|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երկու աթոռի համար չարժե այս երկիրը վտանգել0:59 Yerevan | 20:59 GMT | Thursday 6 March 2008ԱԺ պատգամավորները երեկ համաձայնություն տվեցին իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու ու նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությանը:
Յուրաքանչյուր պատգամավորի համար քվեարկեցին առանձին քվեաթերթիկներով. արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը. Խաչատուր Սուքիասյան` 85 կողմ, 22 դեմ, Հակոբ Հակոբյան` 84 կողմ, 20 դեմ, Մյասնիկ Մալխասյան` 84 կողմ, 22 դեմ, Սասուն Միքայելյան` 86 կողմ, 20 դեմ: Զգացվում էր, որ եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը դժգոհ էին իրենց արածից, բայց այդքան համարձակություն չունեցան արտահայտելու իրենց դժգոհությունը: Ղարաբաղյան պատերազմի մասնակից, գնդապետ պատգամավոր Հակոբ Հակոբյանին դահլիճ բերեցին ձեռնաշղթաներով, սեւ դիմակավոր երկու ԱԱԾ-ականի ուղեկցությամբ. անհնար էր չազդվել այդ տեսարանից: Մյասնիկ Մալխասյանն արդեն դահլիճում էր: Մյուս երկու պատգամավորների` Խաչատուր Սուքիասյանի ու Սասուն Միքայելյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Գլխավոր դատախազը կարդաց միջնորդությունը, ըստ որի վերոնշյալ պատգամավորները Տեր-Պետրոսյանի շարժման մասնակից դառնալուց ու խաղաղ ցույցերի մասնակցելուց հետո դարձել են «ազգային դավաճաններ», «բռնարարքներ են հրահրել», «հավաքագրել են գրոհայիններ», բացի դա էլ` փորձել են սահմանադրական կարգի խախտմամբ յուրացնել իշխանությունը, ինչ համար նրանց սպառնում է 10-15 տարի ազատազրկում: Պատգամավորները դատախազին խնդրեցին որեւէ առարկայական, կոնկրետ ապացույց ներկայացնել, որ մեղադրվող պատգամավորները որեւէ կապ ունեն իրենց ներկայացված բարձրագոչ մեղադրանքների հետ: Նման որեւէ փաստ Աղվան Հովսեփյանը չներկայացրեց` չկարողացավ որեւէ կոնկրետ փաստ նշել: «Հենց էնպես մի օր էլ դատախազը այս բարձր ամբիոնին չի հայտնվում, եթե չունի քրեական գործով ձեռք բերված տվյալներ», - վստահեցրեց դատախազը: «Ժառանգությունից» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հարց ուղղեց, թե ցուցարարների հանդեպ կիրառված ուժը եղե՞լ է համարժեք, որն էլ բերել է հասարակական ընդվզման նոր ալիքի: Դատախազի պատասխանը հետեւյալն էր, թե պաշտպանության նախարարութան, ազգային անվտանգության եւ ոստիկանության գործողությունները օրինաչափ են եղել եւ համարժեք: Պատգամավոր Ջարուհի Փոստանջյանը նկատեց, որ ոստիկանության տարածած տեսանյութերում ոստիկանները մերկ ձեռքերով վերցնում ու ուսումնասիրում էին իբր Ազատության հրապարակում հայտնաբերված ատրճանակները` իրենց մատնահետքերը թողնելով դրանց վրա: «Կասկածներ է առաջանում, որ այդ զինամթերքը դրվել է հենց այդ իրավապահ մարմինների կողմից», - ասաց պատգամավորը: «Ձեզ հետ համամիտ եմ, որ դա կարելի էր անել ավելի պրոֆեսիոնալ ձեւով», - ասաց դատախազը` բացահայտելով. «Մեր հանրապետությունում մատնահետքերի համատարած հաշվառում չի իրականացվում, որ հայտնաբերված մատնահետքերով կարողանայինք պարզել, թե մի քանի հազար մարդուց որն է, որ թողել է այդ մատնահետքերը»: Պատգամավորի հայտարարությանը, որ իրենք ահազանգեր են ստանում բազմաթիվ կորածների մասին, որոնց գտնվելու վայրն անհայտ է ու հնարավոր է բացակա երկու պատգամավորները նույնպես կորածների թվում են, Աղվան Հովսեփյանը հակադարձեց, թե «կորածներ չկան, ոչ մի կորած անձ չկա: Մարդիկ կան, որ իրոք փախուստի մեջ են եւ հետախուզվում են»: Պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին, թե ո՞վ է որոշում կայացրել նման կերպ ցրելու ցույցը, դատախազը համառորեն չպատասխանեց: Այնուհետեւ ելույթ ունեցավ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Բոլորիդ պարզ է ընդհանուր իրավիճակը, թե Հակոբ Հակոբյանը ինչում է մեղադրվում, ինչ հարցերում: ...Փետրվարի 9-ին ես հայտարարել եմ, որ պաշտպանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Էդ ընթացքում որեւէ մեկը չի կարող ասի, թե Հակոբ Հակոբյանը իրեն ճիշտ չի պահել, որեւիցե մեկին վիրավորել է: Գիշերները, առավոտյան մինչեւ 9-10 ես էնտեղ եմ եղել լարվածությունը կանխելու համար, որովհետեւ ես վտանգ զգացել եմ, որ հնարավոր է լավ բաներ չստացվի հանրապետությունում: Եղել է` գիշերները 15-20 անգամ պրովոկացիոն պահեր է ստացվել»: Պատգամավորը հայտարարեց, որ իր բոլոր ելույթներով, նաեւ մարտի 1-ին եւ 2-ին հանդարտության կոչեր է արել եւ փորձել է Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին զերծ պահել սադրանքներից: Անգամ տեղում ոստիկանության ղեկավարներից շնորհակալություն են հայտնել իրեն` հանդարտություն ապահովելու համար: «Եթե ես իմանայի, որ իմ գնալուց հետո որեւէ այլանդակ իրավիճակ կստեղծվեր հանրապետությունում, թեկուզ իմ կյանքի գնով ես կմնայի կանխելու, թեկուզ ես զոհվեի: Հակոբը թուրք չի, Հակոբը սրիկա չի, Հակոբը միշտ աշխատել է հանրապետությունում նորմալ վիճակ պահի: Եթե որեւէ մեկը կասի, որ այս ընթացքում որեւէ մեկի հասցեին անգամ վիրավորանք եմ հայտնել, թող տանեն գնդակահարեն կամ ցմահ բանտարկեն: Էդպիսի բան չի կարա լինի», - ասաց պատգամավորը` հավելելով. «Խնդիր չկա, թող քննությունը կատարվի: Վաղը բոլորս էլ գնալու ենք, ոչ մեկս չենք մնալու, բայց մեր սերունդները մեզ չդատապարտեն մեր ախմախ քայլերի համար: Երկու հատ աթոռի համար չի կարելի երկիրը վտանգի տակ տալ: Բոլորն էլ գիտեն, որ ես իմ կյանքից, իմ ընտանիքից բարձր եմ գնահատել Ղարաբաղը, որովհետեւ ես գնացել էնտեղ հաշմանդամ են դառել»: Հակոբ Հակոբյանը նաեւ ասաց, որ ինքն ուզում է, որ քննություն լինի, որովհետեւ որպես զինվոր իր արժանապատվությունը իր կյանքից թանկ է գնահատում ու մազաչափ չի զգում իր մեղքը: ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը նախ ցավակցեց բոլոր զոհվածների ընտանիքներին, ապա միացավ Հակոբ Հակոբյանի խոսքին` հավաստելով. «Այն տղաները, որ կային Ազատության հրապարակում իրենց ներկայությամբ փորձել են կանխել այն միջադեպերը, որոնք կարող էին տեղի ունենալ, որովհետեւ ամեն պահի կարող էին սադրիչ գործողություններ լինել եւ բազմաթիվ անգամ եղել են սադրիչներ, որոնց հայտնաբերել ենք, ոստիկաններին դիմել ենք, որ նրանց հեռացնեն»: Մյասնիկ Մալխասյանը նաեւ նշեց, որ հանրահավաքների 9 օրերի ընթացքում որեւէ միջադեպ չի եղել եւ «կարելի էր երկխոսության ճանապարհով հարթել այս խնդիրը ու ավելորդ բաների չհասցնել, եթե նստացույցի մասնակիցներին ցրելու գործողությունները չլինեին»: «Դրա հետեւանքը եղավ մնացած գործողությունները, որոնք ունեցան իրենց ցավալի հետեւանքները», -ասաց մեղադրվող պատգամավորը` հավելելով. «Կան ձայնագրություններ իմ ելույթների, իմ բոլոր ելույթները եղել են հավասարակշռված: Մենք ընդամենը մեր գործընկերներին, մեր ժողովրդին դիմել ենք հանդարտության, խոհեմության կոչերով, որ հարցը պիտի լուծվի արդարացի: Պիտի արդարությունը վեր հանվի եւ մեր ժողովուրդը պիտի կարողանա իր ճակատագիրը արդար, մաքուր ընտրություններով կանխորոշել: Եթե սա սահմանադրական կարգի տապալման ձեւ է, մենք դրա դեմ ոչինչ ասել չենք կարող: Որոշումը ձերն է», - հայտարարեց պատգամավորը` շարունակելով. «Եթե մենք ժողովրդի կողքին ենք, դա նշանակում է` մենք ուզում ենք սահմանադրական կարգը բռնությամբ տապալե՞նք»: Մյասնիկ Մալխասյանը նաեւ հավաստեց, որ հանրահավաքում ելույթներ ունեցած բոլոր պատգամավորները որեւէ ավելորդ կոչեր չեն արել, բացի Մյասնիկյան հրապարակում հավաքված զայրացած ժողովրդին հանդարտության կոչեր անելուց, ու նրանց գործողությունները եղել են հավասարակշռված: «Ես կարծում եմ, որ ԱԺ-ն իր դերը պիտի ունենա եւ քաղաքական երկխոսության ճանապարհը պիտի ընտրվի, որ երկիրն այս վիճակից դուրս բերվի», - ասաց պատգամավորը: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդությունը քաղաքական հետապնդում որակեց: «Էս ի՞նչ ենք անում: Ազգային ողբերգության հաջորդող այս օրերին, երբ մեր պետությունը մեր ազգը կանգնած է հերթական, այս անգամ անդառնալի վիհի առջեւ, դիտարկվում է այդ վիհը ոչ թե բուժելու, ոչ թե կամրջելու, այլ խորացնելու հանրավորությունը», - իր ելույթում մտահոգություն հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. «Քարոզի եւ վարքի միջեւ տարբերությունը ակնհայտ է»: Նա մատնանշեց հեռուսատեսությամբ մատուցվող ատելության քարոզչությունը, որը խորացնում է պառակտումն ու ատելությունը ժողովրդի մեջ: «Այս իրավիճակում ՍԴ անկաշկանդ նիստ, օրինական գործընթաց, ժողովրդի վստահությունը վայելող հանգուցալուծում հնարավո՞ր է արդյոք պատկերացնել: Այս միջնորդագիրը քաղաքական, հատվածական փաստաթուղթ է, ոչ իրավական, ոչ ամբողջական, ոչ առարկայական եւ ոչ էլ շիտակ, կորել է այս փաստաթղթում իրադարձությունների պատճառահետեւանքային կապը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. «Այսօր գործ ունենք մարդասպանության հետ: Ո՞վ է հրահանգել, ո՞վ է իրականացրել այդ մահացու կրակը», - հարց ուղղեց Հովհաննիսյանը` կոչ անելով մերժել միջնորդությունը. «Այս միջնորդագիրը չի ապահովում ապացուցողական նվազագույն շեմը, որը կարող է խթան հանդիսանալ ԱԺ համապատասխան որոշման համար: Սա քաղաքական հայացքների համար գործընթացի հերթական քայլ է եւ ուղղված է ոչ միայն 4 պատգամավորների, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ: Մեր մասնակցությունը բերել այս հարցին, իմ համեստ կարծիքով` անընդունելի է»: Պատգամավոր Անահիտ Բախշյանը կոչ արեց իրեն եւս զրկել անձեռնմխելիությունից` ասելով, թե ինքն էլ է հանդարտության կոչեր արել հրապարակում ու փորձել կառավարելի դարձնել ժողովրդին: Ավելի ուշ նրա կոչին միացան «Ժառանգության» մյուս պատգամավորները: «Միտինգները, որ ծավալվեցին փետրվարի 20-ից, այնտեղ գտնվող ցանկացած մեկին ոգեւորում էին, որ ազատության շունչ կա այս պետության մեջ, սկսել էինք հավատալ, որ մեր ժողովուրդը ճորտ չէ: Ես նույնպես ելույթ եմ ունեցել, կոչ եմ արել, բոլոր անօրինականությունների հետեւանքով հավաքված մեր համաքաղաքացիներին համբերել, պինդ կանգնել, ամուր լինել եւ չտրվել ոչ մի սադրանքի», - հայտարարեց պատգամավորը` շարունակելով. «Ժողովրդի բողոքի ալիքն ու բարկությունը մեկ բանի հետեւանք էր. մեր դեմ խաղ չկա, էդ ո՞նց եք դուք համարձակվել, վեր կենալ, խոսել ձեր ազատությունից: ...Որեւէ միջնորդություն, որեւէ ապօրինություն, որը հետեւելու է այս միջնորդությանը, չի խանգարելու, որ մեր երկրում այնուամենայնիվ Սահմանադրությունը հաղթի, օրենքը գործի եւ մենք ապրենք այն ազատ երկրում, որի մասին երազում էին հոկտեմբերի 27-ին այստեղ զոհված բոլոր ձեր գործընկերները նախկին», - ասաց Անահիտ Բախշյանը: «Լայնածավալ հուզումների մեջ մեղավոր է իշխանությունների վարած ոչ ճիշտ քաղաքականությունը», - գնահատական ներկայացրեց Վարդան Խաչատրյանը: «Մենք այսօր նայում ենք հեռուստատեսությունը եւ տեսնում ենք այդ ճեղքի մեջ խրվող նոր սեպեր», - նկատեց պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը կոչ արեց գնալ երկխոսության եւ չխորացնել պառակտումն ու առկա ճգնաժամը: «Կոչ ենք անում ԱԺ գործընկերներին չխորացնել վրդովված հայ ժողովրդի եւ իշխանության միջեւ անջրպետը, այլապես դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով», - նշում էր «Ժառանգության» հայտարարությունը: Ստեփան Սաֆարյանի խոսքերով` անթույլատրելի է իշխանության որոշ շրջանակների կողմից այս իրավիճակում ամեն գնով հաղթող դառնալու մոլուցքը: «Ժառանգությունը» նաեւ կոչ արեց դատախազին ետ վերցնել միջնորդությունը: Ինչը չարվեց: Լղոզված ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` միեւնույն ժամանակ նշելով, թե ամեն ինչ կտար, որ նման քննարկում չլիներ: Նրա խոսքերով` պետք է հնարավորություն տա ողբերգության բոլոր մանրամասները բացահայտելու: «Այսօր շատ կարեւոր է, թե ովքեր են մեղավորները: Եվ անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է ամենայն խստությամբ պատժվեն մեղավորները», - ասաց Թորոսյանը: Քվեարկությունից հետո պատգամավորները գլուխները կախած, դժգոհ դեմքերով գնացին տուն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |