“Zhamanak” Armenian-American Political Daily

Դժգոհ են տեղեկատվության պակասից

14:46 Yerevan | 10:46 GMT | Friday 7 March 2008

Դժգոհ են տեղեկատվության պակասից

Գայանե Հովսեփյան

Չնայած Լոռու մարզային գրադարանի շենքը Վանաձորում վերջերս փառահեղ եվրովերանորոգվել է` պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ, ի վերջո, ջեռուցվում է՝ շուրջ 20 տարի չջեռուցվելուց հետո, սակայն մամուլի բաժնում ընթերցողների քանակը նկատելիորեն պակասեց այն բանից հետո, երբ ընթերցողները հիասթափությամբ տեղեկացան, որ գրադարանում ստացվող մի քանի «այլընտրանքային» թերթերը լույս չեն տեսնում (չնայած «Ժամանակ Երեւանն» ու «Չորրորդ իշխանությունն» այդտեղ «հակացուցված» էին, սակայն ընդդիմադիր ու անկախ թերթերից գրադարանն, այնուամենայնիվ, «Հայկական ժամանակ», «Առավոտ» ու «168 ժամ» ստանում էր):

«Բա էն մյուս թերթերը ինչպե՞ս է, որ լույս են տեսնում», - իշխանամետ թերթերը մատնանշող ընթերցողների հարցին աշխատակցուհին պատասխանում է. «Դե երեւի նրանք պետական գրաքննություն են անցել, իսկ մյուսները չեն ցանկացել»: Այս պայմաններում, բնականաբար, ընդդիմադիր մամուլի ընթերցողներին չի հետաքրքրում, թե ինչ են գրում իշխանամետ թերթերը, քանի որ գիտեն, որ նրանք գրում են այն, ինչ արդեն մի քանի օր է՝ հեռուստատեսությամբ ցուցադրվում է ու ասվում: «Ոչ մի ընդդիմադիր թերթ չի գալիս, մենակ իրեց թերթերն են», - այս օրերին այսպես են պատասխանում Վանաձորի լրագրավաճառներից ոմանք նրանց, ովքեր որեւէ ընդդիմադիր կամ փոքրիշատե անկախ թերթ են ցանկանում գնել:

«Ցույցերն ու հանրահավաքներն արգելում են՝ ելնելով արտակարգ դրությունից: Բա ընդդիմադիր ու անկախ թերթե՞րն ինչի են փակել, «Ազատություն» ռադիոկայանն ինչու՞ չի հեռարձակվում», - դժգոհում են հատկապես նրանք, ովքեր FM տիպի ռադիոընդունիչներ էին գնել՝ լրացուցիչ ծախսի տակ ընկնելով, որպեսզի «Ազատություն» ունկնդրեն: Հիշեցնենք, որ 2007թ. սեպտեմբերից «Ազատության» հաղորդումները դադարեցվեցին «Հանրային ռադիոյի» հաճախականությամբ, որի արդյունքում բնակչության մեծ մասը, որ խորհրդային տարիներից մնացած ռադիոընդունիչների հույսին էր, զրկվեց «Ազատություն» ունկնդրելուց: Իսկ 2005թ. էլ լարային ռադիոն էր վերացել «ԱրմենՏելի» համակարգում, որով «Հանրային ռադիո» եւ «Ազատություն» էին ունկնդրում: Սա նշանակում է, որ ժողովրդավարության սահմանները հետեւողականորեն, քայլ առ քայլ սկսել էին նեղացվել՝ դեռ մինչեւ արտակարգ դրություն հայտարարվելը: Հիշեցնենք, որ ինտերնետային որոշ կայքեր, որով մարդիկ կարող են անաչառ տեղեկատվություն ստանալ, հասու են միայն հասարակության նեղ շերտերին: Մարդիկ դժգոհում են, որ իրենք միակողմանի տեղեկատվություն են ստանում. ընդդիմադիրներից ոչ մեկի ձայնը հեռուստաէկրանից չի հնչում, ընդդիմադիր ու անկախ թերթերը չեն տպագրվում, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին անվերջ լուտանքների հեղեղ է թափվում հեռուստաէկրանից:

ՀՀ վարչապետն օրերս հանձնարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ ամենօրյա ուսումնասիրություն անցկացնել սննդամթերքի շուկայում եւ հետեւել, որպեսզի գները չանցնեն թույլատրելի սահմանը, եւ տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ չհետապնդեն: Ի պատասխան, Վանաձորի առեւտրի կետերում գները նոր թափ հավաքեցին՝ «հարձակվելով» սպառողների վրա. վարչապետի հայտարարության հաջորդ օրն իսկ 1 կգ շաքարավազը 210-ից դարձավ 220 դրամ, իսկ խոզի մսի գինը 3-րդ «թռիչքը» կատարեց. բրազիլական ներմուծված խոզի մսի 1 կգ-ը, որ տարեվերջի 1300-ից այս տարվա սկզբին դարձավ 1600 դրամ, այժմ հասավ 2000 դրամի, իսկ տեղական արտադրության խոզի մսի գինը 2200-ից հասավ 2500 դրամի (եւ այս ամենը՝ ընդամենը 2 ամսում): Կրկին բարձրացան ձեթի գները, որ միառժամանակ փոքր-ինչ իջել էին՝ «մեծ թանկացումից» հետո: Այժմ գնորդների՝ «Ձեթն ի՞նչ արժե» հարցին ի պատասխան վաճառողները նախեւառաջ շտապում են հայտնել. «Թանկացել ա», եւ հետո նոր միայն մատնանշում գինը:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.