոշումը. Լեւոն Տեր-Պետրոսյանին իր ընտրազանգվածի ձեռքերով նախագահի աթոռին նստեցնելը միգուցե այդ նույն ընտրազանգվածի մարտունակության մասի՞ն է խոսում: Գործող նախագահի խոսքով` բոլոր ընդդիմադիրները` բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, բանակցություններ են վարում իշխանությունների հետ: Այնուհետեւ, թերթը անդրադառնալով մարտի 1-ի արյունալի իրադարձությունների պատմությանը, առանց վերաբերմունք ցուցաբերելու, ներկայացնում է իշխանության ցուցումները, թե հայտնաբերվել են զենք ու զինամթերթ, բացի այդ` քննարկվել է հեռուստաաշտարակի գրավման հնարավորությունը: Ռուսական մեկ այլ պարբերական` «Նեզավիսիմայա գազետան» «Երեւանում ակնկալում են ԵԱՀԿ երկրորդ հաշվետվությունը» հոդվածում նշում է, որ Հայաստանում հիասթափվել են միջազգային դիտորդների գործունեությունից: Նախագահական ընտրություններում հաղթող կողմի կարծիքով` թող ձեւակերպումները ավելի ճշգրիտ լինեին եւ համապատասխանեին միջազգային չափորոշիչներին, հուզումները ավելի պակաս կլինեին: Պարտվածները, իրենց հերթին, կշտամբում են դիտորդներին` ինֆանտիլության եւ ֆորմալիզմի հարցում: Այդուհանդերձ Երեւանում շատ լավ են ըմբռնում, որ ԵԱՀԿ-ի երկրորդ հաշվետվությունը հազիվ թե եղանակ ստեղծի: «Նեզավիսիմայա գազետան» վաղվա օրվա հարցն է առաջ քաշում` գալով այն եզրահանգման, որ ամեն դեպքում հասարակությունը խիստ բեւեռացված է, իսկ զարգացումները` անկանխատեսելի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |