|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Աստված ձեզ հետ է եւ դուք կհաղթեք»16:35 Yerevan | 12:35 GMT | Thursday 6 March 2008 Մարտի 2-ին, առնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված նախճիրի լուրը, առաջինը, որ անցավ մտքովս` եկեղեցի գնալն էր: Գնալ եկեղեցի ու լուռ միայնության մեջ վերհիշել ցույցի շտապող բազմահազար երիտասարդներին ու փորձել պատկերացնել նրանց ցավը` վերքը ստանալու պահին:
Բազմահազար ջահելներից ամեն մեկը պոտենցիալ զոհ էր: Հազարների միջից ու՞մ ընտրեց Աստված` այն յոթին ու սուրբ թվով տարավ իր մոտ: Ինչու՞ յոթը: Մի՞թե էն մեկը էլի մերը չէր: Հայ տղա չէ՞ր ու սեր ու երազ չունե՞ր պահած իր հոգում: Այդքան երազ, միանգամից, մի իրիկուն կացնահարվեցին: Տեր Աստված, ո՞րն է ճիշտը: Եկեղեցում միայն դա էի ուզում հասկանալ` գլխատված երազնե՞րն էին ավելի թանկ, թե՞ էն երկրի տեսլականը, որ ուզում ենք կառուցել: Կառուցել մի երկիր, որտեղ մարդը ընտրելու իրավունք կունենա, ապրելու եւ չհամաձայնելու իրավունք կունենա ու իրեն մարդ կզգա: Բայց երեւի շատ բան ենք ուզում, որ այսքան թանկ վճարեցինք: Կնունքի արարողությունը վերջացրած քահանային խնդրեցի Աստծո խոսքը ինձ համար ավելի մատչելի դարձնել: Արդյո՞ք 500000 ցուցարարներ Նրա պատգամից շեղվածներն են ու հիմա արժանի պատիժ են ստանում: Ուզում եմ մեջբերել քահանայի խոսքը, որ այդպես էլ չլսեցինք մեր քահանայապետից. «Աստված սեր է ու արդարություն: Եթե ձեր պայքարը արդար ընտրություններ անցկացնելու համար է, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կա, եթե ձեր պայքարը ստի ու կեղծիքի դեմ է, ապա Աստված ձեզ հետ է եւ դուք կհաղթեք»: Երեկոյան էլի ինչ-որ մի խոսք համայն հայությանն էին հասցնում Հ1 եւ մնացած բոլոր հեռուստաալիքները: Մեղմ է ասել, թե այնտեղ սեր չկար, անգամ ցավ չկար անմեղ զոհվածների, երիտասարդ կյանքերի համար: Ընդհակառակը` կար բացահայտ հրճվանք, սուտ ու կեղծիք, կատարվածը հնարավորինս կեղտոտ քարոզչական նպատակներով օգտագործելու անհագուրդ ձգտում: Նախ ամեն կես ժամը մեկ եթեր էին տալիս նախագահի խոսքը, մարդ, որ այդպես էլ չցավակցեց զոհվածների ընտանիքներին եւ այցելելով միայն վիրավոր ոստիկաններին` ցույց տվեց, որ այս ժողովրդի հետ ինքը կապ չունի: Հետո ցույց էին տալիս ավերված խանութների պատկերներ, որոնցից բոլորի ավերողներն էլ էին իրենք, կրող-տանողն էլ, նկարող-ցույց տվողն էլ: Հետո բոլորը հերթով ցույց էին տալիս խանութներից մեկից օղի ու այլ ապրանքներ «գողացողներին», որոնց մոտենում է տարիքով մի կին ու ասում. «Մի երկու հատ էլ ինձ տվեք, ես էլ եմ Լեւոնին ձայն տվել»: Հեռուստաալիքների նկատմամբ ավելի մեծ զզվանք հարուցող սցենար, քան սա է` դժվար է մտածել: Հետո խոսեցնում էին «պատահական» անցորդներին: Պարզվեց, որ ամբողջ Երեւանում չկար գեթ մեկը, որ ասեր ինչու՞ երկիրը հասցրեցիք այս վիճակին, ինչու՞ այնպես արեցիք, որ ժողովուրդը ատի ձեզ հոգու ամբողջ զորությամբ եւ հիմա կենաց-մահու պայքար հայտարարի ու մահանա... Փոխարենը «ամբողջ» Երեւանը միաձայն փնովում էր Լեւոնի արածը ու դատապարտում: Մի ջահել էլ նույնիսկ «խոստովանեց», որ իրեն մի այնպիսի օղի են խմեցրել, որից հետո ինքը չի հասկացել, թե ինչ է անում: Մեկն էլ հանգիստ պատմում էր, որ իրենք օպերայում գիշերները «պլան էին քաշում»: Ութ անմեղ զոհ ենք տվել: Թվում է, թե սա այն պահն էր, որ պետք է կանգ առնեինք, արժեւորեինք տեղի ունեցածը, ու ամեն մեկը իրեն հարց տար, թե ու՞ր է գնում: Բայց պնակալեզը` պնակ է լիզում տարվա բոլոր եղանակներին: Այդպես էլ չգտնվեց մի քաղաքական ուժ, որ իշխանություններին սթափվելու, կանգնելու կոչ անի: Այդպիսի կոչ ոչ էլ Հայոց աշխարհում Աստծո փոխանորդն արեց, նա` ում մոտ պետք է գնայինք, երբ ծեծված էինք ու անարգված: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |