|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սահմանադրական վենդետա կամ արդարադատություն հայկական ձեւով16:29 Yerevan | 12:29 GMT | Thursday 6 March 2008 Սահմանադրական դատարանն արդեն երկու օր է, ինչ քննարկում է Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ համարելու հայցը, որ դատարան են ներկայացրել նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը` իսկ նրանից առաջ էլ Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանի դեպքում կարծեք թե ակնհայտ է, որ խնդիրը ընդամենը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանին Սահմանադրական դատարանի դեմ «մենակ» չթողնելը: Եվ դրանից բացի, նաեւ որոշակի անլրջություն է հաղորդվում գործընթացին, այն «ադամանդապատելով», բովանդակությունից ըստ էության վերածելով ձեւի, եւ բացի այդ` լուծվում է նաեւ տեխնիկական խնդիր: Իսկ այն, որ Տիգրան Կարապետյանի մասնակցությունն ինքնին անլուրջ է` վկայում է նրա ներկայացրած հայցի որակը, որն ըստ էության կազմված է առավելապես դիտորդական կազմակերպությունների եզրակացությունների վրա, ինչը ավելի շատ քաղաքական, քան իրավական հիմք կարող է ապահովել Սահմանադրական գործընթացի համար: Մյուս կողմից սակայն, Հայաստանում առկա վիճակը ի սկզբանե որոշակիորեն անհիմն է դարձնում Սահմանադրական դատարանում տեղի ունեցող որեւէ գործընթաց: Այն բանից հետո, երբ իշխանությունը դիմեց բռնությունների ու անցավ արդեն բացահայտ արյունահեղության, նախագահական ընտրությունների վիճարկումը սահմանադրական դատարանում, կարծես թե, համենայնդեպս հանրության զգալի մասի ընկալմամբ, վերածվեց պարզ ձեւականության, որի խնդիրն ընդամենը իշխանական բռնություններին լեգիտիմություն հաղորդելը պետք է լինի: Քաղաքացիները դժվար են պատկերացնում, որ այն ուժի գործադրումից հետո, որ արեցին իշխանությունները, նրանք թույլ կտան, որպեսզի Սահմանադրական դատարանն անգամ կրկնի 2003 թվականի «համարձակությունը» եւ իրեն թույլ տա կատարել ընդդիմության կողմն ուղղված փոքր-ինչ ռեւերանսի փորձ, ուր մնաց ընդհանրապես բավարարի ընդդիմության հայցը: Անկասկած շատերն են հիշում, թե ինչպես 2003 թվականին քննարկելով ընտրությունների արդյունքները վիճարկելու ընդդիմության հայցը, Սահմանադրական դատարանը արդյունքները բավարարեց, բայց չգիտես ինչու որոշեց իր վրա վերցնել խորհրդատուի դեր եւ առաջարկել, որ առկա անվստահությունը հաղթահարելու համար կարելի է ընտրություններից մեկ տարի անց անցկացնել վստահության հանրաքվե: Թե ինչով ավարտվեց Սահմանադրական դատարանի այդ, ըստ էության, մարգինալությունը` հայտնի է բոլորին: Վստահության հանրաքվեի առաջարկը իշխանությունները մերժեցին, իսկ ընդդիմության պահանջն էլ «ջրեցին» ապրիլի 12-ի արյունով: Ստացվում է, որ եթե չորս տարի առաջ Սահմանադրական դատարանն, ըստ էության, քաղաքական իրավիճակը, թեկուզ ակամա, բայց ուղղեց արյունահեղության, ապա այժմ արդեն նույնպես ակամա, բայց ըստ էության ստանձնել է արդեն եղած արյունը իշխանությունների ձեռքի վրայից «լվանալու» գործառույթը: Համենայնդեպս, հանրության զգալի մասը թերեւս համոզված է, որ հենց այդպես էլ լինելու է Սահմանադրական դատարանի կեցվածքը, առավել եւս եթե նկատի ունենանք, որ այդ դատարանը Հայաստանի որեւէ վիճահարույց ընտրության ժամանակ չի ստեղծել իշխանությունների համար ոչ նպաստավոր որոշում կայացնելու նախադեպ, եթե այդպիսին չդիտենք միայն վերը նշված անհասկանալի որոշումը վստահության հանրաքվեի մասին: Այնպես որ, պատմության փորձի տեսանկյունից, միանգամայն հիմնավոր են հանրության այն սպասումները, թե Սահմանադրական դատարանն ընդամենը հաստատելու է այն, ինչ իշխանությունները հրապարակեցին ԿԸՀ միջոցով, Սերժ Սարգսյանին հռչակելով Հայաստանի նախագահ: Սակայն, քաղաքականության մեջ պետք չէ բացառել ոչինչ, եւ ընդհանրապես երեւի թե կյանքում էլ, առավել եւս, որ ինչ-որ բան անպայման երբեւէ լինում է առաջին անգամ: Խոսքն այն մասին է, որ ցանկության դեպքում կարելի է նույնիսկ նկատել միտում, որը հանգեցնում է Սահմանադրական դատարանի ավելի համարձակ կեցվածքի: Մասնավորապես, եթե 1998 թվականին, չնայած ընտրությունների վիճահարույց որակին, Սահմանադրական դատարանն, այնուամենայնիվ, որեւէ որոշում չկայացրեց հօգուտ ընդդիմության, ապա 2003 թվականին արդեն նկատելի էր, որ համենայնդեպս հավասարակշռության որոշակի փորձ Սահմանադրական դատարանն արեց` փորձելով նաեւ որոշակիորեն բավարարել ընդդիմությանը, առաջարկելով վստահության հանրաքվեի գաղափարը: Եթե առաջնորդվենք այդ թեկուզ թույլ, բայց նշմարվող միտումով, ապա կարելի է ենթադրել, որ միգուցե 2008 թվականի նախագահական ընտրություններին Սահմանադրական դատարանը դրսեւորի ավելի մեծ համարձակություն: Ինչ խոսք, իշխանության այն ռեպրեսիվ կեցվածքը, ոչնչի առաջ կանգ չառնելու դիրքորոշումը շատերին են հիմք տալիս կասկածել, որ Սահմանադրական դատարանը կգնա որեւէ համարձակ քայլի: Բայց չպետք է մոռանալ, որ քաղաքականության մեջ քայլերը թելադրվում են իրողություններով, իսկ այժմ իրողությունն այնպիսին է, որ Սահմանադրական դատարանի համարձակությունը կարող է եւ ձեռնտու լինել իշխանություններին: Որքան էլ որ իշխանությունները մարտի 1-ին կատարվածի պատասխանատվությունը փորձում են դնել ընդդիմության վրա եւ նաեւ զրկել ընդդիմությանը հակադարձ բացատրություններով հանրությանը դիմելու հնարավորություններից, այնուամենայնիվ, եւ հասարակության մեծ մասը, եւ նաեւ միջազգային կառույցները, ունեն կատարվածի մասին սեփական պատկերացումներ: Եթե հասարակությունն առաջնորդվում է երեւի թե այն սկզբունքով, որ այլեւս իշխանության քարոզի ճիշտ հակառակն են համարում ճշմարտությունը, ունենալով տասնամյա կառավարման այդ փորձը, ապա միջազգային կառույցները ճշմարտությունը ստանում են ոչ թե Հայաստանի պետական քարոզչամիջոցներով, այլ իրողությունների բազմակողմանի դիտարկման, բոլոր մասնակիցներին հավասարապես լսելու, ինչպես նաեւ իրադարձություններին հնարավորինս անձամբ հետեւելու տեսանկյունից: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները ներկայումս գտնվում են մի վիճակում, երբ ունեն կատարվածի կապակցությամբ միջազգային կոշտ արձագանքից խուսափելու անհրաժեշտություն: Հենց այդ առումով էլ առավել մեծ նշանակություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանի համարձակությունը, քան ասենք քարոզչական տոտալ վակուումը, որ փորձում են փոքր Հայաստանում ստեղծել իշխանությունները: Ինչ խոսք, այդ տարբերակը կարող է խորթ թվալ միայն մահակի սկզբունքներով առաջնորդվող իշխանություններին, բայց վերջիվերջո, նրանք նույնպես երեւի թե հասկանում են, որ մահակը միջազգային կառույցների հետ հարաբերությունների այդքան էլ նպաստավոր գործիք չէ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |