“Zhamanak” Armenian-American Political Daily

...Չէ, մենք պահանջատեր չենք

17:17 Yerevan | 13:17 GMT | Thursday 6 March 2008

Մեզանում ոչինչ կարծես թե չի ստացվում: Ոչ մի նորմալ բան: Ոչ մի բան` նորմալ: Մենք ավելի շատ պատրանքների ետեւից ենք ընկնում. ժողովրդավարությունից խոսում ենք` անհանդուրժողականորեն: Ազատ, շուկայական մրցակցության կողմնակից ենք, բայց այլոց համար, մեզ համար մենաշնորհներ ենք ուզում եւ հատուկ արտոնություններ: Ազատ խոսքի ջերմեռանդ պաշտպաններ ենք, բայց միայն մեր. ուրիշը ոչ միայն խոսելու, այլեւ մտածելու իրավունք չունի: Որովհետեւ ինքն ով է որ. ճիշտը մենք ենք: Խելոքն էլ: Արժանին` եւս: Անգամ էն, որ պահանջկոտ ենք, պահանջատեր` էդ էլ է հերթական բլեֆը: Որովհետեւ մեր պահանջատիրությունն էլ է չկայացած:

Պահանջատիրությունը, տեսականորեն անգամ, երեք մակարդակ է ենթադրում. ինքդ քո հանդեպ ես պահանջկոտ ու պահանջատեր, պահանջատեր ես ինչ-որ իրական ու միանգամայն մատչելի բաների, որոնք թեկուզեւ պայքարով, բայց հասանելի են, ու մեկ էլ, հեռու-հեռավոր, լավ էլ չգիտակցված, գուցեեւ` միանգամայն անհիմն բաներ ես պահանջում:

Հենց այս երեք հարթությունը հաշվի առնելով էլ կարելի է պնդել, որ, այո, մենք բնավ էլ պահանջատեր չենք:

Ինքներս մեզանից ոչինչ չենք պահանջում. օրինակ` անասուն չլինել, դիմացինին չենք պարտադրում, որ, զորօրինակ, հարգի մեզ, չխաբի, չարհամարհի, որ խտրականորեն չվերաբերվի մեզ, որ երկրորդ-երրորդ-չորրորդ տեսակի մարդու տեղ չդնի, որ մեր ձայնի եւ, ընդհանրապես մեզ հետ հաշվի նստի, որ...

Մենք իսկի պատասխան էլ չենք պահանջում այն մարդուց, ով` ի պաշտոնե, մեր հաշվին աշխատավարձ է ստանում, թե ինչու չի աշխատում կամ էլ, գոնե, լավ չի աշխատում մեզ համար:

Ավելին, հանդուրժում ենք անգամ, որ մեր հաշվին աշխատավարձ ստացող-մեզ համար չաշխատողը նաեւ... թալանի մեզ: Ջարդի էլ: Մեկ-մեկ էլ` սպանի:

Ի տարբերություն կամ ի հակադրություն այս ամենի` մեր պահանջատիրությունը հանկարծ բռնում է մեզ համար միանգամայն անորոշ-անտեսանելի ու, դրանով իսկ, անիրականանալի, բայցեւ` միանգամայն անվնաս բաների հանդեպ. «Երեխա վախտ Հիտլերը քարից ընկներ» տարբերակով...

Որովհետեւ նախորդ երկու մակարդակից բարձր, ավելի մեծ պահանջատիրությունը ճիշտ եւ ճիշտ նախորդների պես, բայց առավել հստակ պատասխաններ է պահանջում հետեւյալ երեք հարցերին. ի՞նչ ենք պահանջում, ինչու՞ ենք պահանջում եւ ումի՞ց ենք պահանջում:

Էդ պահանջվածը` իր ենթահարցերով. արդյո՞ք հենց դա է մեզ պետք այսօր, ինչպե՞ս ենք օգտագործելու դա եւ, ի վերջո` եթե հանկարծ դա մեզ տրվի` մեզ օգու՞տ, թե՞ վնաս է լինելու:

Ու եթե հիմա էլ ենք հանդուրժելու մեր իշխանությունների բացահայտ լկտիությունը` երբ ինքը հանցագործություն է կատարում եւ դրանում մեղադրում է քեզ` ուրեմն մենք ոչ միայն պահանջատեր, այլեւ ապրելու արժանի բան էլ չենք:

...Իրական` պահանջատիրության առաջին եւ երկրորդ մակարդակները թողած, մենք միանգամից «երրորդ մակարդակի խաղեր ենք տալիս»` պատասխան չտալով, այդպես էլ, բոլոր վերը նշված հարցերին:

Ի դեպ` շատ ճիշտ կլինի, եթե մենք փորձենք այդ հարցերին պատասխանել հակառակ հերթականությամբ:

Հետաքրքիր կլինի:

Նաեւ օգտակար:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.