|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեզուն կտրած ծիտիկներ23:02 Yerevan | 19:02 GMT | Tuesday 4 March 2008 Երեկ փորձեցինք ճշտել մեր օրենսդիրների ու նախկին օրենսդիրների վերաբերմունքը մարտի 1-ին, վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների հանդեպ կատարված բռնարարքների կապակցությամբ: Պարզվում է` դեպքից 8 ժամ անց, երբ քաղաքացիական դիրքորոշումից ու հասարակ մահկանացուի հետաքրքրասիրությունից զուրկ արարածն էլ ակամա տեղեկացած կլիներ իր երկրում տեղի ունեցող դեպքերի մասին, հայրենի պատգամավորներից ոմանք բացարձակ անտեղյակ էին կատարվածին: Առավել քան վստահ ենք, որ շատ լավ էլ տեղյակ էին, պարզապես անզոր էին խոսակցական ապարատը գործի դնել ու որեւէ հոդաբաշխ նախադասություն արտաբերել: Զորօրինակ ՀՀԿ-ական պատգամավորները: Ամեն ինչից տեղյակ, ՀՀԿ-ի աննման պրոգնոզիստ Գալուստ Սահակյանը ժամը 16-ի սահմաններում դեռ տեղյակ չէր առավոտյան կատարված դեպքերի մասին: Երբ զանգահարեցինք, ասաց, որ տեղյակ չի, քանի որ Երեւանում չի եղել ու «նոր-նոր մոտենում եմ քաղաքին»: Մեկ այլ ՀՀԿ-ական` Սամվել Նիկոյանը նույնպես չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ ու «ցրեց». «Գիտեք, դեպքերին տեղյակ եմ այնքանով` որքանով, քիչ ինֆորմացիայի եմ տիրապետում, փորձում եմ թերթերից ինֆորմացիա ստանալ դեպքի մասին»: Ի գիտություն պրն Նիկոյանի` համենայնդեպս ասենք, որ օրվա թերթերը չէին կարող ինֆորմացիա պարունակել մարտի 1-ին արձանագրված դեպքերի մասին: Թերթերը պատմում են մեկ օր առաջ տեղի ունեցածի մասին, կարգն է այդպիսին: Նիկոյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես ինքը հավաստեց, ասաց, որ ՀՀԿ գրասենյակում խորհրդակցության է: Երբ հարցրինք, թե ի՞նչ տրամադրություն է տիրում այդ պահին ՀՀԿ գրասենյակում, պրն Նիկոյանը տարակուսեց` «Ի՞նչ կապ ունի տրամադրությունը, այն տրամադրությունը, որն արդեն 15 տարի տիրում է»: Երբ հեռախոսով կապվեցինք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ տանն է, հիվանդ պառկած է ու տեղի ունեցած դեպքերին ծանոթ է միայն հեռուստացույց դիտելով: Երբ տկն Բիշարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ ըստ հեռուստատեսությունից ստացած տեղեկությունների, վերջինս ասաց. «Թողեք օրվա վերջում, երբ բավարար տեղեկացված կլինեմ, նոր, էլի»: Տիկին Բիշարյանը, սակայն, պարզվեց` ոչ թե տանը հիվանդ պառկած է, այլ ՕԵԿ գրասենյակում է, որտեղ էլ ՕԵԿ-ականներով` մասնակցությամբ Արտաշես Ավոյանի, Հովհաննես Մարգարյանի եւ մյուսների, քննարկում էին երեկվա դեպքերը, եւ թե «ինչքան մարդ-մուրդ կա ֆրանսիական դեսպանատան մոտ», արդյո՞ք Քոչարյանը պարետային ժամ կմտցնի, թե չի մտցնի եւ այլ խոհանոցային հարցեր: Քիչ անց Հեղինե Բիշարյանը հեգնական տոնով ահա այսպիսի հարցում արեց. «Ասում են` Լեւոնը տունը նստած ա, ժողովուրդն էլ ընգել ա քուչեքը»: Ահա այսպիսի բառապաշար է գործածում նախկին մանկավարժը, ժողովրդի «ընտրյալ» պատգամավորը եւ վերջապես` պարզապես հայ կինը: Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից, երեկ նրա 50-ամյակն էր, ինչի առիթով շնորհավորում ենք: Պատգամավորը, որի դուստրը եւս մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա դեպքի մասին ինքը դեռ մի քանի օր առաջ էր կանխատեսում արել, հարցազրույցներ տվել մամուլին, սակայն երեկ կատարվածի մասին տեղեկացել է բավական ուշ` թերթավաճառից: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ինձ հիշեցրեց 2004թ.-ի ապրիլի 13-ի դեպքերը, որոնց ականատես եմ եղել: Դա չպետք է լիներ, դա չէր ճիշտ ճանապարհը, պետք էր բացառել ցանկացած բռնություն, առճակատում: Երեկ ես ինձ ծեծված էի զգում: Ես միշտ այդպիսի պահերին հիշում եմ Կարեն Դեմիրճյանի` հոկտեմբերի 27-ի օրը ասած վերջին խոսքերը. «Տղաներ, հարցերն այսպես չեն լուծում»: ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը կատարվածի կապակցությամբ ասաց. «Ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, թե ինչի համար է այս ամենը: Ես հույս ունեմ, որ կողմերն, ի վերջո, բանակցությունների կգնան ու հարցը կլուծվի առողջ բանակցությունների ճանապարհով»: Երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորից` Էռնեստ Սողոմոնյանից, պարզվեց նա Մոսկվայում է եւ որպես դիտորդ հետեւելու է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին: Պարզվեց նաեւ, որ պրն Սողոմոնյանը, որի որդին Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն է, ընդհանրապես տեղյակ չէր երեկվա դեպքերից: Հավանաբար որդին խնայել էր հորն ու չէր ցանկացել ծանրաբեռնել «դիտորդի» մտքերն «անպետք» տեղեկություններով: Ինչեւէ, պրն Սողոմոնյանը մեր միջոցով տեղեկացվեց, որից հետո, երբ մեկնաբանություն խնդրեցինք, ասաց. «Ինձնից ի՞նչ ես ուզում»: Մեկնաբանություն կատարվածի մասին` ասացինք: «Բալես, չեմ հասկանում դու անելիք չունե՞ս, պարապ ե՞ս: Դա է իմ պատասխանը»: Փաստորեն, ըստ Սողոմոնյանի տրամաբանության, նրան արժե զանգել միայն պարապ ժամանակ կամ անելիք չունենալու դեպքում: Սերժ Սարգսյանի հետ նոր կոալիցիոն կառավարություն «շինելու» գործին լծված կուսակցության` «Ազգային միաբանության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանի վերաբերմունքն այսպիսին էր. «Ես չեմ կարող այս պահին որեւէ բան ասել, սպասում եմ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եզրակացությանը: Մի քանի րոպե առաջ հեռուստացույց էի նայում, աչքովս ընկավ, տեսա, որ ֆրանսիական դեսպանատան մոտ է: Սպասում եմ նրա եզրակացությանը, ինքը պրոֆեսիոնալ մասնագետ ա, ինչ որ ասի, ըստ դրա էլ կհայտնենք մեր կարծիքը»: Իսկ մինչ Հարությունյանի հայտարարություն անելը, որպես ՀՀ քաղաքացի, կարելի՞ է լսել ձեր ասելիքը կատարվածի մասին: «Ասացի չէ՞, որ Արմեն Հարությունյանը հայտարարություն կանի, նոր կասեմ», - կարճ կապեց Մուրադխանյանը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւս չցանկացավ որեւէ մեկնաբանության տալ` ասելով. «Մենք մեր կուսակցության անունից հանդես կգանք հայտարարությամբ»: Արտահերթ կարգով, որպես ՀՀ քաղաքացի կարելի՞ է իմանալ Ձեր վերաբերմունքը տեղի ունեցածին` հարցրինք նրան: «Գիտեք, ես քաղաքացի եւ կուսակցական լինելը չեմ տարանջատում իրարից», - պատասխանեց Ռուստամյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |