|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պետք է կատարվեն միջազգային հանրության պահանջները17:02 Yerevan | 13:02 GMT | Thursday 6 March 2008 «Ես չեմ պատկերացնում` այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ` դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն` Հայաստանի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վտանգը», - երեկ` մարտի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով մարտի մեկից գտնվում է փաստացի տնային կալանքի պայմաններում եւ այս ընթացքում երկու անգամ մամուլի ասուլիս է հրավիրել իր առանձնատանը:
ՍԴ-ի նիստերի դահլիճում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնվելը, չնայած այն հանգամանքին, որ առավոտից հայտնի էր, որ նա գալու է եւ հանդես է գալու հայտարարությամբ, ներկաների շրջանում ակամայից զգոնություն առաջացրեց, իսկ նրա հակիրճ, հավասարակշռված, զուսպ եւ դիպուկ ելույթը ընթանում էր քար լռության պայմաններում: Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը դահլիճ կողմնակիցների, ապա դահլիճում ներկա այլ անձանց կողմից հոտնկայս ծափողջույններով ընդունվեց, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կոչ անի... կարգը պահպանելու... Իսկ ելույթի ավարտին, երբ Առաջին նախագահը դուրս եկավ դահլիճից, միջանցքում նրան շրջապատած լրագրողների հետ կանգել, մի քանի րոպե հիացմունքով նրան էին նայում ՍԴ մի քանի աշխատակիցներ, ովքեր իրենց չզսպելով այնուամենայնիվ արտահայտվեցին. «Դուք եք մեր միակ նախագահը...»: Ինչեւէ, երկու օր է, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանը, որի շենքը շրջապատված է զինված ստորաբաժանումներով, բացի այդ նաեւ ոստիկանության հսկողության տակ է, քննում է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները: ՍԴ-ում որպես երրորդ կողմ դատաքննությանը ընդգրկվելու խնդրանքով դիմել է նաեւ Սերժ Սարգսյանը. նրան դատարանում ներկայացնում են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը եւ փաստաբան Կարեն Պետրոսյանը: Մարտի 4-ի առաջին նիստի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները` Արտակ Զեյնալյանը, Վահե Գրիգորյանը եւ Պարգեւ Օհանյանը, երեք միջնորդություն ներկայացրեցին: Առաջինով պահանջվում էր ՍԴ-ի շենքի տարածքից դուրս բերել զինված ստորաբաժանումները: Երկրորդով` Ա.Զեյնալյանը միջնորդեց, որպեսզի «դատարանը ապահովի թեկնածուի եւ դիմում ներկայացրած անձի ներկայությունը ՍԴ-ի դահլիճում»: Իսկ երրորդ միջնորդությամբ պահանջվում էր ապահովել դատավարության հրապարակայնությունը` կամ պարտավորեցնել Հ1-ին հեռարձակել դատական նիստն ամբողջությամբ երկրի ամբողջ տարածքով կամ թույլատրել տեսագրելու դատավարությունն ու ցուցադրել այն Երեւանի եւ հանրապետության մարզկենտրոններում: ՍԴ-ն խորհրդակցական սենյակ անցնելուց հետո որոշեց մերժել զինված ստորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ առաջին միջնորդությունը: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանի մասնակցությանն առնչվող միջնորդության վերաբերյալ դատարանը որոշեց հանձնարարել ՀՀ դատախազությանը` պարզել դիմող Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստացի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, եւ նրա ցանկության դեպքում ապահովել նրա մասնակցությունը ՍԴ-ում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը մի քանի ժամ ՍԴ-ից բացակայելուց հետո հանդես եկավ պաշտոնական որոշման հրապարակմամբ, որով նա տեղեկացրեց, որ «նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված չէ, տնային կալանք ինստիտուտ օրենսդրությամբ սահմանված չէ», եւ ցանկության դեպքում նա կարող է ներկայանալ ՍԴ: Սակայն հայտնի է, որ պետական պահպանության աշխատակիցները շարունակում են հսկել Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը` ըստ էության նրան շրջափակման մեջ պահելով: Մարտի 4-ի օրվա երկրորդ կեսից սկսած Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիմումը: Ի դեպ, ՍԴ նախագահը պարբերաբար ժամանակը ռացիոնալ օգտագործելու կոչերով էր հանդես գալիս, նշում, թե նման մանրամասնությամբ ներկայացնելը բավական ժամանակ է խլում, սակայն առաջին նախագահի ներկայացուցիչները շարունակում էին հրապարակել նախընտրական քարոզարշավի եւ քվեարկության օրը արձանագրված տոտալ ընտրախախտումների, կեղծիքների, բռնությունների փաստերը տեղամաս առ տեղամաս: Երեկ արդեն պրոցեսը հասել էր հարց ու պատասխանի փուլի եւ Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հարցերին պատասխանող կողմը` ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հաճախակի հրաժարվել է կոնկրետ պարզաբանումներ, պատասխաններ տալ, երբեմն ընդհանրապես խուսափել կամ հրաժարվել է պատասխանելուց: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |