|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գարուն ա, ձուն ա արել...23:14 Yerevan | 19:14 GMT | Tuesday 4 March 2008 1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, որ գարուն ա, ձուն ա արել... Քաղաքի սրտում` Ազատության հրապարակում, առավոտյան ժամը յոթին սարսափազդու ձայներ էին գալիս. ոստիկանները, սեւ համազգեստով, սեւ դիմակներով զինվորականները մահակներով խփում էին վահաններին: Լույսը նոր էր բացվում: Հետո վայրենի ծեծ, ջարդ, արյուն: Շրջափակել էին, որպեսզի հանկարծ ոչ ոք չփախչի, բոլորին հոշոտեն, անխտիր, ինչպես պատահի` մահակով, ոտքով, արցունքաբեր, թունավոր գազով... «Իմացա, որ հրապարակը շրջափակել են, տղաս էլ այնտեղ է: Մեքենայով գնացինք: Լացում էի, երբ տեսա ոնց են ջարդում մարդկանց: Տեսա տղայիս: Մոտեցանք: Մեկ էլ էն տեսա, որ ամուսնուս, տղայիս 5-6 հոգով գցել են ոտքերի տակ... Սեւ դիմակավոր, աժդահա տղամարդիկ էին: Ձեռքերս տարածեցի, որ գոնե մի քիչ էլ ինձ խփեն: Մահակով խփեցին դեմքիս: Երբ տեսան, որ երեքս էլ արյունլվիկ ենք, ասացին` «Վերջ, արյունոտ են»: Կարծես հանգստացան, թողեցին մեզ, մյուսն էլ զզվանքով ասաց` «Զգույշ, արյունդ չքսես շորերիս»: Մի տղա` սպիտակ սվիտերով, էլ չէր շարժվում նրանց ոտքերի տակ, բայց խփում էին: Կարծես դիակ էին ծեծում: Էնքան էլ հաստ, կոպիտ սապոգներ էին... Ոտքերս ծալվեցին, չէի կարողանում դուրս գալ: «Շտապօգնության» մեքենաները կանգնած էին, բայց ոչ ոք դուրս չէր գալիս, որ վիրավորներին օգնություն ցույց տար: Տղաս գոռաց` «Դուրս եկեք, մամայիս օգնեք, ինչ է, վախենու՞մ եք...»: Նոր դուրս եկան, մեզ տարան թիվ 3 հիվանդանոց», - պատմեց Նաիրա Աղաջանյանը: Բժիշկների ախտորոշմամբ որդին` Գոռ Աղաջանյանը (1990 թիվ) եւ հայրը` Աղաջանյան Գնելը գլխի գագաթնային շրջանի ենթամաշկային հեմատոմիա ախտորոշմամբ տեղափոխվել են տուն: Այս հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն են ստացել նաեւ Վարդանյան Սուրենը (1982 թիվ, ախտորոշումը` բազկի սալջարդ), Վարդան Հարությունյանը (1969 թիվ, նախաբազկի սալջարդ), Ռոման Մնացականյանը (1980 թիվ, գլխի գագաթնային շրջանի սալջարդ, վերք): Թիվ 3 հիվանդանոցում երկու հիվանդներ էլ կային, ովքեր հարձակման ժամանակ էմոցիոնալ շոկ են ապրել եւ սրտի անբավարար աշխատանքով տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում էր: Փորձեցինք զրուցել հիվանդի հետ, սակայն հսկող բժիշկը թույլ չտվեց` մեկ պատճառաբանելով, թե հիվանդին նոր հուզումներ պետք չեն, մեկ պնդելով, թե ինքը իրավունք չունի առանց գլխավոր բժշկի հրամանի նման բաներ թույլ տալ: Թերապեւտիկ բաժնում մյուս հիվանդն էր: Նրա պալատի դռան առջեւ ոստիկաններ էին կանգնած եւ քաղաքացիական հագուստով մի տղամարդ, ով, ներկայանալով իբրեւ հիվանդի բարեկամ, ասաց. «Արգելվում է, չի կարելի զրուցել հիվանդի հետ, ես թույլ չեմ տալիս»: Հետո հիվանդասենյակից դուրս եկան հիվանդի հավանաբար իսկական քույրերը: Նրանք այդ մարդու ներկայությամբ հրաժարվեցին ոչ միայն թույլ տալ մոտենալու, զրուցելու իրենց եղբոր հետ, այլեւ չցանկացան գնահատական տալ կատարվածին, թե` «Այս պահին մեզ համար ամենակարեւորը մեր եղբայրն է»... Ամենաշատ վիրավորները եղել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի տնօրենը Արա Մինասյանն է` Սերժ Սարգսյանի խնամին: Ծեծվածներին հատուկ տարել են այս հիվանդանոց` վիրավորների թիվը, կատարվածի պատկերը կոծկելու համար: Այս հիվանդանոցից որեւէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չեղավ: Հանրապետական հիվանդանոցում բժիշկներից մեկը միամտաբար ուղեկցեց վիրավորներից մեկի` Բաբկեն Աթոյանի մոտ: «Նրանք սեւ հագուստով, սեւ դիմակներով էին` զինված մահակներով, վահաններով, սաղավարտներով: Շրջափակել են հրապարակը ու ոչ մի հնարավորություն չեն տվել, որ ժողովուրդը գոնե դուրս գա: Նրանց կողմից ոչ մի նախազգուշացում չի եղել: Միակ նախազգուշացումը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Երբ նրանք շրջապատել էին հրապարակն ու մահակներով խփում էին վահաններին` ահ ու սարսափ տարածելով, նա ասաց. «Ժողովուրդ, խոհեմ եղեք, նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են»: Մեզ հորդորեց նույնիսկ ձեռքի մի ավելորդ շարժում էլ չանել: Նման բաներ մարդուն են ասում, բայց նրանք անասուն են: Խփում էին ոնց պատահի, որտեղ պատահի: Այնտեղ «Շտապօգնության» մեքենաներ չկային: Մի մարդ քարշ տալով ինձ հասցրել է Անի հյուրանոց, այնտեղից տաքսի կանչել, վճարել եւ ուղարկել թիվ 1 հիվանդանոց: Այնտեղ ասացին` «Նման հիվանդներ մենք չենք ընդունում»: Հավանաբար իշխանություններից ցուցում է եղել, որ վիրավորներին տանեն Էրեբունի հիվանդանոց, «Գրիգոր Լուսավորիչ». դրանք Սերժիկի, Քոչարյանի բարեկամներին պատկանող հիվանդանոցներ են...»: Այդ պահին ներս մտավ մի բժիշկ եւ դուրս հրավիրեց հիվանդասենյակից` չի կարելի: Հետո երկար, տհաճ քաշքշուկներ, մինչեւ պատասխանատու բժիշկը թույլ տվեց խոսել նաեւ մյուս վիրավորների հետ: Ինձ հաճելիորեն զարմացրեց հիվանդանոցի անվտանգության աշխատակցի պահվածքը, ով հատկապես շահագրգռված էր, որպեսզի անպայման տեսնենք եւ զրուցենք վիրավորների հետ: Ի վերջո` թույլ տվեցին: Արամ Բարեղամյան. «Առաջին օրվանից հրապարակում եմ: Հրազդանից եմ: Ժամը մոտ ութն էր: Տեր-Պետրոսյանը մեզ կոչ արեց, որ հանկարծ չհարձակվենք: Բայց նրանք վրա տվին ու ծեծելով քշում էին, չէին նայում` կին, աղջիկ, երեխա... Իմ առջեւ կին էր ընկած, նրան խփում էին: Ասացի` «Կնոջը մի հարվածեք», խփեցին իմ գլխին... Ինձ թվում է` նրանք ղարաբաղցիներ էին, բարբառից եմ ենթադրում: Իսկ երբ հիվանդանոցում էի, տեսա Հատուկ գնդից մի մայորի եւ էլի մեկին, որ չհասկացա` ով էր: Նրանք առանձնացել էին բժիշկներից մեկի հետ եւ խոսում էին: Հավանաբար բժշկին ասում էին, որ վիրավորների թիվը հնարավորինս քիչ ասեն»: Նվեր Սարգսյան, 36 տարեկան. «Ժամը մոտ 14: 00-ն էր, ֆրանսիական դեսպանատան բակում: Ոստիկանները հարձակվեցին: Ինձ վառելափայտով են ծեծել... Իմ աչքի առաջ տասը տարեկան մի երեխայի, 23 տարեկան մի երիտասարդի մահացու ծեծեցին...»... Պատրաստվում էի հեռանալ, երբ Նվերը, որ հազիվ էր խոսում, ասաց. «Մենք արդարություն ենք պահանջում...»... Ես կարող էի զետեղել նաեւ վիրավորների լուսանկարները, սակայն լրագրության էթիկայի համաձայն` արգելվում է ցուցադրել բռնության, վայրագության տեսարաններ, որ հոգեկան ցնցման պատճառ կարող է դառնալ... մարդու համար...
03.03.2008 Հայկական հեռուստատեսությունների եթերում օճառային օպերայի հերթական սերիալն էր՝ ժպտում են, գնում-գալիս, ապուշ-ապուշ դուրս տալիս: Իսկ կյանքում, իրական կյանքում ջարդ էր, կոտորած, արյուն: Նորից վիրավորներ, զոհեր... Իսկ հայկական հեռուստատեսությունների եթերում թալանված խանութներ էին, խոտերում թաքցրած զենք-զինամթերք եւ ծեծվող ոստիկաններ: Պատկերի զավեշտն ամբողջացնում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի 2008թ. մարտի 1-ին Երեւանի հիվանդանոցներում ժամը 06.00-ից մինչեւ 21.30-ը 42 տուժածներից 14-ը զինվորականներ էին, 28-ը՝ քաղաքացիներ. մինչեւ ատամները զինված քաղաքացիներն այդքան շատ եւ այդպես դաժանորեն ծեծվել են: Բայց ահա ժամը 21.30-ից մինչեւ 01.00-ն 89 տուժածներից 58-ը զինվորականներ էին, 31-ը՝ քաղաքացիներ. այս անգամ «անպաշտպան» ոստիկաններն են դաժանաբար ջարդվել, հրազենային կրակոցներից, երբ ժողովուրդը պաշտպանվելու համար ասֆալտ էր քանդում... Հետո ոստիկանների ճակատագրով մտահոգ Ռոբերտ Քոչարյանն այցելեց խեղճ, ծեծված ոստիկաններին, եւ տեսարանը՝ որպես զավեշտների զավեշտ, հեռուստաէկրաններին էր: Դեռ կգտնվեն պոետներ, որ ասքեր կգրեն անձնվեր ոստիկանների մասին: Եվ դեռ այդ պոետները մրցանակներ կստանան, այն էլ՝ պետական: Սակայն երկրի նախագահի խորը, անհանգիստ մտահոգությունը չտարածվեց մյուս տուժածների՝ պաշտոնական տվյալներով 59 քաղաքացիների վրա: Տուժածների ոչ պաշտոնական, ուստի եւ ավելի ստույգ թիվը, նրանց առողջական վիճակը դժվար է պարզել: Հանրապետական հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն, վիրաբույժ, պրոֆեսոր Պողոսյանը հիվանդանոցում գտնվող վիրավորներին տեսնելու մեր պահանջ-խնդրանքին, խնդրանք-պահանջին պատասխանեց, որ իր միակ ցանկությունն է, որ չլինեն այլեւս այդպիսի վիրավորներ, այդպիսի պատճառներով, նման հետեւանքներով... Զրուցեցինք նույն հիվանդանոցի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դ.Պատրիկյանի հետ: «Մարտի 1-ից մինչեւ լույս 2-ի գիշերը մեզ մոտ բերվել են 8 վիրավորներ՝ հիմնականում թեթեւ վնասվածքներով՝ գլխուղեղի ցնցումով, վերքերով. գանգուղեղային վնասվածքների մեջ սա թեթեւ վնասվածք է համարվում: Չէի ասի, թե նրանց մեջ կային ծանր հիվանդներ: Ճիշտ է, հուզված էին, գրգռված, սթրեսային վիճակում էին: Բայց ժամը 21.30-ի սահմաններում 3-րդ հիվանդանոցից մեզ մոտ տեղափոխեցին մի հիվանդի՝ շատ ծանր վիճակում: Հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Նա ունեցել է գլխի ծանր, թափանցող վնասվածք՝ գանգի ոսկրերի կոտրվածքով, ուղեղանյութի վնասվածքով, արյունահոսությամբ: Անմիջապես վիրահատվել է: Արվել է ամեն ինչ՝ արյունահոսությունը դադարեցնելու, կոտրված ոսկրաբեկորները հեռացնելու տեսակետից: Ցավոք, անհայտ է այդ հիվանդի ինքնությունը, հարազատները չկան: Այս պահի դրությամբ երկու հիվանդներ՝ ՈԶ զինծառայողներ, արդեն դուրս են գրվել: Նրանք բավարար վիճակում էին: Իհարկե, երիտասարդ երեխաներ էին՝ հուզված, բայց որեւիցե վնասվածք նրանք չունեին, նույնիսկ կապտուկներ չունեին», - փաստեց Պատրիկյանը: Ինձ թույլ չտվին հիվանդանոցում գտնվող վիրավորներին տեսնելու, զրուցելու՝ պատճառաբանելով, թե զրույցը կարող է վատ անդրադառնալ հիվանդների ինքնազգացողությանը... - Բայց ասացիք, որ նրանց վնասվածքները թեթեւ են, վիճակը ձեր գնահատմամբ բավարար է, ուրեմն ինչու՞ պիտի հուզվեն: - Նույնիսկ իրավապահ մարմիններն առանց բժշկի թույլտվության իրավունք չունեն խոսելու թեկուզ հանցագործ հիվանդի հետ: «Իսկ ոստիկանների ներկայությունը հիվանդի մոտ հուզմունքի, պոռթկումների պատճառ չի՞ դառնա», - մտածում էի ես` դուրս գալով հիվանդանոցից: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |