|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՀՀ իշխանությունների դեմ կկիրառվեն սանկցիաներ16:32 Yerevan | 12:32 GMT | Thursday 6 March 2008 Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
- Պարոն Ենոքյան, Ձեր կարծիքով Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչի՞ արդյունք է: - Մի քանի գործոններ կան, որոնք առաջացրին այս իրավիճակը: Առաջինը իհարկե այն էր, որ Հայաստանում ձեւավորվեց ոչ լեգիտիմ իշխանություն շատ վաղուց, եւ էդ իշխանությունը ամեն գնով ձգտում էր պահպանվել: Այսինքն` ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանությունն այլեւս որեւէ արգելք չէր տեսնում, թե ինչի պետք է չշարունակի նույն, ոչ լեգիտիմ ձեւով գոյատեւել: Ի վերջո, տեսնում ենք, որ տասը տարի Քոչարյանի իշխանությունը եղել է, եղել են ինչ-որ բողոքներ, մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, ընտրությունների ժամանակ ավելի ցայտուն են արտահայտվել էդ բողոքները, բայց ամեն դեպքում իշխանությունը թե ուժով, թե լրատվամիջոցների ճնշմամբ, թե հիշենք ապրիլի 12-ը 2003թ.-ի` մարդկանց վրա հարձակումներով, թե բիզնեսներին խոչընդոտելով, իհարկե ամենաշատն էին մասնագիտացած` ընտրությունները կեղծելով, շարունակեց գոյատեւել: Սա մեկ գործոն էր: Երկրորդ գործոնը ազատ հեռուստաընկերությունների բացակայությունն էր: Գործող հեռուստաընկերությունները լրատվամիջոցներից վերածվեցին քարոզչամիջոցների ու փորձում էին ոչ լեգիտիմությունը ինչ-որ կերպ արդարացնել, տարբեր տեսակի գործոններ կիրառվեցին. մեկ արդարացնում էին ղարաբաղյան պատերազմով, մեկ արդարացնում էին, որ իրենք հաղթել են, դրա համար իշխելու իրավունք ունեն, մեկ արդարացնում էին, որ տնտեսական աճ են կազմակերպել: Այս ամեն ինչով ստեղծվեց բավականաչափ իրականությունից հեռու իրավիճակ: Այսինքն` մեզ մոտ փաստորեն ամեն ինչ կեղծ էր: Կեղծ էր իշխանությունը, որովհետեւ եթե նախագահը ոչ լեգիտիմ է, ուրեմն նրա նշանակած կառավարությունը` նույնպես, նրա նշանակած դատավորները` նույնպես: Նույն կերպ ձեւավորվեց ԱԺ-ն, ունենք կեղծ կուսակցություններ` ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, «Ազգային միաբանությունը»: Փաստորեն ամբողջովին կեղծ քաղաքական համակարգ էր: Մյուս կողմից` նաեւ կարելի է ասել կեղծ լրատվամիջոցներ էին, որոնք անաչառ լրատվություն տալու փոխարեն բացարձակ այլ ֆունկցիա էին կատարում: Մարդիկ չէին կարողանում ինֆորմացիա ստանալ: Եթե նայենք էսօրվա իրավիճակը, թե ինչու է այսքան լարված հասարակությունը, պատճառն այն է, որ չունի ինֆորմացիա: Ի վերջո հանրահավաքները շատ հաճախ ծառայում էին տեղեկատվություն հաղորդելուն, որովհետեւ հեռուստատեսությամբ ոչ հավաստի լուրեր են ստանում: Երրորդ բաղադրիչը բիզնեսի յուրահատուկ կառուցվածքն էր. բիզնես, որն ամբողջովին ներաճած է քաղաքականության հետ, իշխող համակարգի հետ: Աբսուրդն այնտեղ է հասել, որ քիչ թե շատ խոշոր յուրաքանչյուր բիզնեսմեն կամ էսպես ասած օլիգարխ համարում է, որ ինքը պարտադիր պետք է լինի ԱԺ պատգամավոր: Փաստորեն պատգամավոր լինելը նոր Մերսեդես ունենալու պես մի բանի է վերածվել: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձով, ի վերջո, փորձ արվեց այս կեղծ համակարգը բացել: Փորձել վերադառնալ իրականություն: Ի դեպ, նշեմ, որ նախագահական ողջ ընտրապայքարը նույնպես ընթացավ այդ կեղծ կատեգորիաների հարթության մեջ: Ընտրապայքարի մեջ մտցվեցին նախագահի կեղծ թեկնածուներ, հեռուստաընկերությունները տալիս էին կեղծ ինֆորմացիա, դրան դիմակայում էր միտինգը: Դուրս էր գալիս, որ եթե դու միտինգում ես ելույթ ունենում, միտինգում ես արտահայտում մտքերդ, դու դառնում ես քաղաքական գործիչ, իսկ հեռուստատեսությունում պաշտոնական տեղեկությունը որ տալիս էին ատելության քարոզչությամբ համեմված, դա ատելության քարոզչություն չէր եւ դրանք լրագրողներ ու մեկնաբաններ էին: Բանը հասավ էնտեղ, որ հակընդդեմ կեղծ միտինգներ էին կազմակերպվում, «Հայլուրի» 15 րոպեանոց ռեպորտաժի համար հազարավոր մարդկանց քշել էին հրապարակ: Ես չգիտեմ, ի՞նչ կարող է լինել ավելի ստորացուցիչ: Էս ստորացումները իհարկե վերջում բերեցին նման բռնկումների: Ժողովուրդը որոշեց, որ բավական է, մենք պետք է կարողանանք ազատագրվել մեզ ստորացնող ռեժիմից: Այդ պատճառով էր, որ ժողովուրդը միակամ մնաց այդ հրապարակում բավական երկար ժամանակ: Ես կարծում եմ, նրանք ավելի երկար էլ կշարունակեին մնալ: Իսկ իշխանությունների «հակընդդեմ» քայլերը` հակառակը, նպաստում էին, որ այդ միտինգները չմարեն, ուժեղանան: Վերջինը խաղաղ ցուցարարների ծեծուջարդն էր Օպերայի հրապարակում, որը ձնագնդիի էֆեկտով առանց որեւէ լրատվամիջոցի հաղորդման, հարյուրավոր, հազարավոր մարդիկ հավաքեց Մյասնիկյանի հրապարակում: Ողջ ինֆորմացիան տարածվել է ընդամենը բերանից բերան: Վրաստանի պարագայում ընդդիմությունը ուներ հեռուստատեսություն, որն ուղիղ եթերում լուսաբանում էր կատարվածը: Իսկ այստեղ առանց դրա հսկայական քանակությամբ մարդ հավաքվեց, որոնք պարզապես ուզում էին ազատվել իրենց ստորացումից: - Այսօր իրավիճակը բավական լարված է, ի՞նչ զարգացումներ եք հնարավոր համարում, երբ ընդդիմության մի մասը ձերբակալված է, մյուս մասի դեմ գործ է նախապատրաստվում, սահմանադրական դատարում քննություն է գնում, իսկ հանրային հեռուստատեսությամբ միակողմանի ատելության քարոզչություն է գնում Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության դեմ: - Երկու տիպի զարգացում կարող է լինել. մեկը` արտակարգ իրավիճակը շարունակվում է` 20 օրից հետո եւս 20 օր, եւս 20 շաբաթ, եւս քսան ամիս եւ այլն, ինչքան որ ռեսուրս կարող է ունենալ Քոչարյանը: Իսկ էստեղ ես ասեմ, որ ռեսուրսները խիստ սահմանափակ են: Սահմանափակ են նաեւ մարդկային ռեսուրսները, մենք տեսնում ենք` իշխանությունների մեջ կա շատ լուրջ բողոք: Շատ լուրջ, բայց լուռ բողոք, որովհետեւ բոլորը հասկանում են, որ եթե մարդասպանները հրապարակում բոլորի աչքի առաջ են սպանում, ինչ դժվար է իրենց կաբինետում գան սպանեն բողոքողներին: Դիվանագիտական կամ արտաքին աշխարհի հետ կապված ռեսուրսը ես կարող եմ ասել` զրո է, որովհետեւ մենք տեսնում ենք չափազանց կոշտ հայտարարություններ միջազգային հանրության կողմից եւ գնալով այդ հայտարարություններն ավելի են կոշտանում: Առաջ եթե խոսք էր գնում ընդդիմության հետ միասին քննելու մասին, էսօր արդեն ԵՄ-ն իր հայտարարությամբ հստակորեն մեղադրում է այս ամեն ինչում իշխանություններին: Ես կարծում եմ, այդ հայտարարությունները գնալով կկոշտանան: Ասեմ, որ անգամ տնտեսական ռեսուրսն է խիստ սահմանափակ: Արդեն իսկ վերջին ամսվա ընթացքում մենք տեսնում ենք տնտեսական կոլապս: Այսօր բողոք կա բանկերում, որ բանկերի ծառայություններից չեն ուզում օգտվել, վարկեր չեն վերցնում, որովհետեւ չեն հասկանում այս իրավիճակում ինչպես են շարունակելու իրենց բիզնեսը: Բողոք կա անշարժ գույքի շուկայում, մարդիկ անշարժ գույքի առուվաճառք չեն իրականացնում, այսինքն` տնտեսապես գոյատեւելը չափազանց մեծ հարցականի տակ է դրվելու այս ռեժիմի համար, եթե փորձ արվի շարունակել արտակարգ իրավիճակը: Մյուս ճանապարհը, իհարկե, արտակարգ իրավիճակը դադարեցնելն է, լրատվամիջոցներին գործելու հնարավորություն տալն է, մարդկանց հավաքները չարգելելն է: Սա միանգամից կնշանակի, որ կլինեն ավելի հզոր հանրահավաքներ, որոնք կհանգեցնեն Քոչարյանի ռեժիմի վերացմանը: Այս երկու ճանապարհն է: Բնական է` Քոչարյանը կցանկանա առաջին ճանապարհը ընտրել, այսինքն` որքան հնարավոր է գոյատեւել, որքան հնարավոր է շարունակել ռեպրեսիաները: Ես կարծում եմ, ուղղակի դրան բնական սահմաններ կան, արհեստական ռեժիմը ինչքա՞ն կարող է գոյատեւել: Կարծում եմ, որ եթե իրավիճակը շարունակի էսպես մնալ, գնահատականներին կհետեւեն սանկցիաներ, սանկցիաները կարող են լինել շատ կոշտ: Եթե ոչ մի բանի չես լսում, սանկցիաները կարող են լինել չափազանց կոշտ` ընդհուպ մինչեւ անձերի ուղղված: - Օրինակ` ի՞նչ սանկցիաներ կարող են կիրառվել: - Օրինակ` կարող է Վրաստանը փակի Հայաստանի հետ ճանապարհը: Օրինակ` կարող են արգելել Հայաստանի հետ բոլոր տիպի բանկային փոխանցումները, որոնցով հիմնականում սնվում է Հայաստանը: Օրինակ` կարող են դադարեցնել միջազգային օգնությունը, Հայաստանի հետ առեւտուրն արգելել, ինչպես Իրանի դեպքում են անում: - Պարոն Ենոքյան, մարտի 1-ի գիշերը Երեւանի Մյասնիկյանի հրապարակում բավական մարդիկ զոհվեցին: Ոչ միայն զորք հանվեց ժողովրդի դեմ, այլեւ հրաման եղավ կրակելու նրանց վրա: Ռոբերտ Քոչարյանն իր այդ հրամանը բացատրեց հետեւյալ կերպ, որ ոստիկաններից վիրավորվել էին, դրա համար ինքը հրաման է արձակել կրակելու: Ձեր կարծիքով, այդ հրամանը որեւէ արդարացում ունի՞: - Դա, իհարկե, որեւէ արդարացում չունի, մանավանդ, որ դա սուտ է: Արտակարգ դրությունը հայտարարվեց ամսի մեկին, կեսգիշերից մի քիչ առաջ: Էստեղ խնդիր կար, որ Օպերայի դեպքերին, Օպերայի զոհերին բերեն, խառնեն մեկ օրվա մեջ, ցույց տան, որ ամեն ինչը մարտական գործողությունների հետեւանք է: Մյուս կարեւոր դետալն այն է, որ զորքը սկսեց կրակել այն ժամանակ, երբ դեռ արտակարգ դրություն հայտարարված չէր: Ըստ Քոչարյանի, հրամանը տրվեց արտակարգ դրություն մտցնելուց հետո, մինչդեռ զորքը սկսեց իր գործողությունները ժամը 9-ին, իսկ արտակարգ դրություն հայտարարվեց ժամը 10-ի կողմերը: Այնուամենայնիվ բանավոր հրաման էր, այնուամենայնիվ հակաօրինական գործողություններ էին, եթե նույնիսկ համարենք, որ արտակարգ դրության ժամանակ դրա իրավունքը կա եւ դա օրենքով է: Որեւէ արդարացում էստեղ չկա: Փաստորեն ռեժիմի ծայրահեղ ոչ լեգիտիմությունը այսօր փորձ է արվում պահել սվիններով: Մենք պետք է հասկանանք, որ այնուամենայնիվ այդ սվինները բռնում են նույն հայերը: Ինչքան կարող են նրանք դիմանալ, ինչքան կարող են նրանք իրենց քաղաքացիների դեմ գնալ, իրենց քաղաքացիների վրա կրակել: Նրանք նույնպես հասկանում են, որ իրենք եւս էս ռեժիմի զոհեր են: Այնուամենայնիվ Քոչարյանի իշխանությունը երկարացնելու միակ տարբերակը մնում են զորքը, սվինները: - Այսօր, սակայն, թե դատախազության հարուցած գործերով, թե հանրային հեռուստատեսությամբ Երեւանում կատարված սպանությունների մեղադրանքի սլաքն ուղղվում է Տեր-Պետրոսյանի դեմ` իշխանությունը բռնի ուժով վերցնելու եւ այլն: Ի՞նչ զարգացում եք տեսնում այս պարագայում, երբ ակնհայտ է, որ գործ են սարքում Տեր-Պետրոսյանի դեմ: - Կեղծ իշխանության գոյությունն է դրա հիմքում. բնական է` դատախազը հո՞ չի մեղադրի նախագահին, ոստիկանապետին կամ զորքերին: Քանի որ էդ ամեն ինչը էդ բուրգի մի բեւեռն է: Բնական է` պետք է միակամ լինեն եւ իրենց մեղքը գցեն մյուս կողմի վրա: Սա բնական եւ տրամաբանական է, հո՞ իրենք իրենց մեջ չեն փնտրելու մեղավորներին: Հենց փորձեցին գտնել իրենց մեջ մեղավորներ, ամեն ինչ կփլվի: Սրա լուծումը լինելու է միայն իշխանության վերականգնումը, որից հետո էդ կեղծ գործերը կվերանան: Իրավական ճանապարհ նման տիպի կեղծ քրեական գործերի դեմ պայքարելու համար չկա: Եթե Աղվան Հովսեփյանը կարող է խոսել առանց ընդդիմության, պարզ է, որ ինչ ուզես կարող է ասի: Ակնհայտ է, որ ինֆորմացիան ճնշելով, տեղեկատվությունը միակողմանի դարձնելով ավելի ապակայունացվում է իրավիճակը: Մենք զրկվում ենք ներքին անվտանգությունից: - Սերժ Սարգսյանը երեկ ասաց, որ կատարվածի բոլոր մեղավորները պետք է պատժվեն` լինեն պաշտոնյաներ, թե ոչ: Կարծում եք` ինքը իրեն եւ Քոչարյանին է՞լ ի նկատի ուներ: - Իհարկե ոչ: Այսօր օմբուդսմենի հայտարարության մեջ էլ հնչեց հարցը, թե ո՞վ է տվել Օպերայի խաղաղ ժողովրդի վրա հարձակվելու հրամանը: Ո՞վ է տվել նրանց վրա հարձակվելու հրամանը: Իհարկե տվել է կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Ո՞վ է տվել ժողովրդի վրա կրակելու հրամանը մինչեւ արտակարգ դրություն մտցնելը: Պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Իսկ իրենք, որ ասում են` բոլորը պետք է պատժվեն` իհարկե ի նկատի ունեն միայն խաղաղ միտինգավորներին: «Նյու Յորք թայմսում» անգամ տեսա, որ հեգնանքով ասվում է` զատիկի ձվերի նման դրել են նռնակներն իրար կողքի, նկարել են` փորձելով դրանով հանրային կարծիք ստեղծել: Անգամ էնտեղ էլ գիտեն, որ էս ամեն ինչը սուտ է: - Տեր-Պետրոսյանի դերակատարությունը ինչպե՞ս եք տեսնում այս պարագայում: - Տեր-Պետրոսյանի դերակատարությունը առանցքային է: Նա չափազանց ակտիվ դիվանագիտություն է վարում միջազգային կառույցների հետ, թեկուզ տնային կալանքի տակ է, աշխատում է լրատվամիջոցների հետ: Այսօր ոչ իշխանական պրոցեսը ինքն է ուղղորդում: - Ցուցարարների հետապնդումները, համատարած ձերբակալությունները, Ձեր կարծիքով, որքա՞ն կարող են շարունակվել: - Ճիշտն ասած` չգիտեմ: Գիտեմ, որ բանտերը լիքն են: Արդեն շատ դժվար է տեղավորել նոր ձերբակալվածներին: Հիմա կարծես թե ուրիշ տիպի մեթոդ են որդեգրել` մարդկանց կանչում են զրույցի, մեկ ամբողջ օր պահում են, վախեցնում են, հետո բաց են թողնում: - Իրավիճակի դրական ելքը ո՞րը կլինի, որին հնարավոր կլինի, որ գնան եւ իշխանությունները եւ ընդդիմությունը: - Դա կարող է լինել իհարկե ընտրությունների արդյունքի վերանայումը: Այսօր ավելի ռեալ դրական ելք ես չեմ կարող տեսնել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |